Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ «ԲԱՎԱՐԱՐ» ԷԼ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ

Մայիս 07,2004 00:00

2003թ. արդյունքներն ամփոփեց 2004-ին նշանակված ՀՀՀ գործադիր տնօրենը

Երեկ ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի (ՀՀՀ) հոգաբարձուների խորհրդի 13-րդ նիստը, որը վարում էր Հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: ՀՀՀ-ի մասին պատմող տեսաֆիլմից հետո գործադիր տնօրեն Նաիրա Մելքումյանը հանդես եկավ 2003 թ. կատարած աշխատանքների մասին հաշվետվությամբ:

Ըստ տիկ. Մելքումյանի, անցած տարվա ընթացքում կյանքի է կոչվել 13 ծրագիր: Ընթացքի մեջ է եւս 19-ը՝ $10մլն արժողությամբ: Գործադիր տնօրենը հատկապես առանձնացրեց 169 կմ երկարությամբ Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցումը, որը ռազմավարական նշանակություն ունի: Ճանապարհը միմյանց կկապի Ղարաբաղի քաղաքների ու գյուղերի 80%-ը, կհեշտացնի սոցիալ-կենցաղային ու մշակութային ծրագրերի իրագործումը: Արդեն ավարտվել է Բալուջա-Դաշբուլաղ, Ստեփանակերտ-Բալուջա ճանապարհահատվածների, Շեխեր գյուղի կամրջի շինարարությունը: Շարունակվում է Սարուշեն-Կարմիր շուկա, Ստեփանակերտ-Սարուշեն, Հադրութ-Ծակուռի, Վանքի խաչմերուկ-Կիչան, Կիչան-Դրմբոն կառուցումը: Նշենք, որ մայրուղու կառուցման համար հավաքագրվել է $12504572: Մինչեւ տարեվերջ մայրուղու 50%-ը շահագործման կհանձվի: Ն. Մելքումյանը նշեց, որ, ի տարբերություն նախորդ տարիների եւ ի հաշիվ ժողովրդական մասնակցության, Հայաստանում եւ Արցախում գրանցվել է նվիրատվությունների աճ՝ $1,5 մլն-ի չափով: Խնդիր է դրվել մշակել հիմնադրամի գործունեության ռազմավարական ծրագիր:

Ն. Մելքումյանը փաստեց, որ աշխատանքների ու ոլորտների հստակ բաժանման բացակայության պատճառով նոր հիմնադրամների ստեղծումն որոշակի շփոթություն է առաջացնում բարերարների շրջանում: Այդ ամենը կանխելու նպատակով առաջարկվեց մինչ հոգաբարձուների խորհրդի հաջորդ նիստը կազմակերպել համաժողով՝ ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում գործունեություն ծավալած խոշոր բարեգործական կազմակերպությունների եւ հիմնադրամների մասնակցությամբ: Ն. Մելքումյանը նշելով, որ վերջին շրջանում շինանյութի գները բարձրացել են, ինչի պատճառով շինարարական կազմակերպությունները խնդիրների առաջ են կանգնել, հորդորեց վերանայել բոլոր ծրագրերի արժեքները եւ առաջարկեց այսուհետեւ նախահաշիվները կատարել հայկական դրամով, իսկ ծրագրերի համար հավաքագրած գումարները փոխանցել ամբողջությամբ:

Հոգաբարձուների խորհրդի անդամ Հրայր Հովնանյանը (Ամերիկայի հայկական համագումար) կարծում էր, որ ի սկզբանե հիմնադրամի գաղափարը այլ էր. «Բոլոր հայ ընտանիքները պիտի վճարեին փոքր-փոքր գումարներ եւ ոչ թե միայն անհատները մեծ-մեծ գումարներ տային»: Պրն Հովնանյանը ասաց, որ հիմնադրամը կարող էր ավելի լավ աշխատել: Նույն կարծիքին է նաեւ ՀՀ նախագահը. «Չես կարող չհուզվել կատարված աշխատանքը տեսնելով, բայց այդ զգացումից զատ կա մեկ այլ զգացում՝ կարելի էր ավելի շատ բան անել»:

Ըստ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի՝ «հիմնադրամը պարտավոր է ավելի էֆեկտիվ օգտագործել իր հնարավորությունները եւ տարբեր երկրներում կուտակված դրական փորձը տարածել բոլոր համայնքների վրա»: Բնականաբար, անդրադարձ եղավ նաեւ ԼՂՀ հարցին: «Վստահ եմ, որ առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության՝ Լեռնային Ղարաբաղի հարցը հնարավոր չէ լուծել: Եվ անպայման Ադրբեջանի ղեկավարությունը բանակցելու է Ղարաբաղի ղեկավարության հետ: Վստահ եմ, որ այդպես է մտածում նաեւ միջազգային հանրությունը, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ բուդապեշտյան գագաթաժողովում հստակ ընդգծվել է այս բանակցային ֆորմատը՝ Լեռնային Ղարաբաղ- Ադրբեջան-Հայաստան: Ճիշտ է բոլոր հարցերը լուծել սեղանի շուրջ եւ ոչ թե աբստրակտ խոսել ինչ-որ տարբերակների մասին: Իմ կարծիքով, շատ ավելի էֆեկտիվ է խնդրի կարգավորման ոչ թե փուլային, այլ փաթեթային լուծումը, որովհետեւ այսօր կա անվստահություն, ատելություն, ռազմական պրոպագանդա Ադրբեջանի կողմից եւ այս մթնոլորտում հնարավոր չէ քննարկել այլ տարբերակ…»,- ասաց Ա. Ղուկասյանը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել