Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ, ՈՉ ԹԵ ՆՐԱ ՀԵՏ»

Մայիս 04,2004 00:00

«ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ, ՈՉ ԹԵ ՆՐԱ ՀԵՏ» Ասում է Արամ Զ. Սարգսյանը Երեկ «Արդարություն» դաշինքը ներկայացնող Վիկտոր Դալլաքյանը, Արամ Զ. Սարգսյանը եւ Գրիգոր Հարությունյանը ասուլիս էին հրավիրել ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի «Հ1»-ով տրված մեկնաբանությունների առիթով։ Պարոն Դալլաքյանը չզլացավ մեկ անգամ եւս մեջբերումներ անել ԵԽ ԽՎ օրերս ընդունած բանաձեւից՝ վերահաստատելով իրենց կարծիքը, որ դա «ապտակ էր ՀՀ իշխանություններին»։ Ի դեպ, երեկ քաղաքապետն իր հերթական գրությամբ տեղյակ էր պահել դաշինքին, որ «նպատակահարմար» չի համարում այսօր կայանալիք հանրահավաքը։ Այդ առիթով Վ. Դալլաքյանը հարց հնչեցրեց. «Իսկ ամսի 1-ին, երբ դիմավորում էին մեր պատվիրակներին, այդ միջոցառումը սանկցավորվա՞ծ էր մեր իշխանությունների կողմից, օրինակա՞ն էր։ Ընդ որում, հատուկ նշանակության օբյեկտները ենթակա են հատուկ պաշտպանության»։ Արամ Զ. Սարգսյանը խոսեց այսօրվա հանրահավաքից. «Այն երկրում, որտեղ իշխանությունն է ամեն օր խախտում օրենքը, ի՞նչ պիտի անի ժողովուրդը»,- այս հարցի ենթատեքստում արձանագրելով՝ «բոլոր բռնությունները, սկսած իմ եղբայր Արմեն Սարգսյանից, վերջացրած Վաղարշակ Հարությունյանով, քաղաքական են»։ Եվրոպական կառույցներն, ըստ նրա, վերջին խոսքը թողել են ժողովրդին՝ «ժողովուրդն էլ չի ընդունում այդ ընտրությունների արդյունքները»։ Հանրահավաքի հերթական «աննպատակահարմար» որակումը Ա. Սարգսյանին հիմք է տալիս հայտարարելու. «Այս իշխանություններն, անկախ ԵԽ որոշումներից, որեւէ հետեւություն անել չեն կարող»։ Ինչ վերաբերում է ամսի 1-ի դեպքերին. «Էն երիտասարդը, որը իշխանամետ է, նա արդեն պնակալեզ է։ Էդ երիտասարդները չմտածեցին, որ ամսի 13-ին ՀՀ նախագահի նստավայր էր պետք գնալ, որովհետեւ ավելի մեծ թուրքություն, քան սեփական ժողովրդին ծեծելու հրաման տալը, գոյություն չունի։ Սուտն ու կեղծիքը այս երկիրը պատել են։ Բանը հասել է նրան, որ ընդդիմությանը մեղադրում են իրավապաշտպանին կամ Մանուչարյանին ծեծելու մեջ։ Ընդդիմությունը էդ հնարավորությունը չունի, որ սափրած գլուխներ ունենա։ Էդ նույնն է, որ ինձ մեղադրեն հոկտեմբերի 27-ի մեջ։ Էդքան այլանդակվել չի կարելի»,- ասաց Ա. Սարգսյանը։ Իսկ ԵԽ ԽՎ բանաձեւը նա որակում է ուլտիմատում ՀՀ իշխանություններին՝ «տղե՛ք, եթե մինչեւ աշուն էդ խնդիրները լուծված չլինեն՝ դուրս կմնաք»։ Ու հայտարարեց, որ հանրահավաքները շարունակական բնույթ են կրելու՝ «քանի դեռ իշխանության թեւեր կազմող կուսակցությունները չեն հասկացել, որ երկխոսություն է պետք Քոչարյանի մասին, ոչ թե Քոչարյանի հետ»։ Գրիգոր Հարությունյանը գտնում է, որ «մենք մեր խնդիրները միշտ էլ մեր տանն ենք լուծել։ Հիմա էլ, որ ժողովուրդը դուրս է եկել՝ դրա համար է։ Մենք Ղարաբաղից տղա չենք բերում ծեծող… Մենք մեր հարցերը մեր ձեռով, մեր տանը կլուծենք»։ «Բազեների» առիթով՝ «չի կարելի օգտագործվել, հասարակությունը գնահատականը տալու է։ Թուրքը նրանք են, ովքեր մեր երկիրը տանում են Թուրքմենբաշու օրենքներով»։ Ապա՝ «Անընդհատ դավաճանողն իրավունք չունի դավաճանության մասին խոսի։ Մարդ, որը իր ամբողջ կյանքում, իր շրջապատում անընդհատ բոլորին դավաճանել է՝ իրավունք չունի դավաճանությունից խոսի»,- Քոչարյանի բոստանը քար գցեց Գ. Հարությունյանը։ ԱԳ նախարարի առիթով էլ նկատեց. «Մեզ կիսատ-պռատ ԱԳ նախարար պետք չէ։ Մեր պայքարը հենց դրա դեմ է, որպեսզի այդպիսի մարդիկ մեր երկիրը չներկայացնեն։ Իսկ սեւ-սպիտակը կարդալու համար գրագիտություն է պետք, թող վերցնի այդ բանաձեւն ու կարդա»։ Խնդրեցինք մեկնաբանություններ անել նաեւ այն լուրերի առիթով, որ հանրահավաքներին մասնակցող մարդկանց 3-հազարական դրամներով են բերում հրապարակ։ Գ. Հարությունյանը հակադարձեց այդ մեղադրանքները՝ «բոլոր երթուղայինների վարորդներին միտինգի օրերին 10 հազարական դրամ են տալիս, որ չաշխատեն։ Որեւէ մեկը չի համաձայնի 3000 դրամով գալ, ձերբակալվել, ծեծվել, ետ գնալ։ Սա գաղափարի խնդիր է։ Բացի այդ, ընդդիմությունը ֆինանսական լծակներ չունի։ Իրենց «բազեները» անգամ 3000-ով օդանավակայանում չեն կանգնի»։ Իսկ «թուրք, դավաճան» որակումների համար ընդդիմադիրները դատի չեն տա, որովհետեւ չեն վստահում դատական մարմիններին։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել