Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵԽ ԽՎ-Ն ՍՊԱՍՈՒՄ Է

Մայիս 08,2004 00:00

ԵԽ ԽՎ-Ն ՍՊԱՍՈՒՄ Է ՄԱԱ հյուրը Նատալյա Վուտովան էր ԵԽ գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերի Հայաստանում անձնական ներկայացուցիչ Նատալյա Վուտովան երեկ հերթական անգամ ստիպված էր անդրադառնալ ԵԽ ԽՎ-ում ապրիլի 28-ին ընդունված եւ Հայաստանում տիրող իրավիճակին վերաբերող թիվ 1374 բանաձեւին, առավել եւս, որ Հայաստանում ե՛ւ իշխանությունները, ե՛ւ ընդդիմությունը շարունակում են սույն փաստաթուղթը քննարկել եւ յուրովի մեկնաբանել: Նախ՝ տիկին Վուտովան անդրադարձավ մասնավորապես ՀՀ իշխանությունների կողմից ամենատարբեր մակարդակներում արված այն հայտարարություններին, թե իրենք համաձայն չեն ԽՎ բանաձեւում տեղ գտած որոշ դրույթների հետ, եւ, որ դրանք հիմնված են ոչ ճիշտ տեղեկությունների վրա: «Բանաձեւի համար հիմք դարձած տեղեկությունները ստացվել են տարբեր եւ առանձին աղբյուրներից, այդ թվում՝ ԶԼՄ-ներից, ոչ կառավարական կազմակերպություններից, իշխանության ներկայացուցիչներից, նաեւ մարդկանց հետ անձնական շփումներից եւ այն նյութերից, որոնք ունեն ԵԽ ԽՎ անդամները: Այդ բանաձեւի հիմնական դրույթն ու տառն այն է, որ Հայաստանում պետք է երկխոսություն լինի: Դա կոչ է եւ իշխանություններին, եւ ընդդիմությանը: Բանաձեւն ընդունվել է նախեւառաջ նրանց ուշադրությունը հրավիրելու այն բանի վրա, որ ԵԽ առջեւ ՀՀ ստանձնած պարտավորություններն այլեւս չեն կարող հետաձգվել եւ անհապաղ պետք է կատարվեն: Ի վերջո, պետք է ընդունել նաեւ, որ աշխարհը մեծ գյուղ է, եւ տեղեկությունները շատ արագ են տարածվում, մյուս կողմից՝ նաեւ ԵԽ ԽՎ անդամներն իրենց սեփական աղբյուրներն ու շփումներն ունեն տեղեկություններ ստանալու համար: Մեզ համար կարեւոր է տեղեկությունների ողջ ծավալին տիրապետելը, ինչը մենք անում ենք՝ համադրելով եւ ստուգելով դրանք տարբեր աղբյուրների միջոցով»: ԵԽ ԽՎ բանաձեւում հստակ պահանջ կա հանրահավաքների մասնակցած անձանց նկատմամբ ձերբակալություններ ու վարչական պատժամիջոցներ կիրառելու պրակտիկային վերջ տալու մասին: Այդուհանդերձ, մայիսի 4-ին տեղի ունեցած հանրահավաքից հետո եւս նման ձերբակալություններ եւ վարչական պատժամիջոցներ են կիրառվել: Ն. Վուտովան նկատեց, թե ԵԽ ԽՎ վերջին բանաձեւը շարունակությունն է դեռ 2002-ի սեպտեմբերին, նաեւ 2004-ի հունվարին ԵԽ ԽՎ ընդունած մյուս բանաձեւերի, որովհետեւ այդ բանաձեւերում պարտավորությունների կատարման վերաբերյալ շատ պահանջներ դեռեւս մնում են իբրեւ օրակարգային. «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի եւ այն բարեփոխելու անհրաժեշտության մասին ԵԽ-ն իր կարծիքը հայտնել է շատ վաղուց: Դա արվել է 2003-ի նախագահական ընտրություններից առաջ, երբ նման կալանքներ եղան եւ այսօր՝ տեղի ունեցող իրադարձություններից առաջ: Արդեն երրորդ անգամ ԵԽ ԽՎ-ն ընդգծում է այդ հոդվածները հանելու, ՀՀ պրակտիկայում եվրոպական նորմերն ու, մասնավորապես, Մարդու իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի նորմերը, նաեւ Եվրոպական դատարանի դատական փորձառությունը կիրառելու անհրաժեշտությունը: Մենք իհրակե, շարունակում ենք բանակցել եւ համագործակցել ՀՀ իշխանությունների հետ եւ պատրաստ ենք տրամադրել բոլոր անհրաժեշտ օգնությունը՝ այդ օրենսդրությունը փոխելու եւ նշված չափանիշներին համապատասխանեցնելու համար: Շարունակվող ձերբակալությունների մասին մենք տեղեկություններ ենք ստանում եւ իշխանություններից, եւ այլ աղբյուրներից ու, իհարկե, կսպասենք ՀՀ իշխանությունների բացատրություններին, որոնք կտրամադրվեն ԵԽ ԽՎ-ին մինչեւ այս տարվա հունիս ամիսը»: Եվ, եթե, այնուամենյանիվ, այդ պահանջները չկատարվեն, կամ՝ մասամբ կատարվեն, ապա՝ նրա կարծիքով. «Իմաստ չունի կրկնել բանաձեւի տեքստը, որտեղ հստակ ասված է՝ եթե միջոցառումներ չձեռնարկվեն այդ պահանջների կատարման ուղղությամբ, 2004-ի հունիսին հարց կբարձրացվի ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության մանդատները ճանաչելու վերաբերյալ»: Օրերս ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն էր հայտարարել, թե եվրոպական փորձագետները ճիշտ չեն մեկնաբանել եւ լավ չեն հասկացել մասնավորապես «Հանրահավաքներ, ցույցեր եւ երթեր անցկացնելու» մասին օրենքը, որոնք նրանց գնահատմամբ, չեն համապատասխանում եվրոպական չափանիշներին: Այս առնչությամբ Ն. Վուտովան նկատեց. «Ինչ վերաբերում է կոնկրետ օրենքին, ապա՝ մեզ համար հիմնական նորմ է համարվում Մարդու իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի 11-րդ հոդվածը, որը գրված է՝ «այն ամենն, ինչ արգելված չէ, թույլատրելի է»: Այսինքն, այդ իրավունքը կարող է սահմանափակվել շատ կոնկրետ եւ որոշակի դեպքերում»: Որքա՞ն է ՀՀ կշիռը ԵԽ-ում ժողովրդավարության եւ ստանձնած պարտավորությունների կատարման տեսանկյունից: «Կարծում եմ, դա շատ լավ ձեւակերպված է ԵԽ ԽՎ դիտորդական առաքելության շրջանակներում ՀՀ ստանձնած պարտավորությունների առնչությամբ ընդունված բանաձեւերում, անհրաժեշտության դեպքում՝ ՀՀ-ում կատարվող իրադարձությունների վերաբերյալ նաեւ արտահերթ բանաձեւերում: Կարծում եմ, այդ բանաձեւերի բովանդակությունը հստակ ցույց է տալիս, թե Հայաստանն ինչ ճանապարհ է անցել դեպի ժողովրդավարություն»,- դիվանագիտական զսպվածությամբ արձագանքեց ԵԽ գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել