Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Էվակուացման գոտիները մասնավորեցված են

Մայիս 07,2004 00:00

Էվակուացման գոտիները մասնավորեցված են Ըստ տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Բալասանյանի, Երեւանում սեյսմիկ ռիսկը գնալով մեծանում է։ Սեյսմոլոգներն ասում են, որ յուրաքանչյուր մարդ իր սեփական տանը ինչ-որ փոփոխություններ կատարելով, անգամ մեկ պատուհան փոխելով, կարող է թուլացնել շենքի հիմքը, ամրությունը։ Թեեւ 1988-ի երկրաշարժի ժամանակ շատ էին դեպքերը, երբ փլվել էին շենքերի այն հատվածները, որտեղ ապօրինի ձեւափոխումներ էին արված, այսօր էլ մարդիկ նույնիսկ բարձրահարկ շենքերում փոխում են պատերի դասավորությունը, խոր նկուղներ են փորում, կախովի պատշգամբներ են ավելացնում՝ թուլացնելով շենքի հիմքը։ Նման դեպքերն ավելի հաճախ նկատվում են նախկինում գործարանների կամ այլ կառույցների տնօրինության տակ գտնվող, այժմ՝ սեփականաշնորհված հանրակացարաններում, որտեղ, փոփոխություններից հետո, չի պահպանվել պատերի նախկին դասավորությունը։ 1988-ի Սպիտակի երկրաշարժը ցույց տվեց, որ Հայաստանում չկար որոշակի սեյսմապաշտպանական համակարգ, պետությունը եւ ազգաբնակչությունը անպատրաստ էին դիմագրավելու ավերիչ երկրաշարժին։ Իսկ այսօր նույնիսկ կարելի է նախօրոք իմանալ, թե որ տարածքը ինչ չափի վնասներ կարող է կրել երկրաշարժից։ Սակայն Սերգեյ Բալասանյանն ասաց, որ տարաձայնություններ կան սպասվելիք երկրաշարժի մասին բնակչությանը իրազեկելու հարցում։ Մասնագետների մի մասը գտնում է, որ բնակչության տեղեկացումը իհարկե կօգնի կրճատել զոհերի եւ ավերածությունների թիվը, սակայն մյուս մասն էլ գտնում է, որ բնակչության իրազեկումը խուճապ կառաջացնի եւ, բացի այդ, այսօր մեր պետությունը չունի միջոցներ մարդկանց էվակուացիան իրականացնելու համար։ Նախկինում շենքերի պատերին փակցված էվակուացիայի գծագրերը ցույց էին տալիս, թե ուր պետք է գնան բնակիչները վտանգի ժամանակ։ Էվակուացիայի վայրը հիմնականում նույն շենքի տակ գտնվող նկուղային հարկն էր։ Գծագրերը այժմ արդիական չեն, քանի որ նկուղները մեր օրերում ժամանցի կամ առեւտրի օբյեկտներ են դարձել։ Անհրաժեշտության դեպքում էլ դժվար թե նկուղային որեւէ տարածքի սեփականատեր թույլ տա որեւէ մեկին՝ «ներխուժել» իր տարածք։ Նա օրինակ բերեց երկրում սողացող գոտիների բնակավայրերը, որտեղ մարդիկ, կործանման վտանգը աչքի տակ ունենալով, շարունակում են բնակվել, քանի որ «մեր երկիրն այնքան հարուստ չէ, որ այդ բնակիչներին տուն եւ աշխատատեղեր տրամադրի»։ ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել