Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փլուզում Առափիում

Մայիս 08,2004 00:00

Փլուզում Առափիում Շիրակի մարզի Առափի գյուղ մտնելու համար վարորդները ստիպված են ժամերով հերթ կանգնել Պատճառը երեք օր առաջ հորդառատ անձրեւներից գյուղը հարեւան համայնքներին կապող կամրջի փլուզումն է: Քանի որ վնասվել է կառույցի կեսը, ճանապարհը նեղացել է. վարորդները հնարավորություն չունեն միաժամանակ երթեւեկելու: Փաստը մեծ դժգոհությունների առիթ է տվել: Ուղեւորները կասկած անգամ չունեն, որ «Նոյի թվի» կառույցը մի գեղեցիկ օր ուղիղ իրենց գլխին է փլվելու: Հատկապես այն դեպքում, երբ մյուս համայնքների տրանսպորտը այս ճանապարհով է անցնում եւ կամուրջը մշտապես գերծանրաբեռնված է: Նշենք, որ կամուրջը կառուցված է 1976թ. եւ իր պատմության մեջ երբեւէ վերանորոգման չի ենթարկվել: Չնայած գյուղացիների ահազանգերին՝ մինչեւ օրս որեւէ գործնական քայլ կատարված չէ: Մեր տեղեկություններով, հարցի լուծման ուղղությամբ ընդամենը բանավոր պայմանավորվածություն է կայացվել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքները համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանի եւ Շիրակի մարզպետ Ռոմիկ Մանուկյանի միջեւ: Մինչդեռ Շիրակի մարզում նմանատիպ կամուրջների թիվը քիչ չէ: Պարզաբանումների համար դիմեցինք մարզպետարանի տրանսպորտի եւ ճանապարհաշինության վարչության պետ Մարզպետունի Մարգարյանին: Վերջինս այստեղ իր մեղքը բացարձակապես չտեսնելով՝ դժգոհեց, որ ներմարզային ճանապարհների համար այս տարի գումար դեռ չի հատկացվել: Իսկ եթե քիչ թե շատ վերանորոգվել են մարզի միջպետական ու հանրապետական նշանակություն ունեցող ճանապարհները, ապա դա «Լինսի» հիմնադրամի ու Համաշխարհային բանկի «շնորհքն» է եղել: Մարզպետունի Մարգարյանը թվարկեց վթարային կամուրջների մի հսկա ցանկ, որոնք՝ թեկուզեւ անհույս, ընդգրկված են կառավարության 2002-2006թթ. կամրջաշինական ծրագրի մեջ: Ամենավթարավտանգը Ախուրիկի եւ Իսահակյանի կամուրջների վիճակն է: Ախուրիկի կամուրջը հանրապետական, Իսահակյանինը՝ միջպետական նշանակություն ունեցող է: Մարզպետարանի պաշտոնյայի տեղեկացմամբ, այսքան տարվա մեջ գումարներ հատկացվել են Արթիկի տարածաշրջանի 7 կամուրջների վերանորոգման համար, որոնք հեղեղումների պատճառով այլեւս անօգտագործելի էին դարձել: Մարզպետարանի աշխատակիցների մոտավոր հաշվարկներով, Շիրակի մարզի կամուրջները վերանորոգելու համար անհրաժեշտ է 89 մլն դրամ: Իսկ թե ինչո՞ւ վարորդներն էլ առիթից օգտվելով երբեմն հրաժարվում են իրենց պարտականությունները կատարելուց, օրինակ՝ որոշակի համայնքներ շրջանցում են, պաշտոնյան կարճ-կոնկրետ պատասխանեց՝ սեփականատիրոջը ձեռնտու չէ. 4-5 հոգու համար գյուղ չի մտնում: Մարզպետունի Մարգարյանի կարծիքով, այժմ շուկայական հարաբերություններ են, եւ պահանջարկն է ծնում առաջարկ: Ատացվում է, որ շուկայական հարաբերությունները մեր հանրապետությունում ոչ բոլոր գյուղաբնակներին են երթեւեկելու իրավունք տալիս: Մ. Մարգարյանի մեկնաբանությամբ, իրենք ոչինչ չեն կարող անել, քանի որ օրենքով սեփականատիրոջը տույժ-տուգանքի ենթարկելու որեւէ կետ ամրագրված չէ: Այդ դեպքում անհասկանալի է, թե որն է մրցույթ կազմակերպելու իմաստը եւ վերահսկող կառույցի՝ մարզպետարանի դերը: Ն. ԱՐԵՎՇԱՏՅԱՆ Հ. Գ. Աշխարհի «ամենակապիտալիստական» երկրներում անգամ պետությունը հոգ է տանում, որ տրանսպորտի երթուղիները չշրջանցեն բնակավայրերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել