Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆԸ

Մայիս 07,2004 00:00

Նախագահի հակակոռուպցիոն ռազմավարության հարցերով խորհրդական Բագրատ Եսայանը վերջապես սկսեց զբաղվել դատաիրավական համակարգով: Դատախազությունն էլ անմիջապես ստեղծեց կոռուպցիայի դեմ պայքարի սեփական բաժինը:

Երբ Բագրատ Եսայանը սկսեց իր ուսումնասիրությունները առողջապահության եւ կրթության ոլորտներում կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ՝ դժգոհություններ հնչեցին, թե ուշադրությունից դուրս է մնացել դատաիրավական համակարգը, որն առավել կոռումպացված է: Նախագահի խորհրդականը օրերս քննարկում կազմակերպեց գրավի կիրառման մասին: Հետաքրքրվեցինք, թե լինելո՞ւ են այլ ուսումնասիրություններ: «Հարցի մեջ կար հաստատում, որին ես համաձայն չեմ,- ի պատասխան ասաց Բագրատ Եսայանը:- Այն համակարգերը, որոնք ուսումնասիրվեցին առաջինը՝ առնչվում էին մի քանի հարյուր հազար մարդկանց եւ ընտանիքների: Իսկ դատաիրավական համակարգի հետ (զուտ քրեական ուղղվածությամբ) շփվում են 2-5 հազար հոգի՝ կան այս պնդումս հաստատող տվյալներ: Ծավալներն անհամեմատելի են: Ուստի դատաիրավական համակարգը չի կարող լինել ամենակոռումպացվածը»: Նախագահի խորհրդականը հերթական անգամ վստահեցրեց, թե որեւէ ոլորտ դուրս չի մնալու իրենց ուսումնասիրությունների դաշտից. «Ինչը նշանակում է, որ դատաիրավական համակարգում եւս այդ քննարկումը միակը եւ վերջինը չէ»:

Գլխավոր դատախազությունում օրերս ստեղծվեց կոռուպցիայի դեմ պայքարի բաժին եւ հնչեցին հավաստիացումներ, թե զբաղվելու են նաեւ դատաիրավական ու դատախազության համակարգերում առկա կոռուպցիոն երեւույթներով: «Շատ ուրախ եմ, որ իշխանության հայտարարած առաջնահերթությունն այժմ իր արտահայտությունը գտավ նաեւ դատախազության ներքին կառուցվածքային քաղաքականության մեջ,- առանց «մասնագիտական խանդի» նշեց պրն Եսայանը: Սակայն արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այս առնչությամբ արդեն իսկ վերապահում է հայտնել. «Վստահ չեմ, որ դատախազական մարմինները լավագույն, կամ իսկապես արդյունավետ ձեւն են պայքարելու կոռուպցիայի դեմ դատական համակարգում»։ Իսկ նախագահի հակակոռուպցիոն ռազմավարության հարցերով խորհրդականի գնահատականով՝ արդյունավե՞տ է, երբ տվյալ մարմինն ինքն է հետաքննում իր իսկ կառույցներում առկա կոռուպցիայի դրսեւորումները: «Ամբողջ աշխարհում շատ տարածված երեւույթ է ներքին անվտանգությունն ապահովող բաժինների ստեղծումը, որոնք պայքարում են հենց այդ գերատեսչություններում առկա կոռուպցիոն երեւույթների դեմ,- ի պատասխան ասաց պրն Եսայանը:- Եվ շատ ցանկալի կլիներ, որ մնացած պետական մարմիններում եւս ստեղծվեին ներքին անվտանգության ծառայություններ: Եվ եթե իրավապահ մարմինները չպետք է պայքարեն նաեւ իրենց մեջ առկա կոռուպցիոն երեւույթների դեմ՝ ո՞վ պետք է պայքարի»: Այս հարցադրմանն ի պատասխան հիշեցրինք մեկնաբանությունները, թե «ՀՀ դատախազության մասին» օրենքով սահմանված դատախազության 6 լիազորություններից ոչ մեկի մեջ հնարավոր չէ տեղավորել կոռուպցիայի դեմ պայքարի գործառույթը: Նախագահի խորհրդականն առարկեց այս պնդմանը եւ մեջբերեց օրենքի այն դրույթը, ըստ որի՝ դատախազության լիազորությունն է քրեական հետապնդման հարուցումը. «Սրա շրջանակում տեղավորվում է այս բաժնի ստեղծումը, քանի որ «Քրեական օրենսգրքում» կան 12 հոդվածներ, որոնք վերաբերում են կոռուպցիայի դրսեւորումներին»:

Չհամաձայնեց նաեւ մտավախություններին, թե քանի որ նորաստեղծ բաժնի առնչությամբ անընդհատ շեշտվել են տնտեսական հանցագործություններն ու ստուգումները՝ սա մի նոր վտանգ է տնտեսվարողների գործունեության համար. «Ամբողջությամբ համաձայն եմ, որ դա պիտի լինի պայքարի գլխավոր ուղղությունը, քանի որ ստվերային տնտեսություն կարող է գոյություն ունենալ միայն ամբողջապես կոռումպացված ոլորտում»:

ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ապրիլի 24-ին ելույթ ունենալով Թեհրանի հայ համայնքի առջեւ՝ նշել էր, որ մեր երկրում «շարունակվում են աղքատությունը, կոռուպցիան, անարդարությունները» եւ պնդել. «Մենք չենք տեսնում շոշափելի քայլեր, հստակ, կազմակերպված պայքար այդ երեւույթների դեմ»: Նաեւ իր գործունությանն այս գնահատականի առնչությամբ դաշնակցական Բագրատ Եսայանն ասաց. «Կարծում եմ, որ կոռուպցիայի դեմ քայլեր ձեռնարկվում են: Միգուցե դրանք առայժմ այդքան էլ նկատելի կամ համակարգված չեն, եւ պետական բոլոր մարմինները չէ, որ մշակել են ձեռնարկվելիք հստակ քայլեր: Բայց կա այն գիտակցությունը, որ այդ քայլերը պե՛տք է ձեռնարկվեն եւ պետական յուրաքանչյուր մարմին որպես առաջնահերթություն պետք է դիտարկի կոռուպցիայի դեմ պայքարը: Հայտարարվելուց հետո պայքարը չի կարող ծավալվել ամբողջ թափով, այնուամենայնիվ՝ անցած մի քանի ամիսների ընթացքում հարցի հրապարակայնացումը բերել է որոշակի մակարդակի, որ բոլորը հստակ գիտակցում են այս երեւույթի վտանգավորությունը: Եվ դատախազության ձեռնարկած այս քայլն է թեկուզ ապացույցը, որ գնալով ավելի համակարգված է դառնալու պայքարը: Ու քանի դեռ պաշտոնավարում եմ իբրեւ նախագահի խորհրդական՝ կարծում եմ, կուսակցությունը դեռ հույս ունի, որ թեեւ չեն ձեռնարկվել բավարար ու շոշափելի քայլեր, բայց հետագայում դրանք կդառնան ավելի նպատակաուղղված»:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել