Լրահոս
Օրվա լրահոսը

«ՕՐԵՆՔՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԷՐ»

Մայիս 06,2004 00:00

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 4-ին ստորագրել է ԱԺ-ի ընդունած «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքը։

Փաստորեն չորս
օրվա ընթացքում նախագահը հասցրել է ծանոթանալ եւ ստորագրել, այն դեպքում,
երբ բազմաթիվ օրենքներ ստորագրվում են բավականին ուշ՝ 21 օրվա ընթացքում։
Օրենքը մեկնաբանում է ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը։
– «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրինագիծը քննարկվեց եւ ընդունվեց «արագացված կարգով»։ Ինչպե՞ս եք բացատրում այս հապճեպությունը, երբ Վենետիկի հանձնաժողովը բացասական կարծիք էր հայտնել այդ օրենքի մասին, իսկ դուք էլ հավաստիացրել էիք, թե առանց հանձնաժողովի դրական եզրակացության օրենքը չի ընդունվի։ Նաեւ ԵԽ ԽՎ վերջին հայտնի բանաձեւում բացասական անդրադարձ կա այդ օրենքին։

– Ուրախ եմ, որ առիթ կա պարզաբանելու, որովհետեւ այս օրենքը չափազանց մեծ նշանակություն ունի այս օրերի համար եւ ընդհանրապես ժողովրդավարության հետ կապված։ Մենք ստացել ենք երեք եզրակացություն օրենքի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ։ Երեքն էլ բավականին կոշտ որակումներ էին տալիս եւ լուրջ հարցադրումներ էին անում։ Դրանից հետո ստացել ենք եւս մեկ կարծիք ԵԱՀԿ-ի կողմից, որը վերաբերում էր բավականին աշխատած, երկրորդ ընթերցման ներկայացված տարբերակներից մեկին։ Արտահայտված մեկնաբանությունների ճնշող մեծամասնությունը դրական էր։ Կային նաեւ մի քանի դիտողություններ։ Այդ ընթացքում Վենետիկի հանձնաժողովից որեւէ եզրակացություն մենք չենք ստացել։ ԵԽ գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերի ներկայացուցիչը՝ տիկին Վուտովան, քննարկման ժամանակ բանավոր կարծիք ասաց։ Ես նույն օրը խնդրեցի Վենետիկի հանձնաժողովի քարտուղարին՝ պարզաբանում տալ։ Այդ պարզաբանումն իմ ձեռքի տակ է եւ այնտեղ ասվում էր, որ իրենց փոխանցվել է ինչ-որ միջանկյալ տարբերակ։ Իրենք դեռ գրավոր եզրակացություն չեն տվել, սակայն մեկ հարցադրում ունեն, այն է՝ սահմանափակումները բավականին շատ են։ Խոսքն այն տարբերակի մասին չէր, որը ընդունվեց։ Ձեր հաջորդ հարցն այն է, թե ինչո՞ւ արագ ընդունվեց այս օրենքը։ Կարծում եմ, ավելի լավ է ունենալ բոլորի լիազորությունները սահմանող օրենք, քան այդ խնդիրները կարգավորել Գերագույն խորհրդի ինչ-ինչ որոշումներով։

– Արդյոք օրենքը չի՞ հակասում երկրի գլխավոր օրենքին եւ մարդկանց զրկում է ազատ տեղաշարժվելու իրավունքից։

– Իհարկե՝ չի սահմանափակում։ Սահմանադրությունը եւ կոնվենցիան սահմանում են, թե ի՞նչ խնդիրների եւ նպատակների համար կարող են սահմանափակվել մարդու մի շարք իրավունքներ։ Այս տեսակետից օրենքի եւ Սահմանադրության միջեւ հակասություն չկա։ Այլ բան է, եթե ասվի, թե այդ սահմանափակումը կարող էր լինել մի քիչ ավելի քիչ կամ մի քիչ ավելի շատ։ Սա քննարկման խնդիր է։ Այն նախագիծը, որն ընդունվեց որպես օրենք, արմատապես փոփոխվել է։ Մոտ հարյուրի հասնող փոփոխություններ են արվել։ Կարծում եմ, առաջին հերթին հենց ցուցարարների համար շատ ավելի օգտակար է այս օրենքի գոյությունը, քան ԳԽ-ի որոշումը։ Օրինակ՝ ցույցի, հանրահավաքի եւ այլնի անցկացման հետ կապված, օրենքն ասում է, որ պետք է պարզապես իրազեկել, այսինքն՝ թույլտվություն ստանալու կարիք չկա։ Ուրեմն՝ ավելի լավ է օր առաջ ծալել ու մի կողմ դնել ԳԽ-ի որոշման սահմանափակումները եւ գործել օրենքով։ Եթե կլինի օրենքը բարելավելու պահանջ, ոչ ոք չի խանգարում՝ քննարկել եւ բարելավել օրենքը, առավել եւս, որ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ինքս բազմիցս դիմել եմ ընդդիմության մեր գործընկերներին, որ գան մասնակցեն քննարկմանը, կամ գոնե ներկայացնեն իրենց առաջարկությունները։ Չարվեց դա։

– Եթե կոալիցիան իրոք ձգտում էր ընդդիմության հետ երկխոսության, ապա կար հնարավորություն՝ ընդդիմության տասը պահանջներից մեկը՝ միտինգներ արգելող օրենքի քննարկումն ու ընդունումը հետաձգելու մասին, իրականացնել եւ բարի կամք դրսեւորել։ Կոալիցիան նույնիսկ դա՛ չարեց։

– Եթե վերանանք ամեն ինչից, իհարկե՝ կարելի էր եւ արժեր դա անել՝ հետաձգել եւ հետո համատեղ ընդունել։ Բայց երկու հանգամանք կա։ Երբ խոսվում է ընդդիմության առաջարկի մասին, ապա չպետք է մոռանալ, որ այս ամիսներին միասին աշխատելու բազմաթիվ առաջարկներ եղել են։ Որեւէ մեկը չի ընդունել այդ առաջարկը։ Կարծում եմ, օրենքի կարեւորությունը հաշվի առնելով պետք էր գալ, ելույթ ունենալ եւ առաջարկներ ներկայացնել։ Ես վստահ եմ, որ եթե այս օրենքն ավելի շուտ լիներ, որոշ անցանկալի երեւույթներից մենք կկարողանայինք խուսափել։ Եթե մենք հունվարից հետո ոչ թե ընկնեինք այս գործընթացի մեջ, այլ՝ հունվարյան բանաձեւում արտահայտված կետերի մասով միասին աշխատեինք ընդդիմության հետ, այսօր ե՛ւ վարչական կալանքի, ե՛ւ հանրահավաքների հարցը լուծած կլինեինք։ Այսինքն՝ մի կողմից պարտավորությունների կատարման առումով որոշակի առաջընթաց կունենայինք, մյուս կողմից՝ ժողովրդավարության առումով մի շարք կարեւորագույն հարցեր կլուծեինք։

– Այժմ ԵԽ ԽՎ բանաձեւում իշխանությանն առաջարկվել է ազատ արձակել հանրահավաքի ձերբակալված մասնակիցներին, ընդդիմության ներկայացուցիչներին եւ ապահովել մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը։ Իշխանությունները ունե՞ն քաղաքական կամք բանաձեւում տեղ գտած պահանջները իրենց մասով իրականացնելու համար։

– Այդ բանաձեւը շատ կարեւոր էր։ Կարծում եմ, ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ մենք պիտի շատ լրջորեն վերաբերվենք դրան։ Կարծում եմ՝ իշխանությունները կկատարեն այն առաջարկությունները, որոնք արվել են իշխանություններին։ Ակնկալում եմ, որ նման բան կանի ընդդիմությունը։ Կարծում եմ, ժամանակն է ամեն ինչ մի կողմ թողնել՝ ավելորդ վիրավորանքները եւ այլն, եւ շատ լուրջ վերաբերվել բանաձեւին։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել