Երեկ «Հայաստանյան PR ասոցիացիան» պաշտոնապես հրապարակեց սուրճի շուկայում իր կատարած ուսումնասիրությունների եւ պատվիրած փորձաքննությունների արդյունքները:
Այդ արդյունքներին «Առավոտն» արդեն անդրադարձել է. շուրջ տասը անուն, այդ թվում հայտնի ընկերությունների արտադրած սուրճեր սննդի համար պիտանի չեն, օսլա, թունավոր նյութեր են պարունակում: Հետաքրքիր է, որ ասոցիացիայի ներկայացուցիչները խախտումներ թույլ տված ընկերությունների անունները ոչ թե հնչեցրին, այլ լրագրողներին տրամադրեցին բուն փորձաքննության եզրակացությունները, համարելով, որ արդեն հասարակությունն ու պետական մարմինները պետք է որոշեն՝ ինչպես վարվել դրանց հետ: Այդ իսկ պատճառով, մենք էլ ենք առայժմ զերծ մնում անունները հրապարակելուց: Մանավանդ որ, սա թունավոր սուրճերի ողջ ցանկը չէ. փորձաքննության ենթարկված սուրճերը գնվել են վաճառողների առաջարկությամբ՝ «որ սուրճերն են ամենաշատը գնում եւ որոնք են շահումով» հարցին ի պատասխան: Այսինքն, այս արդյունքներն, ինքնին, չեն նշանակում, որ մնացած սուրճերի մեջ թունավորներ չկան կամ մնացածը ստանդարտներին համապատասխանում է, քանզի դրանք (եւս շուրջ 60 տեսակի սուրճ) չեն էլ ստուգվել:
Գործնականում հնարավոր է, որ կադմիումը սուրճի մեջ առաջացել է աճեցնելիս, ներկրելիս, փաթեթավորելիս եւ արտադրության ընթացքում: Այս մասին հուշեց կենսաբանական գիտությունների դոկտոր, էկոտոքսիկոլոգ Օլգա Ջուգարյանը:
Մասնագետները պնդում են, որ պետական ստանդարտներին համապատասխանության տեսակետից գրեթե նույն վիճակն է կաթնամթերքի, ալկոհոլային խմիչքների, ձեթի, հյութերի եւ այլ սննդատեսակների շուկաներում եւս:
Այժմ խոսքը Պետստանդարտինն է: Արդյոք Պետստանդարտը այս ակցիայից նեղացածի տեսք կընդունի՞, թե՞ կասի շնորհակալություն, սրանից հետո իմ գործը ես կանեմ ու մնացածն էլ ինքը փորձաքննության կենթարկի: Առավել եւս, որ եղածին կասկածելու հիմքեր չունի, որովհետեւ դրանք փորձաքննության են ենթարկվել ՀՀ փորձագիտական կենտրոնում, որը պետական կազմակերպություն է, եւ որի եզրակացություններն ամենահեղինակավորն են համարվում:
Իսկ սուրճ արտադրող ընկերությունները, մեր տեղեկություններով, անհանգստացած են, որովհետեւ իրենց պնդումներով արդեն իսկ վնասներ են կրում: Անհանգստանալու եւ մարդկանց թունավորելու փոխարեն, սակայն, լավ կանեին որակյալ արտադրանք տային: Արտադրողների դեպքում որեւէ այլ խելամիտ ելք, քան արտադրությունը կարգի բերելն է, ուղղակի բացակայում է այս պարագայում:
ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ