Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին շանս՝ Աբաշիձեին

Մայիս 04,2004 00:00

Վերջին շանս՝ Աբաշիձեին

«Աջարական առյուծը հուսահատ ջղակծկումների մեջ է, նրա գործողություններն
ամենեւին բնորոշ չեն առյուծին եւ ավելի շուտ ավարը կորցնելու վերահաս վտանգից
կատաղած ու հիվանդ շան են հիշեցնում»:
Դժվար է չհամաձայնել վրացական թերթերից մեկում հնչած այս գնահատականի հետ հատկապես այն բանից հետո, երբ Աբաշիձեի հրամանով պայթեցվեցին Աջարական ինքնավարությունը Վրաստանի մնացյալ տարածքների հետ կապող բոլոր կամուրջներն ու ճանապարհները: Աբաշիձեն եւ իր մերձավոր շրջապատը փորձում են այս խելահեղ քայլը բացատրել վրացական զրահատեխնիկայի մուտքն արգելակելու, եւ այդպիսով՝ հավանական արյունահեղությունը կանխելու անհրաժեշտությամբ, մինչդեռ Թբիլիսիում կամուրջների պայթեցումը գնահատվում է ոչ այլ կերպ, քան ամենաուղղակի ահաբեկչություն: Վրաստանի ազգային անվտանգության խորհուրդն արդեն իսկ վերջնագիր է ներկայացրել Ասլան Աբաշիձեին, առաջարկելով 10 օրվա ընթացքում ինքնավարությունում վերականգնել սահմանադրական կարգը: «Մենք որոշեցինք մի վերջին շանս տալ Աբաշիձեին: Այդ ընթացքում նա պետք է օրինականություն հաստատի Աջարիայում եւ հանձնի զենքը: Հակառակ դեպքում ես ստիպված կլինեմ, օգտվելով իմ սահմանադրական իրավունքից, ցրել տեղական իշխանության մարմիններն ու նշանակել արտահերթ ընտրություններ»,- հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Իսկ բուն Աջարիայում օր օրի հասունանում են հումանիտար ճգնաժամի բոլոր նախանշանները: Միջազգային լրատվամիջոցները հաղորդում են, որ Բաթումը գրեթե դատարկվել է: Բնակիչների զգալի մասը ժամանակավորապես հեռացել է ինքնավարության համեմատաբար ապահով լեռնային բնակավայրերը: Կրկնակի-եռակի աճել են սննդամթերքի գները: Ինքնավարության մայրաքաղաքում իսկական սարսափի մթնոլորտ է: Մարդիկ կտրականապես հրաժարվում են հարցազրույցներից: Աջարիայում դադարեցված է վրացական հեռուստաալիքների սփռումը: Եթերում միայն աջարական հեռուստատեսության հաղորդումներն են: Ինքնավարության տարածքը տոտալ ինքնամեկուսացման մեջ է եւ զօր ու գիշեր հսկվում է Ասլան Աբաշիձեին հավատարիմ զինված խմբավորումների կողմից: Չնայած դրան, Բաթումից շարունակում են խումբ-խումբ Թբիլիսի փախչել Աբաշիձեից երես թեքած զինվորականներն ու ոստիկանները: Աջարիայում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ մեծ անհանգստություն կա Եվրոպայում: «Այն ժամանակ, երբ Եվրամիությունը տոնում է իր նոր անդամների մուտքը եվրոպական ընտանիք, Եվրախորհրդի անդամ երկրներից մեկում ապշեցնող փաստեր են տեղի ունենում»,- նշվում է ԵԽ գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերի ուղերձում: «Այժմ ոչ թե կամուրջներ քանդելու, այլ կամուրջներ կառուցելու ժամանակն է»,- ասում է Շվիմերը, Սահակաշվիլուն եւ Աբաշիձեին կոչ անելով զերծ մնալ իրավիճակն առավել պայթունավտանգ դարձնելուն նպաստող գործողություններից: Աջարական նոր զարգացումներին արձագանքել է նաեւ պաշտոնական Մոսկվան, «անթույլատրելի» համարելով խնդիրը ռազմատենչ հայտարարությունների եւ ուժի կիրառման սպառնալիքների ճանապարհով կարգավորելու փորձերը: Միեւնույն ժամանակ, Թբիլիսիում կամուրջների պայթեցումների մեջ հակված են տեսնել ռուս պաշտոնաթող գեներալ Յուրի Նետկաչեւի մեղքը:

ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել