ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ԿԵՂԾՈՒՄ Է Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ արել է մի շարք, մեղմ ասած, ոչ ճիշտ պնդումներ: Նախ նա առարկել է ԵԽԽՎ բանաձեւում արձանագրված իրողությանը, թե ապրիլի 12- ի լույս 13-ի գիշերը ձերբակալվել են նաեւ լրագրողներ: Մինչդեռ հայտնի է, որ այդ օրը ձերբակալվել են «ՀԺ»-ի թղթակիցները, իսկ «ՉԻ» թղթակից Մհեր Ղալեչյանը ժամանակավոր պահման մեկուսարանում է մնացել մեկ օր: Գլխավոր դատախազն անդրադարձել է նաեւ «Առավոտի» թղթակցին: Նշել է, թե որոշ լրագրողներ հրաժարվում են հարցաքննության գալ, «ասում են՝ զբաղված ենք: Օրինակ, Աննա Իսրայելյանն ասում է՝ հոգնել եմ հարցաքննություններից»: Հարկ ենք համարում պարզաբանել. ապրիլի 5-ին լրագրողների դեմ բռնության փաստի առնչությամբ գործը հարուցվել է ապրիլի 8-ին՝ միայն այն բանից հետո, երբ եղածը հետաքննելու եւ մեղավորներին պատժելու պահանջներ էին հնչել «Լրագրողներ առանց սահմանների» եւ միջազգային այլ կառույցներից: Եվ երբ այդ մասին երեկոյան տեղյակ է պահվել մեր թղթակցին, նա հաջորդ առավոտ իսկ ներկայացել է հարցաքննության՝ նախ Կենտրոնի ոստիկանություն, հետո Երեւանի քաղաքային ոստիկանություն, որտեղ քննվում էր այս գործը՝ մինչեւ գործն իր վարույթ կվերցներ Երեւանի դատախազությունը: Նաեւ ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության: Այնպես որ՝ խոսք անգամ լինել չի կարող քննությունից խուսափելու մասին: Սակայն գլխավոր դատախազն առաջին անգամ չէ, եւ միայն լրագրողներին չէ, որ փորձել է թյուրիմացության մեջ գցել այս հարցի առնչությամբ: Նույն տեղեկությունը՝ հարցաքննություններից խուսափելու մասին, նա ավելի վաղ հայտնել էր նաեւ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանին: Ավելին՝ նրան փորձել էր նաեւ վստահեցնել, թե լրագրողները չեն ցանկանում բողոքել, քանի որ ներքին պայմանավորվածության են եկել վնասները հատուցելու վերաբերյալ: Հայտնում ենք, որ «Առավոտը» չունի ո՛չ մի նման պայմանավորվածություն: Եվ չնայած լուրեր էին տարածվել, թե նման պայմանավորվածության է եկել «Հայլուրը»՝ ջարդված տեսախցիկի փոխարեն նորը գնելու եւ ծեծված օպերատորին արտերկիր ճանապարհորդության ուղարկելու վերաբերյալ՝ հերքվեց այս տեղեկությունը եւս: Որեւէ մեկն օլիգարխների հետ առեւտուր չի արել կապտուկների դիմաց: Այնպես որ, Աղվան Հովսեփյանը ճիշտ կանի՝ դադարեցնի իրականությունը նենգափոխելու փորձերը, եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկել չկարողանալը կամ չցանկանալը չսքողի «հիվանդ գլխից առողջի վրա» բարդելու ջանքերով: ԱՌԱՎՈՏ