Վրաստանի նորընտիր նախագահ Սահակաշվիլու եւ աջարական ֆեոդալ Աբաշիձեի առաջին անարդյունք բախումից հետո ռուսական մամուլը հեղեղվեց հեգնական, հաճախ նաեւ ծաղրական հրապարակումներով:
Դրանցում Սահակաշվիլին մատուցվում էր իբրեւ «փորձառու» եւ «լուրջ» գործչին տենդագին տապալել փորձող տաքգլուխ եւ ձախողված երիտասարդ: Այս իմաստով, ի դեպ, հայկական որոշ լրատվամիջոցներ եւս ետ չէին մնում՝ «ստեղծագործական» ջանքեր չխնայելով Արեւմուտքի բացահայտ աջակցությունը վայելող եւ ժողովրդական պոռթկման ալիքի վրա իշխանության եկած Սահակաշվիլուն ձեռք առնելու համար: Վերջին օրերին, սակայն, Ռուսաստանում հեգնանքն ակնհայտորեն պակասել է: Այնտեղ գուցե սկսել են հասկանալ, որ առնվազն անպարկեշտ է մի կողմից հրապարակավ պաշտպանել իր երկրի սահմանադրությանն ու բոլոր տեսակի օրենքներին դեմ գնացող՝ մինչեւ ուղնուծուծը կոռումպացված ու բացառապես իր մերձավորագույն կլանի մորթապաշտական շահերի մասին մտածող տեղական իշխանիկին, մյուս կողմից՝ ծաղրել մի ողջ ժողովրդի իրական ընտրյալին: Զրկվելով հարազատ Մոսկվայի աջակցությունից, աջարների, նույնն է թե՝ վրացիների աջակցությունից վաղուց ի վեր զրկված Աբաշիձեն Սահակաշվիլու հետ երկրորդ իսկ բախման ժամանակ մի քանի ժամ էլ չձգեց: Վրաստանում դարձյալ հաղթեց ժողովուրդը, եւ այդ հաղթանակն առավել քան արժեքավոր է՝ քանզի միանգամայն տեղավորվում է իշխանության լեգիտիմության գաղափարի մեջ: Աբաշիձեի անկումն, անկասկած, հեղինակության լրացուցիչ ու շատ մեծ պաշար կշնորհի նախագահ Սահակաշվիլուն, ինչը Վրաստանի համար այս դժվար ժամանակներում համարձակ ու երկրի հեռահար շահերին միտված քայլեր անելու գործում նրան օդ ու ջրի պես անհրաժեշտ է: Իսկ որ Սահակաշվիլին ունակ է նման քայլերի, նա արդեն քանիցս գործով ապացուցել է։ Ի հակառակ բազմաթիվ, մեկը մյուսից լուրջ կանխատեսումների, Սահակաշվիլին ապացուցեց նաեւ, որ իր գործողությունները միանգամայն հաշվենկատ եւ դիպուկ են, ու հեռավոր առնչություն իսկ չունեն քաղաքական արկածախնդրության հետ: Դա լավագույնս երեւաց Աբաշիձեի փախուստի գործում Ռուսաստանին «հեղինակավոր միջնորդի» կերպարով հանդես գալու հնարավորություն ընձեռելու մեջ: Վրաստանում արդեն երկրորդ անգամ է, ինչ ՌԴ նախկին արտգործնախարար, ներկայումս ԱԽ քարտուղար Իգոր Իվանովի հետ մի քանի ժամ տեւած զրույցից հետո տեղի է ունենում այնպիսի հրաժարական, որը, առանց այդ զրույցի էլ, այսպես թե այնպես, տեղի էր ունենալու: Դեռ մինչ Իվանովի Բաթում ժամանումն արդեն պարզ էր, որ նա կողմերին հաշտեցնելու առաքելությամբ չի գալիս, այլ գալիս է Աջարիայի բնակիչներին անհնարինության աստիճանի կեղեքած, բայց եւ՝ երկար ժամանակ Կրեմլի կողմից փայփայված այդ «առյուծիկին» իր ինքնաթիռով Մոսկվա փախցնելու համար: Նախկին ծառայություններն, իհարկե, այդքան շուտ չեն մոռացվում: Վերջին պահին հարազատ Աջարիան աշխարհի հետ կապող բոլոր կամուրջներն ու ճանապարհներն իր ետեւից պայթեցրած, ինչպես ասում են՝ ամենավերջին վատությունն արած Աբաշիձեին Մոսկվայում անտեր չեն թողնի, կպատսպարեն: Նա, ի վերջո, Շեւարդնաձե չէ եւ Վրաստանում մնալ չէր կարող: Իսկ քաղաքակիրթ աշխարհը, երեկվանից սկսած, շնորհավորական ուղերձներ է հղում նախագահ Սահակաշվիլուն՝ հերթական հաղթանակի առիթով:
ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ