Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆ – ՎՐԱՍՏԱՆ՝ 1:0

Մայիս 01,2004 00:00

Երեկ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի խաղադաշտում կայացավ Հայաստանի եւ Վրաստանի՝ մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստների հավաքականների երկրորդ հանդիպումը, որում մեր թիմը հաղթեց 1:0 նվազագույն հաշվով: Երկրորդ խաղակեսում մոտ 30-35 մետրից տուգանային գեղեցիկ հարվածով գոլը խփեց հավաքականի ավագ Էդգար Մանուչարյանը:

Թիմերի նախորդ օրը Արարատ քաղաքի «Արաքս» ստադիոնում կայացած հանդիպումն ավարտվել էր 0:0:

Երեկվա խաղում, ի տարբերություն նախորդի, մեր տղաներն ավելի լավ էին նայվում, թեեւ ընդհանուր խաղամակարդակը դեռ հեռու է բավարար լինելուց: Հանդիպումից հետո նույն համոզմունքն արտահայտեց նաեւ նորանշանակ ավագ մարզիչ Վարդան Մինասյանը: Նա նշեց, որ իր համար շատ դժվար հանդիպումներ էին, որովհետեւ ինքը մի քանի ֆուտբոլիստների լավ չէր ճանաչում: Դրա համար էլ մեկնարկային կազմը որոշելիս առաջնորդվել է այն մտածողությամբ, որպեսզի խաղային օղակներում դաշտում գործեն այն ֆուտբոլիստները, ովքեր երկար ժամանակ խաղացել ու հասկանում են միմյանց: Գնահատելով իր սաների երկու հանդիպումները՝ մարզիչն ընդգծեց, որ Արարատում տղաների համեմատաբար վատ հանդես գալն ուներ նաեւ օբյեկտիվ պատճառներ: Առաջինը դաշտի որակն էր, ապա՝ ֆուտբոլիստները երկար ժամանակ իրար հետ չէին խաղացել, իսկ համատեղ մարզվել էին ընդամենը մեկ օր: Այդուհանդերձ, տղաներին տեղեկացրել էր, որ հասկանալով այդ ամենը, ինքը կհանդուրժի ամեն բան՝ տակտիկական սխալներ, խոտան, բայց ոչ երբեք պայքար չմղելը, դաշտում չվազելը: Առաջին օրը նրա այդ պահանջները չեն կատարվել, իսկ երեկ տղաները ներդրեցին՝ ինչ կարող էին: «Այդուհանդերձ, կրկնում եմ՝ անելիքներ դեռ շատ կան: Հարկավոր է զբաղվել թե տեխնիկական, թե տակտիկական պատրաստվածության խնդիրներով, կարգավորել ինչպես խաղային օղակների ներսում, այնպես էլ միմյանց միջեւ համագործակցված գործողությունները, կարողանալ ստեղծել միասնական, կուռ կոլեկտիվ: Մեր գլխավոր նպատակը հոկտեմբեր ամսին կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարին հաջող մասնակցելն է: Ժամանակ քիչ կա: Պիտի անենք ամեն բան՝ այդ ժամանակ եվրոպական չափանիշներին համապատասխանող մակարդակի հասնելու համար: Այնտեղ այսօրվա ցույց տված խաղով առաջ չես գնա»:

Երեկվա խաղում տարածքային առավելությունը հիմնականում մեր հավաքականի կողմն էր: Սակայն նախաձեռնությունը ժամանակ առ ժամանակ անցնում էր մրցակցին: Գոլային պահերով էլ հայաստանցիները գերազանցում էին: Եվ եթե նրանք հաճախ չչարաշահեին անհատական խաղը, ժամանակին գնդակը փոխանցեին ավելի նպաստավոր դիրքում հայտնված խաղընկերներին, կարճ ու միջին փոխանցումներով գնդակն արագ տեղափոխեին մրցակցի կիսադաշտ, կարողանային օգտագործել ընձեռված գոլային պահերը, հաշիվն ավելի մեծ կլիներ: Մի բան էլ աչքի էր զարնում. «երկրորդ հարկում» մղվող պայքարում ավելի հաջողակ էին վրացիները: Հետեւաբար, մերոնք պետք է որ նախապատվությունը տային ցածրից խաղալուն: Սակայն դա շատ քիչ տեսանք: Հաճախակի էին նաեւ պաշտպանության թույլ տված սխալները, որոնցից կարող էին օգտվել հյուրերը: Բայց նրանք էլ հարմար պահերից օգուտ քաղելու ունակությամբ աչքի չընկան: Այս ամենի մասին ասացինք Վարդան Մինասյանին: Համաձայնելով մեր նկատած թերություններին՝ նա մեկ անգամ եւս ընդգծեց, որ մրցաշրջանն ըստ էության մեզ մոտ նոր է մեկնարկել եւ ինքն ու մյուս մարզիչներն աշխատելու են այդ ամենը հնարավորինս կարճ ժամանակում վերացնել – շտկելու ուղղությամբ: Իսկ վերջում ավելացրեց նաեւ, որ առանցքային խաղացողներ Ժորա Հովհաննիսյանի, Կառլ Լոմբեի, որոնք վնասվածք ունեն, բացակայությունը նույնպես բացասաբար է անդրադարձել այս խաղերում թիմի ընդհանուր մակարդակի վրա եւ հույս հայտնեց, որ նրանք արագ կապաքինվեն ու շուտով կմիանան խաղընկերներին:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել