Այսօր «Արարատ» հյուրանոցում գործկոմի արտահերթ նիստ է գումարել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործադիր կոմիտեն:
Թե ի՞նչ հարցեր են քննարկվելու երկու օր շարունակվելիք աշխատանքների ընթացքում, մեր մարզական էջի պատասխանատուին ներկայացնում է ՀԽՀԿ-ի գլխավոր քարտուղար, ՀՀ սպորտպետկոմի նախագահի տեղակալ, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«ԴԵռ անցած ամռանը Համահայկական խաղերի անցկացման օրերին որոշվեց այս գարնանը հրավիրել ՀԽՀԿ-ի արտահերթ նիստ, որում պետք է քննարկվեն բազմաթիվ հարցեր, -ասաց նա:- Նախապես նիստը նախատեսված էր անցկացնել Բեյրութում: Սակայն որոշակի պատճառներով դա հնարավոր չեղավ ու գործկոմի անդամները վերստին Երեւանում են: Օրակարգում ընդգրկված է 13 հարց, որոնցից հատկապես կարեւորում եմ մի քանիսը: Այս տարի կյանքին հրաժեշտ տվեց Համահայկական խաղերի կազմակերպման գաղափարի հեղինակ եւ նախաձեռնող, ՀԽՀԿ-ի փոխնախագահ Աշոտ Մելիք- Շահնազարյանը: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ, ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ միասին ցանկանում ենք նրա հիշատակը հավերժացնելու նպատակով առաջարկել՝ սահմանել Աշոտ Մելիք- Շահնազարյանի անվան մրցանակ: Հավանաբար, այն կտրվի Խաղերի լավագույն մրցավարին: Երկրորդ կարեւոր գործը ՀԽՀԿ-ի նոր փոխնախագահի ընտրությունն է, որն անչափ անհրաժեշտ է հետագա աշխատանքները կազմակերպելու համար:
Մոտակա օրերին քննարկվելու են 2005 թ. Երեւանում համաշխարհային կոնգրեսի կազմակերպման հետ առնչվող հարցեր: Առաջարկություններ կան դրան զուգահեռ անցկացնել բասկետբոլի եւ ֆուտբոլի մրցումներ: Սա իմ կարծիքով, կարեւոր ու անհրաժեշտ է: 2003 թ. գործկոմը որոշեց Խաղերն անցկացնել չորս տարին մեկ: Դա տարաձայնությունների տեղիք է տվել: Ոմանք այն համարում են ճիշտ քայլ, ոմանք հակառակ համոզման են: Այնպես որ, մեր տեսակետով Խաղերի միջեւ երկու տարին մեկ ծրագրի մարզաձեւերից մեկ- երկուսի մրցումներ կազմակերպելը նպատակահարմար է: Առավել եւս, որ Ա. Մելիք-Շահնազարյանի մտահղացման կարեւոր բաղկացուցիչներից մեկն էլ հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդումն ու ընդհանրապես հայության համախբումն է եղել: Հիշում ենք, որ վերջին խաղերին մասնակցում էին 85 քաղաքների թիմեր: Իսկ բասկետբոլի ու ֆուտբոլի ընտրությունը կապված է դրանց առավել մեծ մասսայականության հետ:
Անցած ժամանակահատվածում որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել Խաղերի կանոնակարգում: Ճիշտ է, դրանք չնչին են, սակայն նույնպես պետք է դառնան քննարկման առարկա ու դրվեն քվեարկության:
Շատ եմ կարեւորում Խաղերի միջեւ ընկած ժամանակահատվածում համահայկական տարածաշրջանային խաղեր կազմակերպելու գաղափարը: Արդեն առաջարկություններ կան Սան- Պաուլուից՝ Ամերիկա աշխարհամասի եւ Ժնեւից՝ Եվրոպայի Խաղեր անցկացնելու մասին: Տեղերում կազմակերպչական մեծ աշխատանք է կատարվել: Այսօր եւ վաղը կլսենք նրանց: Ու եթե փաստարկները համոզիչ լինեն, ամենայն հավանականությամբ՝ դրական որոշում կկայացվի:
Եվ վերջապես, նոյեմբեր ամսին Երեւանում կայանալիք Համաշխարհային կոմիտեի համաժողովի անցկացման հարցն է, որի ժամանակ լինելու են ղեկավար մարմինների նոր ընտրություններ, ինչը նաեւ «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանում ընդունված օրենքի պահանջն է: Այդ ժամանակ օրակարգի կարեւոր հարցերից մեկն էլ լինելու է Երեւանում Խաղերի Համահայկական Տուն ունենալը: Առայսօր ՀԽՀԿ-ն տեղավորված է ԱԳՆ-ի մեկ սենյակում, որտեղ նեղվածք է: Արդեն երեք տարի է մտածում ենք նոր շենքի մասին: Ճարտարապետների հետ միասին կազմվել են նախագծեր: Մնում է համապատասխան գումարների հայթայթումը, որը, հավանաբար, առանձնակի դժվարություն չի ներկայացնի, որից հետո համաժողովը կդիմի քաղաքապետին՝ համապատասխան տարածք հատկացնելու խնդրանքով:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ