Այն տեղի ունեցավ Հարավային Կովկասի տարածաշրջանում Աջարայի նախագահի հրաժարականի արդյունքում
Պաշտոնական Թբիլիսիի եւ Բաթումի միջեւ ծայր առած հակադրությունը, որն սկսվել էր դեռ անցյալ տարվա նոյեմբերից, ժամանակ առ ժամանակ սպառնում էր վերածվել զինված հակամարտության Կենտրոնի եւ Աջարիայի ինքնավար մարզի միջեւ: Եվ հակառակ այդ անընդհատ սպասումների՝ առավել եւս Աջարիային ՌԴ կողմից ցուցաբերվող գոնե բարոյական աջակցության պայմաններում, անցյալ շաբաթ այդ հակադրությունը լուծվեց ոչ միայն անարյուն, այլեւ՝ Մ.Սահակաշվիլու փայլուն հաղթանակով: Ասլան Աբաշիձեի հրաժարականը, քաղաքագետների գնահատմամբ, տարածաշրջանում նոր իրավիճակ ստեղծեց: Թե ինչո՞ւմ է կայանում այս նոր իրավիճակը եւ թե որքանո՞վ դա կառնչվի Հայաստանին, պարզաբանեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
Ըստ նրա, Աբաշիձե-Սահակաշվիլի հակադրությունն այսքան արագ, արդյունավետ եւ խաղաղ ճանապարհով լուծվեց երկու պատճառով:
Դրանցից առաջինը պայմանավորված է նրանով, որ Վրաստանում վերջին մի քանի ամիսների ընթացքում ընթանում էին ժողովրդավարացման լուրջ պրոցեսներ, որոնց շնորհիվ իշխանության եկան ազատական եւ ժողովրդավարական արժեքներ դավանող, նաեւ արեւմտյան կողմնորոշումներ ունեցող այնպիսի ուժեր, որոնց լեգիտիմությունն ու հասարակության շրջանում ունեցած վստահությունը նրանց թույլ տվեց շատ համարձակ քայլեր անել, այդ թվում՝ նաեւ Աջարիայի հարցում:
Ստ. Գրիգորյանի դիտարկմամբ, «Մ. Սահակաշվիլին շատ արագ հակադրվեց Աբաշիձեին ոչ միայն այն պատճառով, որ վերջինս ընտրությունների ժամանակ նրա դեմ էր կամ անջատողական նկրտումներ ուներ, այլեւ՝ այն պատճառով, որ Աբաշիձեն ավտորիտար առաջնորդ էր: Նա Աջարիայում 13 տարիների ընթացքում ստեղծել էր կլանային, կրիմինալ համակարգ: Այն ժողովրդավարական միտումները, որոնք սկսեցին աճել Սահակաշվիլու ընտրություններից հետո, բնականաբար, պետք է բախվեին այդ ավտորիտար ռեժիմի հետ, բացի այն, որ Սահակաշվիլին պետք է փորձեր նորից միավորել Վրաստանը:
Մյուս կողմից, հակադրության խաղաղ կարգավորման գործում որոշիչ դեր խաղաց այն, որ աշխարհի շահերը մեր տարածաշրջանում համընկան Մ. Սահակաշվիլու՝ Վրաստանի ներսում ունեցած շահերի հետ, առավել եւս, որ Վրաստանը հստակ ընտրել է արեւմտյան, եվրոպական կառույցներում, այդ թվում՝ ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին ինտեգրվելու ճանապարհը: Չպետք է մոռանալ, որ Արեւմուտքը մեր տարածաշրջանում մի շարք ծրագրեր է իրականացնում՝ Բաքու-Ջեյհան նավթամուղի, Ղարս-Թբիլիսի-Բաքու գազամուղի կառուցում, մի շարք երկաթգծային եւ ավտոմոբիլային հաղորդակցության ճանապարհների բացում, որոնք կոչված են կապել Արեւմուտքն ու Արեւելքը: Այդ եւ վերջին մի քանի տարիներին մեր տարածաշրջանում ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի կողմից իրականացվող այլ ծրագրերին, նաեւ՝ Վրաստանի եւ Ադրբեջանի հետ ռազմական ոլորտում համագործակցությանը փորձում էր խանգարել Աջարիան: Պարզ է, որ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն չէին հանդուրժի այսպիսի խոչընդոտ»,- պարզաբանեց պրն Գրիգորյանը՝ ակնարկելով, թե միջազգային հանրությունն իր հայտարարություններով թույլ չտվեց Աբաշիձեին հակադրությունը լուծել այլ եղանակով:
Բայց մենք հիշում ենք, որ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու կոչեր եղել են նաեւ պաշտոնական Մոսկվայի կողմից: Ուրեմն, ինչո՞ւմ է կայացել Արեւմուտքի աջակցությունը Մ.Սահակաշվիլուն, եթե մի պահ մոռանանք բարոյական աջակցության մասին: Որքանո՞վ էր մեծ երրորդ ուժի գործոնն այս հարցում:
«ԱՄՆ-ը շահագրգիռ էր, որ այս հարցը լուծվի եւ լուծվի խաղաղ ճանապարհով: Նա նաեւ լավ էր հասկանում, որ Աբաշիձեի նման «մանր բռնապետիկին» այս տարածաշրջանում պահում էր ՌԴ-Ն»,- ասաց քաղաքագետը՝ վստահեցնելով, թե այդ հարցում ԱՄՆ-ՌԴ բարձր մակարդակի բանակցություններ են եղել, որոնց արդյունքում Աջարիան ՌԴ-ին զիջելու դիմաց որոշակի եւ ավելի ռեալ աջակցության խոստում է տրվել: Ըստ նրա, դա կարող էր վերաբերել նավթային եւ այլ կոնկրետ ծրագրերում ՌԴ ակտիվ մասնակցությանը: Իսկ քանի որ ՌԴ-ն Աջարիան եւ Աբաշիձեին պահելու լուրջ ռեսուրսներ միեւնույն է չուներ, նա նախընտրել է դիմադրելու փոխարեն իր համար ավելի ռեալ օգուտներ քաղել: «Իհարկե, Վրաստանն առանց Ռուսաստանի չէր կարող Աբաշիձեի հարցն այսպես խաղաղ լուծել»,- նկատեց Ստ.Գրիգորյանը:
Պարզաբանելով տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակի էությունը, քաղաքագետը նկատեց. «Տարածաշրջանում որակական փոփոխություններ են եղել, որովհետեւ Վրաստանն Աջարիայի հետ նույնը չէ, ինչ Վրաստանն՝ առանց Աջարիայի: Աջարիայի խնդիրը լուծելուց հետո դեպի Արեւմուտք եւ ՆԱՏՕ գնացող Վրաստանն այլեւս լիովին վերահսկում է Արեւմուտք-Արեւելք հաղորդակցական ուղիները եւ հենց դա է որակական փոփոխությունը, ինչը փոխում է նաեւ մեր տարածաշրջանի դերը աշխարհի համար: Երկրորդ, ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի ընդլայնման պարագայում մեր տարածաշրջանը դարձավ հարեւան, իսկ Արեւմուտքը թույլ չի տա, որ իրենց սահմաններին կից լինեն տարածաշրջաններ կամ պետություններ, որոնք բռնապետական են կամ՝ անկանխատեսելի քաղաքականություն են վարում»,- ասաց պրն Գրիգորյանը: Իբրեւ սրա փաստարկ նա վկայակոչեց վերջին մի քանի ամիսների ընթացքում եւ մասնավորապես փետրվարին ԵՄ արած աննախադեպ այն հայտարարությունը, թե այդ կազմակերպությունը ԼՂ հակամարտության մեջ շահեր ունի եւ պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ միասին աջակցել հակամարտության լուծմանը, ինչը նշանակում է, որ մոտ ապագայում կարող է փոխվել նաեւ ԼՂ հարցի կարգավորման ձեւաչափը:
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ