Անցած տարվա նախագահական ընտրությունների օրինակով, կուսակցություններն ու կազմակերպությունները, որ սատարում էին Ռոբերտ Քոչարյանին, այժմ էլ միաբերան «դավաճան» են որակում ընդդիմությանը՝ ստրասբուրգյան «լվացքից» հետո։
Փորձեցինք պարզել, թե ինչու նույն ջանասիրությամբ չէին պախարակում ոչ եվրոպական չափանիշներով մեր ընտրությունները, որ աշխարհի առաջ ամոթով թողեցին Հայաստանին։
Ըստ Վետերանների միության նախագահ, գնդապետ Հրանտ Հովհաննիսյանի, ամեն ինչ պետք է լինի արդարացի եւ ճշմարիտ. «Դատապարտում եմ քվեների ու ձայների փողով գնելը։ Բայց դա մեր տանն է եղել։ Եղել-գնացել է։ Աշխարհն այդպես ընդունել է։ Ժողովրդի բախտը Քոչարյանը չի որոշում, այլ միասնությունը։ Այն, ինչ վնասում է՝ պետք է դատապարտենք։ Այսպես կոչված, դեմոկրատիան սանձարձակություն չէ»։
Հայաստանի առաջադիմական կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանն էլ համոզված է, որ «պետականության կառուցման մեջ չարյաց փոքրագույնը փնտրել չի կարելի։ Եթե տվյալ պարագայում կա առավել ակտուալ խնդիր չծեծել (նա օգտագործեց հենց այս բառը.- Ա. Զ.) պետության վարկանիշը արտերկրում, առհասարակ՝ տնից դուրս, հարկ է դրա մասին խոսել։ Ժամանակին, երբ տեղի էին ունենում այլ խնդիրներ եւ հասարակությանը հուզող հարցեր, մենք մեր դերը խաղացել ենք եւ փորձել ենք բոլոր խնդիրները բարձրաձայնել այնքանով, որքանով ժամանակի ընթացքում լսելի են եղել»։ Խնդրեցինք հիշեցնել «ոչ եվրոպական» ընտրությունների վերաբերյալ իրենց տարածած որեւէ դատապարտող հայտարարություն։ «Ընտրությունները համաշխարհային ստանդարտներով չէին, սակայն մեր երկիրը անկախ պետության կարճ պատմություն ունի եւ դրան հասնելու համար ժամանակ է պետք։ Այդ թերությունների մասին չխոսելու համար առնվազն կեղծավորություն է հարկավոր, բայց այս ամենը չի նշանակում, թե հարկավոր է փոխել եղածը էլ ավելի վատով»։
Նորացված կոմկուսն էլ է «դավաճաններ բացահայտողների» շարքում։ Սակայն կուսակցության առաջնորդ Յուրա Մանուկյանը ժամանակ չգտավ հանդիպելու «Առավոտի» թղթակցի հետ, իսկ հեռախոսով հրաժարվեց պատասխանել մեր հարցին, մտավախություն ունենալով, որ կկրկնվի այլ լրատվամիջոցների հետ հեռախոսային շփման անհաջող փորձը։
Ա. Զ.