Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ

Մայիս 04,2004 00:00

ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ Իսկ ՀՀ իշխանություննե՞րը Ափսոս, որ մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ երեկ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» կազմակերպած հավաքին ներկա չէին իշխանության այն շրջանակները, որ արդարացնում են վերջին մեկ ամսվա բռնությունները, այդ թվում եւ՝ լրագրողների ծեծը։ Եթե ներկա լինեին, ապա կիմանային, որ Գերմանիայի դեսպան Հանս Վուլֆ Բարթելսը հայաստանյան ազատ մամուլին հաջողություններ մաղթեց։ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ռոջեր Ռոբինսոնն էլ ասաց, որ ազատ ԶԼՄ-ները կարեւոր են նույնիսկ տնտեսության զարգացման համար։ Թեեւ ԶԼՄ-ների կայացումն ու ազատությունը ապահովելը ՀԲ իրավունքն ու պարտականությունը չէ, այնուհանդերձ, ՀԲ-ն ֆինանսավորել է «Տեղեկացնելու իրավունք» գրքի հայերեն տարբերակի հրատարակումը։ Ըստ ՀԲ վիճակագրության, աշխարհի 6 մլրդ բնակիչներից միայն 1,2 մլրդն է ապրում ազատ մամուլ ունեցող երկրում, իսկ 80%-ը՝ 4,8 մլրդ մարդ, ապրում է երկրներում, ուր մամուլը լրիվ ազատ չէ կամ ընդհանրապես չկա։ Մինչդեռ, ՀԲ կարծիքով, ազատ մամուլը կարեւոր է ՀՀ առաջնահերթությունների համար՝ նպաստում է աղքատության, կոռուպցիայի դեմ պայքարին։ «ԶԼՄ-ները զարգացման գործիք են, որ կարող են նպաստել կառավարության պատասխանատվության աստիճանի բարձրացմանն ու ռեսուրսների ավելի արդյունավետ օգտագործմանը»՝ սա, ըստ ՀԲ ղեկավար Ջեյմս Վուլֆենսոնի։ Մնացած ելույթները եւս այս տրամաբանության մեջ էին։ ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Լիզ Գրանդե. «Հնարավոր չէ ունենալ ժողովրդավարություն, երբ մամուլը ազատ չի գործում»։ ՄԱԿ ՀՏՎ հայաստանյան գրասենյակի ղեկավար Վալերի Տկաչուկը կարեւորեց լրագրողների պաշտպանվածությունը, որը կարելի է ապահովել մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված միջազգային փաստաթղթերով ու հռչակագրերով: «Ազգի» գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյան. «Մամուլը հիվանդ է։ Ախտորոշումն ու պահանջները ճիշտ են։ Պետք են նոր մոտեցումներ։ Ողջունելի է մամուլին երկարատեւ վարկեր տրամադրելու նախաձեռնությունը։ Դրանով կազատվենք հովանավորությունից՝ պետական, թայֆայական»։ «Ինտերնյուսն» ու «Արտիկլ-19» կազմակերպություններն էլ դատապարտեցին բռնությունները։ Հայաստանի լրագրողների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը հրապարակեց «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության հայտարարությունը, որով փաստվեց բազմիցս ասվածը՝ «Ա1+»-ին հաճախականություն չտրամադրելը նշանակում է, որ ՀՌԱՀ-ն օբյեկտիվ եւ անկողմնակալ չէ, Հանրային հեռուստաընկերությունը շարունակում է մնալ գործադիր իշխանության կցորդն ու խոսափողը, իսկ «Ֆրիդոմ հաուզի» կարծիքով, Հայաստանի մամուլը անազատ է։ ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել