Լրահոս
Օրվա լրահոսը

Տուժելու մեխանիկան

Մայիս 01,2004 00:00

Տուժելու մեխանիկան Լրագրողների հետ երեկ կայացած հանդիպման ժամանակ, վերջին տարիներին ավելի շատ ներքին գործերով զբաղվող ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը նշեց, որ ԵԽ բանաձեւում տեղ գտած փաստերի մի մասը չի համապատասխանում իրականությանը, եւ ՀՀ իշխանությունները կարձագանքեն դրան: Պետք է արձանագրել, որ ՀՀ իշխանության ներկայացուցիչները, հատկապես վերջին շրջանում, շատ են սիրում դատավորի կեցվածք ընդունել եւ հարկ եղած դեպքում «սխալ հանել» զանազան եվրակառույցներում ընդունված որոշումները: Այս պարագայում թերեւս ավելի ազնիվ կլիներ թքել այդ «անամոթ» ԵԽ-ի վրա, ցուցադրաբար դուրս գալ «խաբեբաների» այդ համքարությունից ու ինտեգրվել, ասենք՝ արաբական երկրների լիգային: Ըստ Օսկանյանի, պաշտոնական Երեւանը մտադիր է ԵԽ ղեկավարության ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ բանաձեւում չի խոսվում հայկական ընդդիմության ծայրահեղական եւ հակասահմանադրական պահանջների ու կոչերի մասին: Արտգործնախարարը, սակայն, որեւէ խոսք չասաց այն մասին, որ գուցե թե իմաստ ունի ԵԽ ղեկավարության ուշադրությունը հրավիրել նաեւ այն հանգամանքին, որ ՀՀ իշխանություններն իրավունք չունեն միջնադարյան «լավագույն ավանդույթներով» ջնջխել անգամ ծայրահեղական կոչեր անող քաղաքացիների ամորձիները: Փոխարենը՝ պրն Օսկանյանն անչափ գոհ է, որ ԵԽԽՎ-ն չի աջակցել հայկական ընդդիմության ներկայացուցիչներին՝ վստահության հանրաքվե անցկացնելու մասին իրենց պահանջի ամրագրման հարցում: Բայց մի՞թե ակնհայտ չէ, որ ԵԽ-ն դեռ այն աստիճանի խելքը չի թռցրել, որ իր հազար ու մի դարդը թողած, հիմա էլ Հայաստանում վստահության հանրաքվեի անցկացմանն աջակցի: Մի՞թե եվրոպական բազմաթիվ դիտորդներ իրենց սեփական աչքերով չտեսան ու չհասկացան, թե առհասարակ ինչ է նշանակում Հայաստանում ընտրություն, հանրաքվե ու նման կարգի այլ՝ հայկական «հինավուրց» մենթալիտետին անհարիր միջոցառումների անցկացումը: Դե իհարկե, Օսկանյանը խիստ կարեւոր է համարում այն փաստը, որ ԵԽԽՎ բանաձեւը կասկածի տակ չի առել Հայաստանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները: Բայց չէ՞ որ միեւնույն է՝ եթե անգամ ԵԽ-ն կասկածի տակ առներ այդ արդյունքները (ինչն, ի դեպ, եվրոպական կազմակերպություններն այս կամ այն ձեւով մի շարք անգամներ արել են), այդ դեպքում Վ. Օսկանյանը հաստատ կվարվեր այնպես, ինչի մասին արդեն նշեցինք: Այսինքն, նա ուղղակի կհայտարարեր, որ «բանաձեւում տեղ գտած փաստերի մի մասը չի համապատասխանում իրականությանը»: Եվ վերջ: Այդ հարցը, գոնե Օսկանյանի համար, կփակվեր: «Ընդդիմությունը պետք է վերջապես հասկանա, որ նախագահի հրաժարականի մասին իր պահանջներն անհեռանկարային են»,- ասում է նախարարը: Սակայն նա չի ասում, որ իշխանությունը եւս պետք է վերջապես հասկանա, որ չի կարելի ծեծել լրագրողներին, իրավապաշտպաններին ու ընդհանրապես որեւէ մեկին: «Եթե բանաձեւում հիշատակված խնդիրները մինչեւ սեպտեմբեր չլուծվեն, եւ մեր պատվիրակությունը զրկվի ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից, կտուժեն ոչ թե իշխանությունները, այլ ողջ Հայաստանը: Կտուժի նաեւ ընդդիմությունը, որն այդ դեպքում կզրկվի ԵԽԽՎ-ի ամբիոնից»,- վախեցնում է Օսկանյանը: Բայց մի՞թե այդպիսով իշխանությունների համար կամայականությունների ավելի հարմար դաշտ չէր բացվի: Չէ՞ որ այդ ժամանակ այլեւս ոչ մի դատապարտող բանաձեւ ոչ ոք չի ընդունի: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել