Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քննվեց «Մանախի» եւ «Չալավեկի» բողոքը

Մայիս 07,2004 00:00

Քննվեց «Մանախի» եւ «Չալավեկի» բողոքը ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանում (նախագահությամբ Գրիշա Մելիք-Սարգսյանի) երեկ շարունակվեց Արթուր Այվազյանի («Մանախ» մականունով) եւ Մարտիրոս Աճեմյանի («Չալավեկ» մականունով) բողոքների քննությունը։ Հիշեցնենք, որ նրանք մեղադրվում են Սամվել Առաքելյանի սպանության մեջ եւ Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավճռով դատապարտվել են համապատասխանաբար 14 եւ 13 տարվա ազատազրկման։ Տեղեկացանք, որ տուժողի իրավահաջորդի հայրը՝ Ստեփան Առաքելյանը, մահացել է այս տարվա ապրիլի 26-ին։ Նա նախորդ դատական ատյանում շարունակաբար պնդում էր, որ իր որդուն սպանել են ԱՎԿՄ-ի նախագահ Միհրան Մովսիսյանի հրամանով եւ պատվերով։ Ստեփան Առաքելյանը դռնբաց նիստերից մեկի ժամանակ նույնիսկ հայտարարեց, որ Մ. Մովսիսյանը մտադրվել էր սպանել պաշտպանության փոխնախարար Մանվել Գրիգորյանին, ինչպես նաեւ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին՝ համապատասխանաբար 5000 եւ 1000 դոլար գումարով։ Դատարանը երեկվանից տուժողի նոր իրավահաջորդ ճանաչեց հանգուցյալի քրոջը՝ Շուշանիկ Ստեփանյանին։ Հետաքրքիր է, որ դատական վիճաբանությունների փուլին հրաժարվել էր ներկայանալ վերաքննիչ բողոք բերած Արթուր Այվազյանը։ Դատարանը ստացել էր «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետի, հերթապահի, ուղեկցող պահակախմբի պետի եւ պետի օգնականի համատեղ ակտը։ Ըստ այդ ակտի, Արթուր Այվազյանին հայտնվել էր դատարան ներկայանալու մասին, սակայն վերջինս հրաժարվել էր ներկայանալ եւ հայտարարություն էր ուղարկել ՀՀ վերաքննիչ դատարան։ Նախագահող Գ. Մելիք-Սարգսյանը հրապարակեց այդ հայտարարությունը, ըստ որի, «որպես քաղբանտարկյալ, հրաժարվում է ներկայանալ դատաքննության ֆարսին, քանի որ դատարանը կատարում է պատվեր, անկախ չէ»։ Ի դեպ, հիշեցնեմ, որ դատական վիճաբանությունների անդրանիկ փուլին էլ՝ առաջին ատյանի դատարանում Ա. Այվազյանը բերանն էր կարել եւ այդպիսով հրաժարվել մասնակցել դատական նիստին։ Մեղադրող Կորյուն Փիլոյանը պաշտպանեց իրենց մեղադրանքը, իսկ պաշտպանական կողմը գտնում էր, որ ամբաստանյալները հանիրավի են հայտնվել ճաղավանդակների ետեւում, քանի որ իրենց գործը նախկինում մեկ անգամ կարճվել է։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել