Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՌԱԿ-ԻՆ «ՔՑԵԼ» ԵՆ

Մայիս 04,2004 00:00

Ներքաղաքական եւ ներկուսակցական

Երեկ հրավիրած մամուլի ասուլիսում ներկայացնելով իր կուսակցության դիրքորոշումը հայաստանյան ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ, ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը հանդես եկավ ռամկավարական հայտնի՝ «ե՛ւ նալին, ե՛ւ մեխին» դիրքերից։ Սակայն ասուլիսի առավել հետաքրքիր մասը առնչվում էր ՀՌԱԿ-ի ներկուսակցական խնդիրներին։

ՀՌԱԿ հանրապետական վարչությունը հայտարարությամբ դիմել է Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանին՝ «առաջարկելով զերծ մնալ հիմնադիրների հետ (կոնգրեսի հիմնադիրներից է նաեւ ՀՌԱԿ-ը.- Ն. Գ.) առանց տեղեկատվության փոխանակելու եւ խորհրդակցելու հայտարարություններ հրապարակելու գործընթացից»։ Վարչությունը նաեւ հարկ է համարում հիշեցնել Ա. Աբրահամյանին, որպես Ռուսաստանի հայերի միության նախագահ, իր տված խոստումները, որոնք մինչ օրս չեն կատարվել. «$100.000 ՀՀ գրողների միությանը, 25.000 դոլար՝ ՀՀ գյուղակադեմիային եւ $50 մլն՝ ՀՀ մարզերում փոքր բիզնեսի զարգացման ծրագրերի համար»։

«Արդյո՞ք, այդ հայտարարությունը «Ազգ» օրաթերթի՝ Ա. Աբրահամյանի կողմից գնելու արդյունք է»,- լրագրողների մտավախությունը Հ. Առաքելյանը փարատեց այսպես. «Դրա համար Ա. Աբրահամյանից չպիտի նեղանանք։ Դա նրա համար հաջող գործարք էր։ «Ազգը» Թեքեյան կենտրոնի բաժնետեր էր։ Ա. Աբրահամյանն այդ գործարքի արդյունքում դարձել է կենտրոնի բաժնետեր՝ «Ազգն» էլ կոլեկտիվով նվեր է տրվել նրան»։ Այս տեսակետի թվային հիմնավորումն է՝ Թեքեյան կենտրոնը 2 մլն դոլար արժողության շենք է։ «Ազգը» 9%-ի բաժնետերն էր։ Գործարքի արդյունքում՝ բաժնետոմսերի 9%-ից 5-ի տերը Ա. Աբրահամյանն է։

Երկու օր առաջ ՀՌԱԿ շարքերից հեռացել են Շամիրամ Աղաբեկյանը, Գայանե Մուրադյանը, Լավրենտի Բարսեղյանը, Սերգեյ Գալստյանը եւ Ռուբեն Միրզախանյանը։

Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ. Գ. Մեր հարցին ի պատասխան, «Ազգի» բաժնետերերից մեկը՝
Ռուբեն Միրզախանյանը ասաց, որ «Թեքեյան» կենտրոնի բաժնետոմսերի եւ բաժնետերերի
մասին Հ. Առաքելյանի մտքերը ծիծաղելի են, քանի որ «Թեքեյան» կենտրոնը հիմնադրամ
է, իսկ հիմնադրամը չի կարող բաժնետեր ունենալ։ Պրն Միրզախանյանի մյուս մեկնաբանությունները՝
վաղվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել