Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մաքսիմալ հաճույք»՝ մանկապարտեզի շրջակայքում

Մայիս 11,2004 00:00

Քաղաքապետարանի տվյալների համաձայն՝ Երեւանի փողոցներում այսօր տեղադրված է 700-ից ավելի գովազդային վահանակ։

Դրանց թվում են նաեւ Լեզվի տեսչության պատրաստած գովազդները՝ «Անաղարտ պահենք հայոց լեզուն», «Պահպանենք մայրենին» ոգեւորող կոչերով ու կարգախոսներով, որոնք, սակայն, ոչ մի ազդեցություն չեն թողնում ո՛չ գովազդատուների, ո՛չ գովազդ պատրաստողների, առավել եւս՝ գովազդը վերահսկողների վրա։ Լեզվի տեսչության ցուցատախտակների կողքին տեղադրվում են TAMARA CITY-ների, Avshar-ների, KILIKIA-ների, YEREVAN HOTEL-ների օտարալեզու վահանակները, արհամարհելով ոչ միայն մայրենի լեզվի, այլեւ ՀՀ «Գովազդի մասին» օրենքի շատ կետեր։ Անդրադառնանք դրանցից մեկին։ ՀՀ «Գովազդի մասին» օրենք, հոդված 14,2. «Արգելվում է ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի գովազդի տեղակայումը մանկապատանեկան ռադիոհեռուստահաղորդումներում, անչափահասներին վերաբերող տպագիր հրատարակություններում, ինչպես նաեւ մանկական, ուսումնական, բուժական, մշակութային, մարզական կազմակերպություններում եւ դրանց տարածքում»։ Այնինչ, Լենինգրադյան 1 հասցեում գտնվող «Սեբաստիա» կրթահամալիրի անմիջապես մուտքի մոտ տեղադրված էր LM ծխախոտի գովազդային վահանակը, որը կրթահամալիրի տնօրենի հետեւողական բողոքների արդյունքում փոխարինվեց «MAXIM» ծխախոտի գովազդով, վերջինս էլ միայն 10 օր հետո ապամոնտաժվեց։ Սրանցից բացի, 20 մետր հեռավորության վրա՝ դարձյալ դպրոցի տարածքին կից, այսօր տեղադրված են «BOND» փափուկ ծխախոտի, քիչ այն կողմ էլ՝ «ՀցրրՍՌռ րՑՈվՊՈՐՑ» ալկոհոլային խմիչքի գովազդային վահանակները։ «Սեբաստիա» մսուր-մանկապարտեզ-դպրոցում սովորում են 320 երեխաներ, որոնք ամեն օր, այսպես թե այնպես, ստիպված են շփվել այս գովազդների հետ, ավելին՝ 2-րդ հարկի դասարանի պատուհաններից դասի ժամանակ նայել ու երազել «մաքսիմալ հաճույքներ», «փափուկ ամերիկյան ծխախոտներ» ու ալկոհոլային խմիչքներ վայելելու մասին։

«Ես ժամանակին պայքարել եմ կրթահամալիրին կից կառուցվող ավտոկայանի դեմ, որ մեքենաների արտադրած թունավոր գազը չվնասի մանուկների առողջությանը, եւ այն շուտով վերածվեց մանուկների համար նախատեսված պուրակի։ Պայքարել եմ բենզալցակայանի դեմ՝ փորձելով պաշտպանել երեխաների անվտանգությունը։ Դա նույնպես փակվեց։ Հիմա էլ էս գովազդները։ Մենք այստեղ սովորեցնում ենք բարոյականության սկզբունքներ, հայի ոգին ենք մտցնում յուրաքանչյուր երեխայի մեջ, հայ կնոջ կերպարն ենք բացատրում, այնինչ դասարանի պատուհանից երեւում է մի հանդուգն կնոջ պատկեր, որը հաճույք է ստացել միայն այդ սիգարետը ծխելուց ու դեռ ուրիշներին է ուզում ներքաշել իր կեղտի մեջ»,- ասում է «Սեբաստիա» կրթահամալիրի ուսմասվար Վերոնիկա Գեւորգյանը։ Ի դեպ, այստեղ գործում է նաեւ Բաբկեն Չուքասզյանի անվան «Սեբաստիա» թանգարանը։ Իսկ ՀՀ «Գովազդի մասին» օրենքի հոդված 11-ում նշված է. «Արգելվում է գովազդ տեղադրել թանգարաններում եւ դրանց տարածքում»։

Շարքը կարելի է շարունակել: Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցին կից տեղադրված է «LM» ծխախոտի գովազդը։ Քաղաքապետարանը այս դպրոցի աշակերտներին չի զրկել նաեւ «Վոգի ռիթմին» հետեւելու հնարավորությունից։ Իսկ «BOND» ծխախոտը գովազդող օրացույցը կախված է ոչ այլ տեղ, քան հենց Երեւանի մանկական պատկերասրահում՝ մանուկների անկեղծ ու յուրօրինակ նկարների կողքին։

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել