Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԻԳՈՒՑԵ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ ՉՍԱՀՄԱՆԵ՞ՆՔ

Մայիս 07,2004 00:00

ՄԻԳՈՒՑԵ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ ՉՍԱՀՄԱՆԵ՞ՆՔ Այս օրերին թունավոր սուրճի հետ կապված ողջ պատմության մեջ Պետստանդարտն ամենասխալ պահվածքն ընտրեց: Որակի պետական տեսչությունը փորձեց հերքել «Հայաստանյան PR ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից թունավոր սուրճի հայտնաբերման փաստը, զուգահեռաբար իր տարակուսանքն արտահայտեց նաեւ փորձագիտական եզրակացությունների վերաբերյալ, ԶԼՄ-ներին հայտնելով, որ իրենց տեսչությունը հատուկ ռեժիմով կաշխատի ու նոր փորձաքննություններ կնշանակի: Ընդ որում, նոր փորձաքննությունները նշանակվել են Որակի ազգային եւ Առողջապահության ազգային ինստիտուտներում: «Առավոտի» հարցին, թե արդյոք կասկածու՞մ է հկ-ի ուսումնասիրության արդյունքներին կամ Փորձագիտական պետական կենտրոնի փորձագետների պրոֆեսիոնալիզմին, քանի որ նոր փորձաքննություններ է նշանակել, Որակի պետական տեսչության պետ Աշոտ Մանուկյանն ասաց. «Ես նման բան չասացի, պարզապես համոզվելու համար ենք անում»: Պարոն Մանուկյանն ավելացրեց, որ խնդրո առարկա սուրճերից մեկի վերաբերյալ Առողջապահության ազգային ինստիտուտից արդեն իսկ ստացվել են արդյունքներ, որոնք չեն հաստատում թունավոր նյութերի պարունակության՝ փորձագետների պնդումը: Ինչից տեսչության պետն ակնհայտորեն բավարարված էր: Սակայն հիշատակված փորձագիտական ակտը «Առավոտի» խմբագրությանն էլ է տրամադրվել: Դրանում փորձագետները նշել են, որ հիշատակված (մենք դեռեւս ձեռնպահ ենք մնում սուրճի տեսակների անունները հրապարակելուց) սուրճն, այնուամենայնիվ, չի համապատասխանում կոֆեինի պարունակության պետական ստանդարտին: Այսինքն, պարոն Մանուկյանի հիշատակած ակտն, այնուամենայնիվ, հաստատում է, որ գործ ունենք խախտված պետական ստանդարտների հետ: Մինչդեռ, տարվելով այն հանգամանքով, որ Առողջապահության ազգային ինստիտուտի փորձագետները տվյալ սուրճում թունավոր մետաղի՝ կադմիումի պարունակության խախտում չեն հայտնաբերել, մեր երկրում սահմանված պետական ստանդարտների գլխավոր հսկողն ու պաշտպանողը անտեսում է անհամապատասխանությունը: «Առավոտի» հետ հեռախոսազրույցում Աշոտ Մանուկյանն իր տարակուսանքը բացատրեց նաեւ նրանով, որ այդ ուսումնասիրություններն ու փորձաքննություններն «առանց մեզ են արվել: Բացի այդ, փորձաքննության համար մեկ տուփ սուրճը բավական չէ, ուստի ես կասկածում եմ, որ հասարակական կազմակերպությունը ֆինանսական հնարավորություն կունենար այդքան քանակությամբ սուրճ փորձաքննության տալու»: Բացի այդ, պարոն Մանուկյանենց «փորձը ցույց է տվել, որ հաճախ նույն արտադրանքի՝ երեք տարբեր լաբորատորիաների եզրակացությունները չեն համապատասխանել»: Պարոն Մանուկյանը նշեց նաեւ, որ իրենց տեսչությունն էլ է ժամանակին սուրճի եւ այլ սննդամթերքի շուկաներում ուսումնասիրություններ անցկացրել, բայց 55 հոգով ամբողջ հանրապետության շուկաների սննդատեսակները չեն կարող ստուգել: Բայց խնդիրը քանակը չէ, աշխատանքի որակն է. տվյալ դեպքում տեսչությունը համարում է, որ կոֆեինի ստանդարտի անհամապատասխանությունն էական չէ, որովհետեւ, ասենք, թույն չի հայտնաբերվել: Նույն տրամաբանությամբ, կարելի է ընդհանրապես ստանդարտներ չսահմանել: Իսկ ի՞նչ է նախատեսվում անել այն դեպքերում, երբ իրար հակասող եզրակացություններ են տրվում: Մասնագետները մեզ բացատրեցին, որ նախ, եթե նույն ապրանքի ստուգողական փորձաքննության մասին է խոսք գնում, ապա պարտադիր է միեւնույն նմուշից տալ փորձաքննության: Այսինքն նրանից, որն այժմ կնքված է եւ գտնվում է ասոցիացիայի մասնագետների մոտ: Մինչդեռ այս պայմանն արդեն իսկ պահպանված չէ: Երկրորդ, փորձագետի սխալ, կողմնակալ կամ ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի համար քրեական պատասխանատվություն է նախատեսված: Երրորդ, ստացվում է, որ հիմա փորձագետների՞ն էլ վստահել չի լինի: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել