Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՌԱՎՈՏ»-10

Մայիս 01,2004 00:00

«Ինձ
դուր է գալիս «Իրավունք» էջը»
Ճիշտ երեք ամսից կլրանա «Առավոտ» թերթի առաջին համարի լույսընծայման տասնամյակը: Այդ առիթով սկսում ենք հոդվածաշար, որտեղ նարկայացված կլինեն մեր ընթերցողների կարծիքներն «Առավոտի» մասին: Առաջինը խոսքը տալիս ենք Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանին:

«Նախ, շնորհավորում եմ տարելիցի կապակցությամբ: Հերթով ասեմ, թե ինչն ինձ դուր չի գալիս ձեր թերթում, եւ ապա՝ ինչն է դուր գալիս:

Նախ, ինձ դուր չի գալիս, թե ինչպես է «Առավոտում» լուսաբանվում ղարաբաղյան հարցը: Իմ կարծիքով, այդ հարցի լուսաբանումը միակողմանի է, ներկայացվում է միայն մի կարծիք, այնինչ՝ կան այլ կարծիքներ եւս: Վերլուծություններ արվում են միայն մի կարծիքի հիման վրա: Մյուս կարծիքը, որը վերաբերում է ԼՂ հակամարտության լուծման իրավական հիմնավորումներին, երբեք տեղ չի գտել «Առավոտի» էջերում: Բայց չէ՞ որ կա այդ տեսակետը, կա իրավական հիմնավորումը: Խոսքն այստեղ ոչ թե իմ համեստ անձին, որ նույնպես զբաղվել է այդ հարցով, այլ փիլիսոփայության դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանի վերլուծություններին է վերաբերում, որ մի ամբողջ պատրաստի փաթեթ ունի:

Դրականն այն է, որ «Առավոտը» շատ ինֆորմացիա է տալիս, եւ պատահական չէ, որ մենք ձեր մշտական բաժանորդներից եւ ընթերցողներից ենք:

Ես միշտ կարդում եմ «Իրավունք» էջը, որն ինձ շատ է դուր գալիս իր հագեցվածությամբ, եւ Ռուզան Մինասյանի պրոֆեսիոնալիզմով: Բայց երբեմն էջում լինում են ոչ հիմնավորված վերնագրեր: Միշտ այդ էջը ծայրից-ծայր կարդում եմ: Ձեր թերթը եղել է՝ մարդկանց հանդեպ դաժան եւ անմարդկային վերաբերմունքի դեմ հետեւողական պայքարողներից:

Դուր չի գալիս նաեւ այն, որ «Առավոտում» (իհարկե, ձեզ մոտ ավելի քիչ, քան մյուս թերթերում) երբեմն լինում են չճշտված տեղեկություններ, որոնք գրեթե ապատեղեկատվության են հասնում: Ուղղակի, կարծում եմ, որ «Առավոտում» աշխատող լրագրողների բարձր պրոֆեսիոնալիզմը թույլ է տալիս ընդհանրապես խուսափել չճշտված տեղեկություններ տալուց:

Ցանկանում եմ «Առավոտ» թերթին հետագա մեծ հաջողություններ եւ գտնում եմ, որ տեղեկությունների ավելի ստուգված լինելն ու վերլուծական նյութերին մեծ տեղ տալն «Առավոտին» կդարձնի լիակատար:

Պատրաստեց Մ. ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել