Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՎՃՌԱԿԱՆ ԵՆ

Մայիս 07,2004 00:00

ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՎՃՌԱԿԱՆ ԵՆ Նրանք ուզում են երկխոսությամբ ազատվել «ռեժիմից» «Պիտի դրսից, եվրոպաներից օտարներին առաջարկեի՞ն երկխոսությամբ հարցերը կարգավորել։ Մինչդեռ երկու ամիս է՝ ներսում այդ գործընթացը սկսված է ու ամեն կերպ անուշադրության են մատնում։ Ոչ ոք չի ուզում տեսնել ու հիշել, որ Մտավորականների ֆորումի ավագանին ստանձնել է այդ առաքելությունը եւ ջանք չի խնայում այն իրականացնելու համար»,- երեկ մեզ հետ զրույցում այս տեսակետն արտահայտեց «Հայրենիք» ժողովրդական ճակատի քաղխորհրդի անդամ (նաեւ՝ «Հայրենիք ու պատիվ» կուսակցության ղեկավար) Գառնիկ Մարգարյանը։ Հիշեցնենք, որ նա ֆորումի համախոհներից է։ Նաեւ՝ ֆորումին մեկ անգամ հաջողվել էր ընդդիմադիր եւ իշխանական կուսակցությունների ղեկավարներին նույն սեղանի շուրջ հավաքել։ Իսկ երկրորդ փորձը տապալվել էր իշխանականների «շնորհիվ»։ Մեր հարցին ի պատասխան, պարոն Մարգարյանը նկատեց, որ Աշոտ Մանուչարյանի հետ կատարվածը եւ Էդուարդ Սիմոնյանցի առողջական վիճակի տատանումը որեւէ կերպ չեն փոխել ֆորումի այն կարծիքը, որ միայն երկխոսությամբ պետք է հասնել նպատակին։ Ֆորումի ավագանին չի դադարեցրել եւ չի դադարեցնելու իր գործունեությունը։ Նորից «օրակարգային է մնում արդյունավետ երկխոսություն տանելու սկսված գործը»,- ասաց մեր զրուցակիցը։ Ավելին, այդ իրադարձությունների արդյունքում, ըստ Գ. Մարգարյանի, մտավորականներն առավել վճռականություն են ձեռք բերել՝ «մեծացել է ցասումը ռեժիմի անբարոյականության, մարդաորսի, բռնությունների նկատմամբ։ Նահանջի ոչ մի նշույլ չեմ տեսել»։ Ըստ մտավորականների՝ «իշխանափոխությունն ինքնանպատակ չէ եւ ներկայիս ռեժիմն ու նախագահը պետք է հասկանան, որ իրենց գնալով երկրում ցնցումներ չպետք է լինեն»։ Ի դեպ, մոտ օրերս ե՛ւ Ա. Մանուչարյանը, ե՛ւ Էդ. Սիմոնյանցը կմիանան իրենց գործընկերներին։ Որ ռեժիմը գնալու է, պարոն Մարգարյանի համար միանշանակ է։ Սակայն՝ «ինձ, որպես հայ մարդու, տհաճ է, երբ մեր ներքին խնդիրները չկարողանալով լուծել, ես կարծում էի, որ նախագահը ավելի սթափ եւ մարդկային կլիներ ու հրաժարական կտար։ Ու թույլ չէր տա, որ Եվրոպայում ֆիքսվեն մեր ներքին խոհանոցի արտառոց դեպքերը։ Դա երկրի վարկանիշի խնդիր է։ Լինելով իրավաբան, հիմա պատկերացնում եմ, թե առաջիկա տասնամյակում ինչքան ջանք է պահանջվելու, որպեսզի տարաբնույթ հարցեր լուծելիս կարողանանք ապացուցել, որ մենք այն բարբարոս երկրի ներկայացուցիչները չենք, որտեղ մարդաորս է կատարվել, պատգամավորին անօրեն ձերբակալել են, մահակներով ջարդել են խաղաղ ցուցարարներին»։ Այս համատեքստում պարոն Մարգարյանը իրենց Նժդեհի գաղափարների կրողը համարող «գործիչներին» հարկ է համարում հիշեցնել Նժդեհի իսկ խոսքերը. «Մեր ժողովուրդը իր ուժը իր մեջ պետք է փնտրի, օտարին ապավինելը տանում է կործանման»։ Մեր դիտարկմանը, որ իշխանություններն էլ իրենց հերթին «դրսից տղա բերելու» մեջ հենց ընդդիմադիրներին են մեղադրում, պարոն Մարգարյանը պատասխանեց. «95-ից սկսած ես ռադիկալ ընդդիմության շարքերում եմ եւ ընկերներիս հետ նպատակ ենք դրել հասնել երկրում օրենքների գերակայության։ Ցավոք, ոչինչ չի ստացվել։ Այս տարիների ընթացքում ես չեմ տեսել, որ ընդդիմությունը թույլ տա այնպիսի սխալներ կամ ոտնձգություններ, որոնցով իր մեղավորությունն ի ցույց դներ։ Ասելը, պիտակավորելը շատ հեշտ է, թող ապացուցեն։ Կա գործող օրենք, լավն է, թե վատը՝ այլ հարց է։ Եթե պատգամավորը մեղավոր էր, ԱԺ գոյություն ունի։ Թող դատախազը սահմանված կարգով մտներ ԱԺ, հիմնավորեր նրան անձեռնմխելիությունից զրկելու փաստը, որից հետո գործողություններ աներ։ Չկա այդ բոլորը, շինծու է։ Որովհետեւ ընդդիմադիրների կողմից առաջադրված խնդիրները ոչ թե ամբիցիոզ են, այլ միանգամայն օբյեկտիվ են։ Ընդդիմությունն իր գրագետ գործելաոճով իշխանություններին ստիպում է անընդհատ գնալ ծայրահեղ քայլերի, որոնք վտանգում են իշխանության եւ չինովնիկների վիճակը։ Իշխանությունը ստեղծում է վաշխառու մտավորականների կամ կեղծ կուսակցությունների խմբեր՝ ի դեմս ինչ-որ միավորված կոմունիստների կամ դաշնակցականների, որոնց դղյակներն ու ունեցվածքը չեն զիջում իշխանության շրջապատ հանդիսացող օլիգարխների ունեցվածքից։ Բայց այսօրով կյանքը չի ավարտվում։ Այդ մարդիկ դատապարտված են»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել