Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԿԴԱՐՅԱ ԲՆԱԿԻՉՆԵՐ՝ ԱՌԱՆՑ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ

Մայիս 06,2004 00:00

ՄԵԿԴԱՐՅԱ ԲՆԱԿԻՉՆԵՐ՝ ԱՌԱՆՑ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ Կոնդի մի քանի հարյուր հնաբնակ ընտանիքներ 1950-ականներից ապրում են՝ զրկված իրենց տների սեփականությունը հաստատող փաստաթղթերից։ Նրանք հիմնականում բնիկ կոնդեցիներ են, որոնց հայրենադարձ պապերին թաղամասում տներ են տվել 1915 թվականից՝ սեփականության իրավունքով։ Կոնդի վերակառուցման ծրագրի առաջին փուլից՝ 1954 թվականից, իբր գույքի վերահաշվառման նպատակով, բնակիչներից վերցվել են սեփականության վկայականները եւ այլեւս չեն վերադարձվել։ Ծրագիրը «քնել» է, տեղափոխվել մեր օրերը։ Մինչ այդ, բնակիչների բոլոր փորձերին՝ վերականգնելու սեփականության իրավունքը, պետական մարմինները հակադրվել են պատճառաբանությամբ, թե թաղամասը համարվում է իրացման գոտի եւ խիստ արգելված է որեւէ գործարք կատարելը։ Կադաստրի կոմիտեում եւ քաղաքային արխիվներում էլ պատասխանել են տարբեր կերպ՝ փաստաթղթերը վառվել են, դա ոչ մեկին պետք չէր, չի պահպանվել եւ այլն։ Արդարության դեմ չմեղանչելու համար նշենք, որ կոնդեցիներից շատերն այս տարիներին «հաջողացրել» են թե սեփականության իրավունքի վկայականներ ձեռք բերել, թե վաճառել (այն էլ՝ մի քանի անգամ) իրենց բնակարանները։ Սակայն խմբագրություն այցելածները հավաստիացրին, որ դրանք հիմնականում նորաբնակներն են, իսկ իրենց պես անփաստաթուղթ եւ օրենքով շարժվողներն ավելի շատ են։ 1989 թվականի կառավարության որոշմամբ, նույն այդ նորաբնակները (680 ընտանիք) բնակարաններ են ստացել քաղաքի տարբեր մասերում, իսկ հնաբնակների մեծ մասը պայմանագրեր է կնքել՝ տեղում տուն ստանալու համար։ Մեր այցելուները պատմեցին, որ իրենց հետ նույնիսկ համաձայնեցրել են՝ թե քանի՞ հարկանի տան մեջ եք ուզում բնակվել. մե՞կ, երկո՞ւ։ Ինչպես հայտնի է, ծրագիրն այս փուլում նույնպես սառեցվել է։ Անփաստաթուղթ կոնդեցիներին էլ պաշտոնյաները շարունակել են ճանապարհել տարբեր խոստումներով՝ «հնաբնակների համար առանձին որոշում է լինելու», «շուտով քանդելու ենք, փոխհատուցում կստանաք» եւ այլն։ Այս անորոշ վիճակը չի խանգարել, որ բնակիչներից պահանջեն հողի վարձը, նրանց չափահաս տղաներին զորակոչեն։ Բայց խանգարել է, որ զորացրված նույն տղաներին, չափահաս դարձած աղջիկներին եւ թաղամասի հարսներին ու փեսաներին գրանցեն այն տարածքում, որի վարձը գանձում են անփաստաթուղթ բնակչից։ Իրենց զավակներին անձնագրավորելու համար ոմանք դիմել են դատական ատյանների օգնությանը։ Ի դեպ, սեփականության իրավունքը «նվաճելու» համար նույնպես պաշտոնյաները դատարանի ճանապարհն են ցույց տվել ընդվզող կոնդեցիներին։ Վերջիններս դա համարում են պետական մարմինների կողմից իրենց «ցրելու» ձեւ։ «Խախտվել է սեփականություն ունենալու սահմանադրական մեր իրավունքը, թող պետական ատյաններն իրենց սխալն ուղղեն, ոչ թե դատարան ուղարկեն մեզ»,- երեկ բողոքեցին մեր այցելուները։ Նրանք այս խնդրով հանդիպել են Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանի հետ։ Բնակիչների ասելով, թաղապետը հուսադրել է, որ հարցը պիտի լուծվի։ Նույնիսկ մեղադրել, թե ինչո՞ւ են այսքան ուշացրել։ Կոնդեցիների կարծիքով, եթե այժմ վկայականների խնդիրը չկարգավորվի, ապա թաղամասի իրացման ժամանակ իրենց կփոխհատուցեն այնքան, ինչքան «սրտները կուզի»։ Բնականաբար, նաեւ կասկածում են, թե տարիներ շարունակ հենց այդ նպատակով էլ ձգձգվել է սեփականության իրավունքի գրանցումը։ Ինչն, անշուշտ, տրամաբանությունից հեռու չէ։ Կոնդ թաղամասի իրացման բազմաչարչար ծրագիրն արդեն հաստատվել է։ Եկող տարեսկզբից այն կսկսի իրագործվել։ Թաղամասում բնակվողներն այս պահի դրությամբ ունեն երեք կարգավիճակ՝ սեփականության իրավունքի վկայական ունեցողներ, վարձակալության իրավունքի վկայական ունեցողներ եւ իրավունքի որեւէ ձեւ չունեցողներ։ Ինչպիսի՞ չափանիշներով կառաջնորդվեն փոխհատուցման ժամանակ։ Հաշվի կառնե՞ն այն հանգամանքը, որ անփաստաթուղթ մնացածները պարզապես հարգել են օրենքը եւ չեն փորձել զարտուղի ճանապարհներով ձեռք բերել արգելանքի տակ գտնվող տարածքի վկայական։ «Կոնդեցին չէր հայտնվի այս վիճակում, եթե 1994 թվին հանրապետությունով մեկ իրականացված անհատույց սեփականաշնորհման գործընթացը վերահսկվեր»,- վստահ էին խմբագրության այցելուները։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել