Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՈՐՏԵ՞Ղ Է ԵՂԲԱՅՐԴ, ԿԱՅԵՆ

Մայիս 01,2004 00:00

ՈՐՏԵ՞Ղ Է ԵՂԲԱՅՐԴ, ԿԱՅԵՆ Աստված էլ գիտեր, թե ինչ պատահեց Աբելին, բայց… Հեյ գիտի, Վազգեն. ատրճանակ չէր քաշել, կողքին կանգնածի ականջին չէր փսփսացել, միջնորդ պատրաստ մեկին թաքուն չէր ապսպրել, թե՝ այսպես ու այսպես։ Հազիվ թե Ամերիկա, Մոսկվա եղած ժամանակ ճաշկերույթի սեղանին փոքր-ինչ գինովցած, անկեղծ առանձնազրույցի ջերմ մի պահի աքլորանար ու ասեր՝ տեսեք, Հայաստան հասնելիս ինչեր եմ անելու… Հազարների առաջ, BMW-ով, ջիպերով ժողովի եկած հարյուրների առաջ, թղթից մի պահ կտրվելով, դիմելով տասնյակ չռված աչքերով իր զինակիցներին, կուսակիցներին, լուսարձակների ու տեսախցիկների առաջ, խոսք բազմացնող լրագրողների ամեն ինչ տարածող հայացքների առաջ ընդամենը ասել էր. «Վանոն իմ ընկերն է»։ Հետո, թեթեւ դադարից վայրկյաններ անց, ավելացրել էր. «Ռոբերտն իմ ընկերն է»։ Կարծել էր խոսք է ասում։ Խնջույքի, քեֆի մեծ սեղան է գցած՝ ինքը թամադա է եւ սեղանապետի իրավունքով խոսք է ասում։ Կարծել էր հավասարեցրել է ու ինքնանեղված, իրեն ուղղելու ջանքից ավելի էր սխալվել՝ «Իրար հետ հաց ուտելը…»։ Հարմար շարունակություն չէր գտել։ Հարմար նախադասությունը արդեն կար։ Նախադասությունը սրամիտ էր թվացել։ Ասողը նախագահն էր, որ, հավանաբար, սրտի համարյա միեւնույն նեղվածության պահին ձեւակերպել էր շարունակությունը՝ «Քաղաքական կատեգորիա չէ»։ Ինքը արդեն քաղաքականություն էր անում, գիտեր՝ որն է քաղաքականությունը։ Ճշտի եւ ստի հեղհեղուկ արանքում հարմար արտահայտությունը միասին գտել էին՝ «կեղծ կատեգորիա»։ Դժվար է ասել՝ դրանից առա՞ջ, թե՞ դրանից հետո էր հասկացել, որ հավասարություն դնելով «ընկերների միջեւ»՝ ինչ անհավասար վիճակի մեջ էր դրել իրեն, ինչ կասկածելի կացության մեջ էր հայտնվել։ Հավասարություն դնելով՝ հաստատ չէր միացրել, միացնելու ցանկությամբ՝ հաստատ չէր հաշտեցրել։ Ընկերն ու էն մյուս ընկերը հաշտվողը չէին։ Էդպես չեն կարող միեւնույն կտուրի տակ պահել ազատ հովիտների հովատակին եւ կողքի գյուղ մանր առեւտրի տարված զամբիկին։ Արածը դիվանագիտության նման էր, բայց դիվանագիտություն չէր։ Արածը անչար ժամի, շառից հեռու մնալու կեղծ վարք էր, մի տեսակ ժողովրդական դիվանագիտության օրինակ։ Էդպես Թումանյանն էր փորձում հաշտեցնել Ղազախի թուրքին Լոռվա գյուղացու հետ։ Ու գլուխ էր բերում՝ միայն սպիտակ դրոշով։ Սպիտակ դրոշը չէր աշխատելու։ Հաստատ գիտեր, որ չէր աշխատելու Վանոյի ու մյուսի համար։ Ի՞նչ էր ասում Թումանյանը թուրքերին, որ թուրքին հաշտեցնում էր հայի հետ։ Ոչ ոք ոչինչ չի վկայում։ Երեւի պարզ բաներ էր ասում, իսկ պարզ բաները սովորաբար չեն վկայվում։ Միջնորդներով, եվրոպաներով, Ռուսաստանով հանդիպումներ չէին կազմակերպվում, ինքն էր, սպիտակ դրոշն էր։ Երեւի պիտի ասած լիներ՝ ախր հարեւաններ եք, իրար միս ուտեք-չուտեք, իրար հետ են ապրելու։ Երեւի Թումանյանի ժամանակ դեռ Թումանյանին հասու չէր էթնիկ անհամատեղելիության գիտությունը, երեւի ինքը իրական ճակատների մեջ երեք կատեգորիկ ճակատ չէր առանձնացնում։ Թումանյանին եւ իր ժամանակը հիշեցնող մի ուրիշ օրինակ էլ կա։ Թումանյանն՝ ի՞նչ- բանահյուսություն, ինքը՝ բանի ու այն հյուսելու մոգ. «…թե չէ մի ղաչախ կդառնամ ես էլ»։ Ասողը՝ բոլորդ գիտեք։ Փորձեք ժամանակ տեղաշարժել, ժամանակ փոխել, օրացույց կախել… ու գրեթե նույնը. «Եթե ինձ պաշտոնանկ անեն, ընդդիմություն կդառնամ»։ Չի ստում, չի կեղծում, սպառնում է, ճիշտ՝ ինչպես ամենայն հայոցի «Հառաչանքի» ծերունին՝ «թե չէ մի ղաչաղ կդառնամ ես էլ», որ ժամանակակից հայերենով թարգմանվում է «ընդդիմություն»։ Ոչ ավել, ոչ պակաս։ Քանի ձիու վրա եմ՝ քեզ ծառա, ձիուց իջեցրիր՝ տերը չեմ։ Ուղղակի ուղղամտության տիպար, պատկերն արտացոլող անխարդախ հայելի- վարչապետ։ «Մեզ ոչ ոք չէր հասկանա, եթե 2000 մարդ կաթվածահար աներ ամբողջ Երեւանը»,- ասում է մյուսը։ Թե խոսքն ո՞ւմ է ուղղված՝ բանասիրական ճշտում է պետք։ Բայց ճշտումն ինքն է անում՝ «ոչ ոք»։ Ուրեմն ուղղված է պատմությանը։ Ուրեմն՝ պատմությունն իրենց չէր հասկանա, ուզում է ասած լինել՝ պատմությունն իրենց չէր ների։ Թե չէ՝ չհասկացվելու գերխնդիրը կա ու կա։ Իհարկե, օտարները։ Օտարները չեն հասկանա։ Եվ օտարներից մեկը իրոք չի հասկանում, հարցնում է. «Ուզում եմ պարզել մի հարց, որը փոքր-ինչ դժվար է հասկանալ։ Եթե դուք այստեղ չեք ապրում եւ ծանոթ չեք տեղի վիճակին, որեւէ մեկը երբեւէ հարցրե՞լ է, թե ինչու է Հայաստանում իրավապահների անունից միշտ հանդես գալիս պաշտպանության նախարարը»։ Չհասկանալը էլ ո՞նց է լինում։ Աստված էլ գիտեր, թե ինչ պատահեց Աբելին, բայց հարցնում էր, չէ՞. «Որտե՞ղ է եղբայրդ, Կայեն»։ Ու չորս հազար տարի անց ոչ ոք չի պատասխանում։ Եվ չորս հազար տարի էլ անցնի՝ չի պատասխանելու։ Ի՞նչ պատասխանես։ ԹԱԴԵՎՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել