Լրահոս
Օրվա լրահոսը

Անհասկանալի առաջնահերթություն

Մայիս 06,2004 00:00

Անհասկանալի առաջնահերթություն Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, որոնք, ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի խոսքերով, սփյուռքի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ արտերկրում Հայաստանը ներկայացնող դեսպանների երեւանյան քննարկումների ժամանակ ճշգրտվել ու ամբողջական տեսք են ստացել, լուրջ մտորումների տեղիք են տալիս: Այդ առաջնահերթություններն, ի դեպ, բարեհունչ են եւ բովանդակային առումով վիճարկման ենթակա չեն: Անհասկանալի է, սակայն, թե կոնկրետ ինչ է նկատի առնվում արտաքին քաղաքական գերակա ուղղությունները նշելիս, երբ երկրում, ոչ առանց իշխանությունների հետեւողական ուղղորդման, տրամագծորեն հակադիր գործընթացներ են զարգանում: Եվ այսպես, թվարկենք հրապարակված առաջնահերթությունները՝ անվտանգություն, զարգացում, եվրաինտեգրում, ղարաբաղյան խնդիր: Այն, որ բանակը մեր անվտանգության երաշխիքների շարքում առաջնային դիրքերում չէ եւ, ըստ էության, միայն հարեւան Ադրբեջանին զսպելու խնդիր ունի, երբեմն չեն թաքցնում անգամ պետական բարձրաստիճան չինովնիկները: Թաքցնեն-չթաքցնեն, դա որեւէ բան չի փոխում, քանզի ակնհայտ ճշմարտություն է: Ակնհայտ է նաեւ այն, որ Հայաստանի անվտանգությունը կարող է երաշխավորվել միայն գոյություն ունեցող միջազգային անվտանգության համակարգերից որեւէ մեկում լիարժեքորեն ներգրավվելու պարագայում: Թե որքանով են այս հարցում ՀՀ «նախասիրությունները» հեռանկարային, առավել եւս՝ հուսադրող, մանրամասնել չարժե: Պարզապես, այս համատեքստում Օսկանյանի ուղենշած անվտանգությունը թերեւս հավելյալ բացատրության կարիք ունի: Հասկանալի չէ նաեւ, թե ինչ է նկատի առնվում զարգացում ասելով: Եթե խոսքը տնտեսական զարգացման մասին է, ապա մեր դիվանագետներին ու ազդեցիկ սփյուռքահայերին հավանաբար առաջարկվում է նպաստել արտասահմանյան կապիտալի ներհոսքին եւ ներդրումներին: Ցանկությունն, ինչ խոսք, բարի է: Սակայն չենք կարող չնկատել, որ ներդրումային գրավիչ մթնոլորտ ստեղծելն ամենեւին դիվանագետների խնդիրը չէ, իսկ կապիտալ տնօրինողներին համոզել փող ծախսել մի երկրում, որի տնտեսությունը տառացիորեն խեղդված է կոռուպցիայի մեջ, առնվազն նշանակում է անհարմար վիճակի մեջ դնել մեր դեսպաններին: Այստեղ չի փրկում անգամ այն հանգամանքը, որ ՀՀ դատախազության համակարգում օրերս ստեղծվել է կոռուպցիայի դեմ պայքարի բաժին: Օսկանյանական առաջնահերթություններից ամենաառեղծվածայինը, թերեւս, եվրաինտեգրումն է, հատկապես՝ վերջին իրադարձությունների լույսի տակ: Անըմբռնելի է, թե ինչպես են մեր պետական այրերը պատկերացնում եվրաինտեգրում կոչեցյալը, երբ դրա դրսեւորման ամենաթույլ փորձերն անգամ իշխանական քարոզչամեքենայի կողմից անմիջապես որակվում են իբրեւ ազգային դավաճանություն, իսկ ԵԽ-ի ուղղակի հանձնարարականները հաջորդ օրն իսկ արհամարհվում են պետչինովնիկների կողմից: Այս պարագայում հայկական դիվանագիտական կորպուսի խնդիրը երեւի թե կայանում է Եվրոպայում ապատեղեկատվություն տարածելու եւ Հայաստանն իբրեւ ժողովրդավարական երկիր մատուցելու մեջ: Ինչ կա որ. կարելի է փորձել, գուցեեւ մի բան ստացվի: Վերջապես՝ ղարաբաղյան խնդիրը: Առայժմ արձանագրենք միայն, որ սա ուղղակիորեն պայմանավորված է վերը նշված երեք առաջնահերթություններով: Տ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել