Քաղաքական գործիչները քննարկում էին, թե ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու որ տարբերակն է ճիշտ՝ համակարգայի՞ն փոփոխությունը, թե՞ անձերի:
Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած Քաղաքացիական ազգային նախաձեռնությունը վերսկսել է ՀՀ քաղաքացիներին հուզող խնդիրներին վերաբերող քննարկումների շարք: Երեկ կայացավ շարքի առաջին քննարկումը, որը նվիրված էր ՀՀ-ում առկա քաղաքական ճգնաժամի հաղթահարմանը:
Զեկուցողները՝ ՌԱՀՀԿ փորձագետ Հովսեփ Խուրշուդյանը, գերմանական GTZ ընկերությունից Հրայր Թովմասյանը, եւ «Հույս» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Հակոբյանը մանրամասնորեն վերլուծեցին ՀՀ-ում ստեղծված ճգնաժամը, քաղաքական մշակույթի անկատարության պատճառները, կուսակցությունների պատասխանատվության եւ դերակատարության աստիճանը:
Քննարկման մասնակիցները մի բանում համակարծիք էին՝ այսպես շարունակել չի կարելի: Ուղղակի պետք է ընտրել՝ համակարգը փոխե՞լ, թե՞ անձերին: «Եթե մեքենան նորմալ չի աշխատում, վարորդին փոխելով ոչինչ չի փոխվի, բայց եթե վարորդը բանի պետք չէ, որքան էլ մեքենաները փոխենք, բան դուրս չի գա»,- երկմտում էին նրանք: «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ Գագիկ Թադեւոսյանը անդրադարձավ կադրային բանկին. «ՕԵԿ ոչ պրոֆեսիոնալ կադրերը հանվում են, իսկ նախարար դառնալու համար մարդը երկու օր առաջ դառնում է ՕԵԿ անդամ: Քննադատում էին, թե նախկինում մինչեւ Կոմկուսի անդամ չլինեին, պաշտոն չէին ստանա: Հիմա նույնը չէ՞»: Նա կարծում էր, թե ՀՀ նախագահը կոալիցիայի գերին է դարձել: Անդրադառնալով ԵԽ ԽՎ բանաձեւին, նկատեց. «Երբ իշխանություններին հարմար է, նույնիսկ երբ փռշտում են, գնում են Վենետիկի հանձնաժողովին հարցնում են՝ ճիշտ ե՞նք փռշտացել: Իսկ երբ հարմար չի՝ ամեն ինչ մոռանում են»:
Ազատական-առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը գտնում էր, որ ստեղծված իրավիճակում բոլորս ունենք մեղքի մեր բաժինը: Անդրադառնալով կոալիցիայի պահվածքին, ասաց. «Մենք երկար տարիներ եղել ենք իշխանության մեջ, սատարել ենք գործող նախագահին, բայց եղել է մի չափ, որ մենք երբեք չենք անցել: Կոալիցիան անցավ այդ չափը: 12-ի գիշերը կոալիցիան գիտեր, թե ի՞նչ է լինելու, եւ ԱԺ-ն չգործեց»: Նա առաջարկում էր հիմիկվանից մտածել, թե «ի՞նչ ենք անելու հունիսին, կամ սեպտեմբերին, երբ ԵԽ ԽՎ տրված ժամանակը լրանա: Ես վստահ եմ, որ իշխանությունները մինչ այդ չեն կատարելու ԵԽ ԽՎ պահանջները»:
ՀԺԿ-ից Գրիգոր Հարությունյանն ասաց, որ ինքը չի նեղանում Քոչարյանից, քանի որ «նրա ինտելեկտուալ հնարավորությունը այդքան է, դրանից ավելի նա չի կարող: Նա լավ մարդ չի, բարի մարդ չի: Ուզում են երկիրը տանել Բելառուսի ճանապարհով, դա իրենց ձեռք է տալիս: Երբ վաղը խնդիրներ առաջանան, ֆինանսական հոսքերը դադարեն, կասեն՝ ընդդիմությունն է մեղավոր»:
«Հանրապետություն» կուսակցության խորհրդի նախագահ Ալբերտ Բազեյանն, անդրադառնալով ընդդիմություն- իշխանություն երկխոսության չարչրկված թեմային, ասաց. «Հիմա երկխոսության իմիտացիա է գնում: Նախագահը երկխոսության համար կոալիցիային է դեմ տալիս, որը որեւէ ձեւով չի կարող ազդել ոստիկանության, արդարադատության, արտաքին կամ ներքին քաղաքականության վրա: Ամեն ինչ կենտրոնացել է մի մարդու ձեռքում»:
Իսկ գեներալ Էդուարդ Սիմոնյանցին ամենածանրը թվում էր երկրում տիրող բարոյահոգեբանական ճգնաժամը, որի արդյունքում իշխում է ցինիզմը, ամենաթողությունը: Նրա կարծիքով, երկրում առկա է ոչ միայն բարոյահոգեբանական, այլեւ քաղաքական ճգնաժամ՝ «ոչ թե կառավարման համակարգի, այլ քաղաքական համակարգի ճգնաժամ: Իշխանությունը ցրում է պատասխանատվությունը, ընդդիմությունը տալիս է հարցեր, որոնց պատասխանող չկա»:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ