Ըստ ՀԿԿ-ի՝ «համակարգը դատապարտված է մահվան»
«Ընդդիմությունը խելոք քայլ է արել՝ մեկ անգամ եւս իշխանությանը հնարավորություն տալով հասկանալ իրավիճակը։ Միգուցե 10 օրը շատ է, որովհետեւ իշխանությունը շատ լավ գիտի՝ ինչ է կատարվում»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց ՀԿԿ առաջնորդ Ռուբեն Թովմասյանը։ «10 օրում ի՞նչ պիտի անի իշխանությունը»,- «Առավոտի» տարակուսանքն ընկեր Թովմասյանն այսպես փարատեց. «Ժողովուրդը պետք է զգա, որ իր՝ թեկուզ կեղծիքներով ընտրված իշխանությունը, որի ձեռքին կուտակված է երկրի ողջ հարստությունը, մտածում է ժողովրդի մասին»։
Նաեւ՝ «եթե անգամ ընդդիմությունը գնա այն քայլին, որ երկխոսության արդյունքում դադարեցնի հանրահավաքները, սա չեղավ, որ այդ հիվանդությունը բուժված է։ Ընդհակառակը, ժողովրդի զայրույթն ավելի է մեծանալու, այդ ժամանակ ոչ ոք, նույնիսկ ընդդիմությունը, չի կարող կանգնեցնել համաժողովրդական զայրույթը»,- կարծում է ՀԿԿ ղեկավարը։ Այս համատեքստում, Ռ. Թովմասյանի համոզմամբ, եթե ընդդիմադիր տասը պատգամավոր կառավարության հետ նույն սեղանի շուրջ նստի, զրուցի, ապա գնան ժողովրդին հանգստացնեն եւ իրենց տներն ուղարկեն՝ «դա երկխոսություն չի»։ Երկխոսությունը, կոմկուսի պատկերացմամբ, պետք է լինի նախագահ-ժողովուրդ, կառավարություն-ժողովուրդ։ «Ժողովուրդն ամբողջ կառավարությանը զոռով տարավ մարզեր, պատմեց իր դարդ ու ցավը։ Բայց որեւէ տեղ չենք լսում, թե այդ այցելություններից գյուղացին ի՞նչ ստացավ»,- հարց բարձրացրեց Ռ. Թովմասյանը։ Նա վերհիշեց 20-ական թվականները, երբ «մի քանի տարի շարունակ սերմացուն ու անասունները ժողովրդին անվճար էր բաժանվում, հարկերից ազատված էին»։ Մինչդեռ այսօր՝ «նույնիսկ բնական տարերքն են օգտագործում գները բարձրացնելու եւ իրենց բիզնեսը առաջ մղելու համար»։ Բերելով պաշտոնական մի քանի թվեր՝ 13,9% ՀՆԱ-ի աճ, $450 մլն-ի օգնություն արտերկրում բնակվող հարազատներից, որը ՀՀ պետբյուջեին հավասար գումար է, Ռ. Թովմասյանը տարակուսում է. «Եթե այսքան տնտեսական աճի ու ֆինանսական հոսքերի պարագայում ժողովրդի մինիմալ կենսամակարդակն ապահովված չէ՝ ինչի՞ մասին է խոսքը»։
Վերհիշելով ԵԽ ԽՎ նախորդ նստաշրջանի զարգացումները՝ ասաց. «Մի «այլ» բառ էին բանաձեւից հանել, տեսանք, թե ինչպես էին գլխարկներն օդ շպրտում։ Եթե մի բառի համար այդքան հորթային հրճվանք կար, ապա թող բարի լինեն այս հարցերի շուրջ էլ ժողովրդի կարծիքի հետ հաշվի նստել։ Բաղրամյան պողոտան պատերազմի դաշտ դարձրին, որտեղ ժողովուրդը դրոշներով էր պաշտպանվում։ Նախագահն այս բռնություններով այլեւս չի կարող ղեկավարել։ Համակարգը վերջնականապես դատապարտվեց մահվան՝ ես չգիտեմ ով է տանելու պատգարակով, սպիտակ սավանը վրան փռած»։
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ