Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ի՞նչ է մեզ անհրաժեշտ

Մայիս 07,2004 00:00

Ի՞նչ է մեզ անհրաժեշտ «Անապատը ինքն իրեն ընդարձակվելու հատկություն ունի. վայ նրան, ով իր հոգում անապատ է տանում»,- ժամանակին գրում էր Նիցշեն: Երիտասարդ տարիքում արժեքները ժխտելը, ինքդ քեզ նիցշեական կամ էլ անարխիստ համարելը այդքան էլ վատ չէ: Նույնիսկ լավ է: Երբ հասունանում ես, հասկանում ես, որ սարսափելին «հոգու մեջ անապատը կրող» փիլիսոփայությունը չէ: Եվ սարսափելին ընդհանրապես թաքնված չէ որեւէ փիլիսոփայական հարցադրման, ապրումի, աշխարհընկալման մեջ. լինի այն Սոլովյովի նման՝ Լուսավոր, Հայդեգերի նման՝ Հիվանդ, թե Բրիջմենի նման՝ Աղքատ: Խնդիրը փիլիսոփայության՝ ոգեղենության, տառապանքի շարունակության բացակայության մեջ է: Կա՞ն նման մարդիկ եւ ժողովուրդներ, որոնք դադարում են զգալ, ապրել ոգեղենը իրենց մեջ՝ դժվար է ասել: Հնարավո՞ր է նման հայեցակետից ստուգաբանել Հայաստանի հանրային օրգանիզմը: Ի՞նչ հարցադրումներով է մեր քաղաքացին այսօր ապրում, ինչո՞վ է պայմանավորված մեր ընդդիմության եւ իշխանությունների, էլիտայի լինելիությունը: Այսօր Միացյալ Նահանգները եւ Եվրոպան մրցում են Մարսը նվաճելու հարցում: Համոզված եմ, նախքան գիտական նախագծերի ձեւակերպումը, այս գործընթացը ծնվել է արեւմտյան քաղաքակրթության ոգում՝ Լայբնիցի մոնադներից կամ Սենթ-Բլերի օրգանական աշխարհից շատ առաջ եւ հետո՝ մինչեւ մեր օրերը: Շատերը Հայաստանում պնդում են, որ նման հավակնությունները «կուշտ փորի» արդյունք են: Որեւէ մեկը առ այսօր հրապարակավ չի ստուգաբանել՝ հնարավո՞ր է սոված փորով եւ աղքատ բյուջեով մտածել Տիեզերքի նվաճման առաջին քայլի մասին, ինչպես նաեւ չի ապացուցել, որ «կուշտ փորը» երազելու եւ իրականացնելու խթանիչ է: Եվ լավ է, որ չկան նման տվյալներ. գուցե մենք զրկվեինք մխիթարանքի կամ ինքնախաբեության միակ միջոցից: Նարեկացին եւ Կոմիտասը այսօր, 21-րդ դարի հայ մարդուն բնական իրավունք չեն վերապահում Մարսի նվաճման մեջ ինքն իրեն տեսնելու համար (միգուցե դրանի՞ց է, որ մենք այդպես կառչած ենք անցյալը նվաճելու մտքից): Եվ սխալ է պատմությունից նման բան պահանջելը, քանզի իր ողջ խորությամբ՝ այն ընդամենը Անցյալ է: Անց-յալ: Մտածում եմ, եթե մեր իշխանությունները եւ ընդդիմությունը, նրանց սատարող մտավորականները իրենց պայքարի մեջ գոնե մեկ անգամ զգացել են Խիղճը (եթե ոչ խայթոցը, գոնե խուտուտը), ապա մեր սերունդները գուցե ունեն հնարավորություն դեպի Երկինք նայելու եւ զգալու: Իսկ մեր առօրյան այսօր մաշվում է «40 հազար դրամանոց աշխատատեղերի» փիլիսոփայությամբ ծնված իշխանությունների եւ ընդդիմության պայքարի արդյունքում, քանզի նման «փիլիսոփայությունը» կարող է միայն մաշել: Եվ հարկավոր չէ նրանց մեղադրել: Գիտությունը դեռ չի ապացուցել, թե ինչու որեւէ մարդու սիրտ չի ընկալում եւ հոգին չի բացվում Տիեզերքի առջեւ: Ի՞նչ պահանջել նման ուղեղից: Պետք չէ մեղադրել, առավել եւս հիասթափվել կամ արհամարհել, դրանից Տիեզերքի մաս չես դառնա: Մտածում եմ, միգուցե ներե՞լ: ՊԵՏՐՈՍ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել