Երեկ ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը լրագրողներին հրավիրել էր նախորդ ասուլիսից հետո ՀՌԱԿ-ի դիրքորոշման վերաբերյալ առաջացած «թյուրընկալման» համար պարզաբանումներ տալու։
Ըստ այդմ՝ «ՀՌԱԿ-ը չի նահանջել ընդդիմադիր դիրքերից, պարզապես գտնում ենք, որ վստահության հանրաքվեն տանելու է փակուղի»։ Ասվածի հիմնավորումներն են. «Վերջին ընտրությունները բոլորը որակեցին խայտառակ։ Հիմա այդ հանձնաժողովներով հանրաքվե ենք անելու, վաղն էլ հայտարարենք, թե այդ արդյունքներն են կեղծված։ Եվրոպացիներն էլ նորից կփաստեն, որ կեղծիքներ եղել են, բայց արդյունքների վրա չեն ազդել։ Ժողովրդին ի՞նչ ենք ասելու»։ Հ. Առաքելյանի կարծիքով նաեւ, եվրոպական համակարգում, որում համառորեն փորձում ենք ներգրավվել, նման նախադեպ չի եղել, որը արդյունքների բերի՝ «ինչո՞ւ ենք մենք մեզ դնում էքսպերիմենտի տակ»։ Ապա՝ «դա կլինի ընդամենը սոցիոլոգիական հարցում։ Ե՛վ տեսականորեն, ե՛ւ գործնականում հանրաքվեն չի բերելու քաղաքական դաշտի առողջացման, որն է՛լ ավելի է խորացնելու տնտեսության ճգնաժամը»։ Ելքն, ըստ ՀՌԱԿ-ի, Սահմանադրության հանրաքվեն է։ Ի դեպ, ԱԺ-ի դերը ՀՌԱԿ-ը պատկերացնում է 100% համամասնական, որի արդյունքում կմաքրվի քաղաքական դաշտը, արտացոլվելով մյուս բնագավառների վրա։
Հ. Առաքելյանը մեկնաբանեց նաեւ Արա Աբրահամյանի հայտարարությունը, որ «նման մարդ չի ճանաչում» եւ իրեն «դիմելու համար վաստակ պետք է ունենալ»։ «Փոքր ազգ ենք, մի խաչմերուկում կհանդիպենք, կճանաչենք»,- ասաց Հ. Առաքելյանը։ Իսկ վաստակի առումով նկատեց. «Եթե վաստակ ասելով գումարը նկատի ունի՝ գուցե ունենք»։ Եվ հարկ համարեց հիշեցնել, որ ՀՌԱԿ-ը տասնյակ մեծահարուստների հետ համագործակցության մեծ փորձ ունի՝ «եթե կա մեկը, որն ուզում է այդ վաստակավորների շարքը դասվել՝ խնդրեմ»։ Մեր դիտարկմանը, որ Արա Աբրահամյանը կարծիք էր հայտնել ոչ թե ՀՌԱԿ-ի, այլ անձամբ Հ. Առաքելյանի մասին, պրն Առաքելյանը պարզաբանեց, որ որպես Համահայկական կոնգրեսի հիմնադիր հրավիրել են ոչ թե իրեն, այլ կուսակցությանը, հետեւաբար, Ա. Աբրահամյանի կարծիքը չի կարող անձնական հարթության մեջ հնչել։
Ն. Գ.