Իշխանական կոալիցիան եւ ընդդիմությունը գնահատում են կոնսուլտացիաների հեռանկարները
Ընդդիմադիր եւ իշխանական քաղաքական ուժերը երկուստեք խոստացել էին, որ քաղաքական կոնսուլտացիաների 30 կետից կազմված օրակարգը այսօր կներկայացվի հանրությանը։ Սակայն երեկ կողմերը ներկայացնելու որեւէ բան չունեին, յուրաքանչյուրն առանձին քննարկում էր դրանք, իրենց ասելով՝ վերջնական տեսքի բերելու համար։ Նախօրոք ասված էր, թե ի՞նչ կետեր են դրանցում ընդգրկված՝ ԵԽ ԽՎ բանաձեւի պահանջների մի մասը, կոալիցիոն ուժերի վերջին հայտարարության չորս կետերը, նաեւ՝ ընդդիմության 10 պահանջները։ «Ազգային միաբանություն» խմբակցության նախագահ Արտաշես Գեղամյանը կոնսուլտացիայի օրը բացակայում էր քաղաքից եւ երեկ «Առավոտը» փորձեց Մոսկվայից վերադարձած «ԱՄ» նախագահից ճշտել՝ ի՞նչ կտան կոնսուլտացիաները։ Արտաշես Գեղամյանն ասաց, որ նախ հարկավոր է ճշտել. «այն մարդիկ, ում հետ պետք է կոնսուլտացիա արվի, ի զորո՞ւ են ինքնուրույն, օրենքից բխող որեւէ հարց լուծել։ Ավա՜ղ, մինչեւ այժմ տեղեկատվական կալանք է դրված մասնավորապես «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահի խոսքի վրա։ Ոչ մի հեռուստաընկերություն ուղիղ եթեր չի հրավիրում, մինչդեռ ժամերով լուտանք է թափվում իմ հասցեին։ Խոսում են երկխոսությունից, բայց շարունակում են մարդկանց ձերբակալել, ծեծել։ Վերջին հանրահավաքից հետո միայն մեր կուսակցության համակիրներից 10 հոգու ծեծել են ու ձերբակալել։ Այսինքն՝ կամայականությունները շարունակվում են եւ օրինականության հաստատման մասին խոսք անգամ չկա։ Հնարավոր է, որ կոալիցիայի անդամները ներքուստ ուզում են լավ գործ անել, բայց իրենց ձեռքին որեւէ լծակ չկա։ Երկխոսությունը ինքնանպատակ լինել չի կարող։ Այս երկխոսության նպատակները ինձ շատ կասկածելի են թվում։ Մենք կհետաքրքրվենք՝ որեւէ ոստիկան պատասխանատվության կենթարկվի՞, ընդդիմության առաջին դեմքերին ուղիղ եթեր կտրամադրվի՞»։
ՀԺԿ քարտուղար, ԱԺ պատգամավոր Ստեփան Զաքարյանն անդրադարձավ ԵԽ ԽՎ բանաձեւի պահանջներին, նաեւ կոնսուլտացիաների արդյունավետությանը, ասաց. «Եվրախորհուրդը ուներ անհապաղ կատարման պահանջներ եւ եթե այդ պահանջները չկատարվեն, կոնսուլտացիաներն էլ անվերջ չեն շարունակվելու»։
«Արդարություն» դաշինքի երեկ կայացած նիստից հետո խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց, թե քաղաքական երկխոսության թեմա կարող է լինել 2003 թ. ընտրություններից հետո երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղիները։ Իսկ ո՞ւմ հետ է ընդդիմությունը երկխոսելու՝ նախագահի եւ վարչապետի՞, թե՞ կոալիցիոն քաղաքական ուժերի, որոնք երեկ պնդում էին, թե իրենք են նախագահի ներկայացուցիչները։ Վիկտոր Դալլաքյանը նախորդ օրը տեւած հինգժամյա քննարկման որոշ փակագծեր բացեց. «Կոալիցիան երեկ մեզ ասաց, որ հրապարակային հայտարարություն կարվի այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանին եւ վարչապետին ներկայացնում է կոալիցիան։ Տվյալ պարագայում մենք որեւէ խնդիր չունենք նրա լիազորների հետ բանակցություններ վարելու, այսինքն՝ քաղաքական երկխոսության մեջ մտնելու։ Ֆորմատը մեզ համար պրոբլեմ չի առաջացնում»։
Որոշ փակագծեր եւս բացվեցին Վիկտոր Դալլաքյանի կողմից, մասնավորապես ասվեց, որ ԱԺ նախագահի մոտ կոնսուլտացիայի ժամանակ առաջարկ է արվել ընդդիմությանը՝ վերադառնալ խորհրդարան, ձեռնպահ մնալ հանրահավաքներից, քաղաքական կոնսուլտացիան ներկայացնել որպես երկխոսություն. «Կոալիցիայի նպատակն այն էր, որ դրսին ցույց տան, թե հանրահավաքներ չեն լինում, ընդդիմությունը վերադարձել է խորհրդարան, այսինքն՝ մինչեւ հունիսի 21-ը Քոչարյանը կկարողանա ժամանակ շահել, բայց մենք ավելի լուրջ առաջարկներ ենք ներկայացրել»։ Վիկտոր Դալլաքյանն ասաց նաեւ, որ կոալիցիան «սվիններով դիմավորեց վստահության հանրաքվե արտահայտությունն ընդհանրապես եւ կոնկրետ այդ կետի վերաբերյալ եղել է մեկ ժամ 10 րոպե քննարկում։ Եվ այն փաստը, որ վստահության հանրաքվեի օրինականության իրավական հիմքերի հարցը ներառված է քաղաքական կոնսուլտացիայի օրակարգում, մենք համարում ենք դրական երեւույթ։ Դա երկխոսության օրակարգի առաջին հարցի մեջ ենթահարց է»։
«Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի կարծիքով՝ կոնսուլտացիաները պարզապես օրենքով սահմանված նորմ են, բայց չեն կարող լուծումներ առաջարկել. «կոնսուլտացիաները որոշիչ դեր չեն կարող խաղալ երկրում կատարվող պրոցեսներին։ Ճիշտ ֆորմատը երկխոսությունն է, որը ե՛ւ գնահատական է տալիս, ե՛ւ լուծումներ է առաջարկում»։ Այնուամենայնիվ, ընդդիմությունը չի հրաժարվում հանրահավաքներ անցկացնելու իր իրավունքից եւ չի ուզում վերադառնալ խորհրդարան. «Եթե ընդդիմությունն արդեն հայտարարել է, որ պատրաստ է իշխանության հետ երկխոսության, ուրեմն պիտի բոլոր գործողությունները դադարեցնի, մինչեւ երկխոսության ավարտը»։ Ըստ Գալուստ Սահակյանի ընդդիմության հայտարարությունը՝ 10 օրով հանրահավաքները դադարեցնելու եւ հենց նախագահի ու վարչապետի հետ երկխոսության պատրաստակամության մասին, պարզապես միտումնավոր է՝ «որպեսզի հասարակությանը ներկայացվի, թե իբր այնքան հաղթական են եւ այնքան ռեյտինգային, որ մնացած մանր-մունրների հետ չեն ուզում խոսել եւ միայն դեմքերի հետ են ուզում խոսել, չմտածելով, որ այսօրվա իշխանությունների կազմավորման հիմնական գործոնը պետք է փնտրել կոալիցիայի եւ կոալիցիոն ուժերի մեջ»։
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ