Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐՈՆՔ ՎԵՐԱԴԱՐՁԱՆ ԹՂԹԵ ՇԵՐԵՓՈՎ

Մայիս 04,2004 00:00

ՄԵՐՈՆՔ ՎԵՐԱԴԱՐՁԱՆ ԹՂԹԵ ՇԵՐԵՓՈՎ Փոխադարձ վիրավորանքներ եւ անհանդուրժողականություն Հայաստանյան պատվիրակության անդամները ինչպես որ առանձին-առանձին աշխատել էին ԵԽ ԽՎ-ում, այդպես առանձին էլ երեկ մամուլի ասուլիսներ հրավիրեցին՝ յուրաքանչյուրն իր հերթին եւ իր դիրքերից լուսաբանելով ԵԽ ԽՎ-ում կատարված անցուդարձը եւ Հայաստանի մասով ընդունված բանաձեւը։ Շավարշ Քոչարյան եւ Արտաշես Գեղամյան Ընդդիմության ներկայացուցիչներին օդակայանում շաբաթ գիշեր «դիմավորել» էր մարդկանց մի խումբ, որի ծագումնաբանական կազմի մասին ոչ ոք ոչինչ չգիտեր։ Զարմանալիորեն ճիշտ ժամին ճիշտ տեղում հայտնված «Հ2» եւ «Հ1» հեռուստաընկերությունները՝ լուսաբանեցին այն պաստառները, որ իրենց հետ բերել էին Արտաշես Գեղամյանին եւ Շավարշ Քոչարյանին «դիմավորողները»։ Դրանցում գրված էր «Արտաշես, հերիք դավաճանես», «Շավարշ՝ դավաճան» եւ այլն։ Մամուլի ասուլիսի ժամանակ «ԱՄ» նախագահ Արտաշես Գեղամյանը փորձեց բացատրել, թե որտեղի՞ց են հայտնվել իրենց դիմավորողները. «Թաղապետերին հրահանգ էր տրված երթուղային ավտոբուսները հանել երթուղուց, մարդկանց լցնել ու բերել օդակայան»։ Արտաշես Գեղամյանն ասաց, որ նման իրավիճակ ինքը կանխատեսել էր։ Նա ասաց նաեւ, որ այսօր իշխանություններն ամեն ինչ անում են, որ ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության լիազորությունները չճանաչվեն եւ չհաստատվեն։ Շավարշ Քոչարյանը անդրադարձավ բանաձեւի այն կետերին, որոնք ավելի ծանրութեթեւ էին արվել այս օրերին։ Նա նշեց, որ ինքն ու պրն Գեղամյանը երբեք չեն կարող կողմ լինել Հայաստանի՝ ԵԽ ԽՎ-ից դուրս մնալուն, որ պրոբլեմը ոչ թե մեր մենթալիտետն է, այլ այն, որ Հայաստանի իշխանությունները չեն կատարում եվրոպական պահանջները։ Իսկ ԵԽ ԽՎ-ից Հայաստանի դուրս մնալը «կարող է ձեռնտու լինել իշխանության ամենաբարձր օղակին։ Մենք պետք է քաջ գիտակցենք, որ վեհաժողովը չի կարող անվերջ հանդուրժել, որ իր անդամ երկիրը գործի հակառակ եվրոպական չափանիշներին»։ Շ. Քոչարյանը նկատեց, որ Հայաստանի հարցի քննարկմանը չեն մասնակցել ո՛չ թուրքերը եւ ո՛չ էլ ադրբեջանցիները. «Ինչ վերաբերում է նրան, որ իբր թուրքերի եւ ադրբեջանցիների շնորհիվ հասանք այս մակարդակին, ապա ուզում եմ ասել, որ Կիպրոսի հարցի հետ կապված՝ երեւացին այդ երկուսի բոլոր ձայները։ Բոլոր լծակները գործի դնելով, նրանք փաստորեն չկարողացան ապահովել նույնիսկ 40 ձայն։ Իսկ մեր հարցը օրակարգ է մտել 106 ձայնով եւ բացարձակ կեղծիք են տարածված բոլոր լուրերը»։ Տիգրան Թորոսյանը՝ միայնակ ԱԺ փոխնախագահն ասաց, թե սա այն հարցը չէ, որում լինեն պարտվողներ ու հաղթողներ, որ Եվրոպայի խորհրդարանը սպորտային մրցավազք չէ։ Ըստ Տիգրան Թորոսյանի՝ սեպտեմբերին անհրաժեշտություն չի առաջանա Հայաստանի պատվիրակության լիազորությունների վերանայման համար։ Պրն Թորոսյանը համակարծիք է ընդդիմադիր պատգամավորների հետ այն մասով, որ պատվիրակության լիազորությունների վերացման հարցը կնշանակի Հայաստանի հարցի քննարկում։ Թուրքերի եւ մյուսների մասով պրն Թորոսյանն ասաց. «Օրակարգի հաստատման ժամանակ մեր բոլոր հարեւանները կողմ էին, որ հարցը մտնի օրակարգ։ Իսկ ավելի ուշ՝ արդեն հարցը քննարկելու ժամանակ, մեր հարեւանները բացակայում էին դահլիճից»։ ԱԺ փոխնախագահը ներկայացրեց մի շարք, ըստ իրեն՝ խմբագրական փոփոխություններ, որոնք ավելի ճշգրիտ են ներկայացնում բանաձեւի էությունը։ Մասնավորապես հետեւյալը. բանաձեւի 2-րդ կետում նշված է, որ ապրիլի 5-ի հանրահավաքից հետո ձերբակալվեցին «շատ- շատերը», ըստ Տիգրան Թորոսյանի թարգմանության՝ «ավելի շատերը»։ 7-րդ կետի «բ» ենթակետում գրված է, որ «կեղծիքները վճռական ազդեցություն չունեցան ընտրությունների արդյունքների վրա եւ վերջնական արդյունքները անվավեր չհամարվեցին»։ Ըստ Տ. Թորոսյանի թարգմանության՝ «անվավեր չեն դարձել»։ Իսկ ձերբակալությունները եղել են ոչ թե «զանգվածային», այլ՝ պարզապես եղել են։ Տիգրան Թորոսյանը շարունակ շեշտում էր, որ բանաձեւը գրեթե նույնն է, ինչ հունվարին Հայաստանի մասին զեկույցը, սակայն. «Մեր դիրքերը հունվարից հետո շատ լավ էին, հիմա կես քայլ կամ մեկ այլ ետ ենք։ Ստացանք այն, ինչ ստացանք»։ «Ա1+»-ի մասով պրն Թորոսյանն ասաց, որ բանաձեւում տեղ գտած մեզ հայտնի ձեւակերպումը. «ստեղծել արդար պայմաններ լրատվամիջոցների բնականոն գործունեության համար, հատկապես հեռուստաընկերություններին հեռարձակման արտոնագիր եւ մասնավորապես «Ա1+»-ին հեռուստաալիք տրամադրելու ուղղությամբ», «բացարձակապես սխալ» է։ Իսկ ճիշտը, ըստ պրն Թորոսյանի, սա է. «ստեղծել արդար պայմաններ լրատվամիջոցների բնականոն գործունեության ապահովման համար, հատկապես հեռուստաընկերություններին, մասնավորապես՝ «Ա1+» հեռուստաալիքին՝ հեռարձակման արտոնագիր տրամադրելու ուղղությամբ»։ Ըստ պրն Թորոսյանի՝ խոսքը ոչ թե «ալիք տրամադրելու», այլ՝ «պայմանների» մասին է։ Տիգրան Թորոսյանը անդրադարձավ թուրքական եւ ադրբեջանական թեմաներին, նաեւ ընդդիմադիր պատգամավորներին «դիմավորելու» մասին հարցին պատասխանելով, ասաց. «Շատ տարօրինակ, միակողմանի մոտեցում կա։ Երբ հանրահավաքների ժամանակ, ցավոք սրտի, ԱԺ ամբիոնից ելույթների ժամանակ գնահատականներ էին հնչում՝ «թուրք, ադրբեջանցի, դավաճան, հանցագործ»՝ իշխանության եւ նախագահի հետ կապված, որեւէ մեկը նման հարցադրում չարեց, թե արդյո՞ք հարիր է մեզ՝ նման որակումներով միմյանց մասին խոսել։ Բայց եթե մարդիկ օգտագործում են նման որակումներ, ապա, պետք է պատրաստ լինեն, որ իրենց հասցեին էլ կարող են նման որակումներ հնչել»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել