Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԲԱՆԱԿՑԵՑԻՆ՝ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Մայիս 07,2004 00:00

ԲԱՆԱԿՑԵՑԻՆ՝ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ Ընդդիմության եւ իշխանության մոտ 5 ժամ տեւած հանդիպումն առայժմ շոշափելի արդյունքներ չտվեց «Արդարությունը» եւ «Ազգային միաբանությունը» նախորդ օրը հանդես էին եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշված էր. «Նկատի ունենալով, որ սկսած 2003թ. նախագահական ընտրություններից, երկրում խորանում է քաղաքական ճգնաժամը, հաշվի առնելով, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից 2004թ. ապրիլի 28-ին ընդունած թիվ 1374 բանաձեւի պահանջների կատարումը վճռորոշ նշանակություն ունի մեր երկրի համար, գիտակցելով իրենց պատասխանատվությունը երկիրը հնարավորինս արագ եւ անցնցում դեպի իրավական եւ ժողովրդավարական պետության կայացման ուղի դուրս բերելու համար, «Արդարություն» դաշինքը եւ «Ազգային միաբանություն» կուսակցությունը հայտարարում են, որ պատրաստ են 1374 բանաձեւի շրջանակներում սկսել բանակցություններ Հայաստանի իշխանությունների հետ»։ Երեկ խորհրդարանական ընդդիմադիր քաղաքական ուժերը՝ ընդունելով ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի քաղաքական կոնսուլտացիայի հրավերը, մասնակցեցին կոալիցիոն քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ Ընդդիմադիր թեւից հանդիպմանը մասնակցում էին «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը, Շավարշ Քոչարյանը, Արշակ Սադոյանը, Ալեքսան Կարապետյանն ու Կորյուն Առաքելյանը։ Իշխանական թեւից՝ Արթուր Բաղդասարյանն ու Սամվել Բալասանյանը (ՕԵԿ), Գալուստ Սահակյանն ու Տիգրան Թորոսյանը (ՀՀԿ), Լեւոն Մկրտչյանն ու Հրայր Կարապետյանը (ՀՅԴ), Կարեն Կարապետյանը («Ժողպատգամավոր», Գուրգեն Արսենյանը (ՄԱԿ)։ Երեկ ժամը 16։00-ից մինչեւ 20։45 տեւած հանդիպման սպասումներից հուսահատ լրագրողները ցնցող հայտարարության կամ իրավիճակի հերթական փոփոխության հավանականության մասին լուրջ եւ անլուրջ ենթադրություններ էին անում։ Սակայն հանդիպման մասնակիցները դուրս գալով ԱԺ նախագահի աշխատասենյակից, հայտարարեցին, թե որեւէ մեկնաբանություն չեն անելու։ Իսկ որ քննարկվող շրջանակը հետաքրքիր էր, զգացվում էր թեկուզ փոքրիկ դետալներում։ Օրինակ՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեք անգամ դուրս եկավ խորհրդակցական սենյակից եւ իջավ իր աշխատասենյակ։ Մենք լուրջ կասկածներ ունեինք, որ հեռախոսազրույց էր ունենում վարչապետի հետ, բայց Գալուստ Սահակյանը չէր հաստատում մեր կասկածները։ Հինգժամյա կոնսուլտացիայի արդյունքում ծնված հայտարարությունն առաջին հերթին հետաքրքիր է նրանով, որ ստորագրվել է ընդդիմության եւ իշխանական կոալիցիայի հետ համատեղ։ Հաջորդը՝ հայտարարությունն արձանագրում է՝ «կոնսուլտացիայի մասնակիցները կարեւորեցին քաղաքական նոր իրավիճակի ստեղծման անհրաժեշտությունը երկրում, հիմք ընդունելով կոալիցիայի մաս կազմած կուսակցությունների հայտարարությունները, ինչպես նաեւ «Արդարություն» եւ «ԱՄ» մայիսի 4-ի համատեղ հայտարարությունը»։ Արձանագրենք, որ երկրի հակադիր քաղաքական ուժերը համաձայնության են եկել «շարունակել քաղաքական կոնսուլտացիաները՝ միասնաբար ձեւավորելով քննարկվող հարցերի օրակարգը»։ Օրակարգի հարցերը, ըստ ամենայնի, մոտ 30-ն են, որոնք կհրապարակվեն այսօր։ Գուցե դրանք հանրությանը ներկայացնելուց առաջ նախ պետք է «խմբագրվեն» Ռոբերտ Քոչարյանի, նաեւ՝ Ստեփան Դեմիրճյանի եւ Անդրանիկ Մարգարյանի կողմից։ Շավարշ Քոչարյանը հանդիպումից հետո ասաց. «Կոնսուլտացիաները շարունակվում են, հայտարարությունում կա, որ ձեւավորվում է կոնսուլտացիաների օրակարգ»։ Ասաց նաեւ, որ հինգ ժամ բանակցում էին «այն հարցերի շուրջ, որոնք կարող էին ընդգրկվել օրակարգում»։ Իսկ այդ հարցերի մեջ մտնո՞ւմ է ընդդիմության պահանջը վստահության հանրաքվե անցկացնելու մասին. «Մինչեւ վերջնական չձեւավորվի օրակարգը, մենք որեւէ ինֆորմացիա չենք տալու, այդպես ենք պայմանավորվել։ Մի բանի վրա եմ միայն ուշադրություն հրավիրում։ Մեր հայտարարությունը բանակցության հրավեր էր, սա՝ կոնսուլտացիա է ԱԺ նախագահի հետ։ Սա դեռ բանակցություն չէ իշխանությունների եւ ընդդիմության միջեւ, սա կոնսուլտացիա է՝ համաձայն ԱԺ կանոնակարգի»։ Իսկ որքան կտեւեն դրանք եւ արդյո՞ք այդ ընթացքում ընդդիմությունը կհրաժարվի հանրահավաքներից։ «Առավոտի» այս հարցին պատասխանելով, Շավարշ Քոչարյանն ասաց. «Մեր հանրահավաքները կապված են ոչ թե այս կոնսուլտացիաների, այլ այն բանակցությունների հետ, որոնք մենք ունենալու ենք իշխանությունների հետ»։ Իսկ ընդդիմության հիմնական պահանջները ներառվա՞ծ են օրակարգում։ Այս հարցին եւս Շավարշ Քոչարյանը չպատասխանեց։ Իսկ ըստ Վիկտոր Դալլաքյանի՝ կոնսուլտացիաների օրակարգում ընդգրկված են ինչպես ընդդիմության, այնպես էլ կոալիցիայի առաջարկները, ԵԽ ԽՎ բանաձեւի դրույթները։ Վստահության հանրաքվեի հետ կապված համապատասխան ձեւակերպում է կատարված, որն ընդգրկված է կոնսուլտացիաների օրակարգում։ «Մենք քննարկելու ենք վստահոււթյան հանրաքվեի հետ կապված իրավական խնդիրները»,- երեկ ասաց Վիկտոր Դալլաքյանը։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել