Սեւանի Վազգենյան դպրանոցի հոգեւոր տեսուչ Գարեգին աբեղա Հարությունյանը, որը գիտությունների թեկնածուի աստիճան է ստացել Գերմանիայի Այխշտետի համալսարանում՝ հոգեւոր խնամակալության գծով, փաստում է, որ վերջին շրջանում մարդիկ ավելի հաճախ են խոստովանահոր կարիք զգում։
Օրինակ, երիտասարդ Գարեգին աբեղա Հարությունյանին ավելի շատ երիտասարդներն են դիմում։ Իսկ աբեղային խոստովանվողների մեծ մասը միջին տարիքի է։ Կան զինվորականներ, ոստիկաններ, քաղաքական գործիչներ։ Նրանց անունները, բնականաբար, չնշվեցին։ Պարզվում է, հոգեւորականներն էլ, իրենց հոգեւոր սպասավորության ողջ ժամանակահատվածի, ողջ կյանքի համար ունեն խոստովանահայր, որին չեն կարող խաբել եւ որի խոսքը վճռորոշ է շատ դեպքերում։ Մասնավորաբար, որեւէ հոգեւորականի ձեռնադրման որոշումը պետք է անպայման արժանանա խոստովանահոր հավանությանը։ Հայ առաքելական եկեղեցին ունի ե՛ւ ընդհանուր, ե՛ւ անհատական խոստովանության կարգեր։ Եվ եթե ընդհանուրի դեպքում պատարագից հետո հավատացյալները քահանայի հետ միասին ընթերցում են մեղքերի խոստովանության շարքն ու թողություն խնդրում, ապա անհատականը «հոգեւորականի եւ հավատացյալի յուրահատուկ երկխոսություն է՝ Աստծո ներկայությամբ»։
Կաթոլիկ եկեղեցին խոստովանության գաղտնիքը պահպանելու համար պատնեշ է նախատեսել եւ խոստովանահայրը չի տեսնում խոստովանվող հավատացյալին։ Առաքելական եւ ուղղափառ եկեղեցիներում խոստովանությունը ուղղակի հանդիպումներն են հոգեւորականի հետ, ինչպես եկեղեցում, այնպես էլ եկեղեցուց դուրս՝ օրինակ, հովվատանը։ «Հայ առաքելական եկեղեցու ցանկացած հոգեւորական պատրաստ է ընդունել եւ լսել խոստովանություն։ Հիմնական եւ միակ նախապայմանը՝ տվյալ անհատն իր ցանկությամբ եւ ազատ կամքով պետք է գա ու դիմի նման օգնության»,- կարծում է Գարեգին աբեղա Հարությունյանը։
Բաց, ուղղակի երկխոսությունը, սակայն, չի նշանակում, որ մեր եկեղեցում չի պահպանվում խոստովանության գաղտնիքը. «Եթե որեւէ հոգեւորական բացահայտի խոստովանության գաղտնիքը, չի կարող որպես հոգեւորական պաշտոնավարել»։
Խոստովանության գաղտնիքը չի բացահայտվում անգամ, երբ խոստովանում է պոտենցիալ հանցագործը, հանցագործը, օրինախախտ որեւէ անհատ։ Ռումինիայում արձանագրված փաստ է. «Իրավապահ մարմինները եկեղեցուն առաջարկել են համագործակցել հանցագործությունները բացահայտելու եւ կանխելու գործում՝ խոստովանության գաղտնիքը հայտնելու միջոցով։ Եկեղեցին միակամ եւ միաբերան պատասխանել է՝ ոչ, դա անհնար է։ Յուրաքանչյուր հոգեւորական ինքն է թելադրում խոստովանվողին, հավատացյալին ճիշտ ուղու վրա դնում, ցույց տալիս ճշմարիտ ճանապարհը, որ նա չշեղվի ու չսայթաքի»։ Մեր զրուցակցին եւ մեր եկեղեցու հոգեւոր այլ սպասավորներին հանդիպել են օրինախախտ խոստովանվողներ։ Գարեգին աբեղայի փորձից. «Երկու երիտասարդ գողություն էին արել եւ այդ հանցագործության համար ուրիշին էին պատժում։ Խոստովանությունից հետո այդ երիտասարդները իրենց գողացածը նույն թաքուն ձեւով վերադարձրին»։ Այլ հոգեւորականների փորձից. «Տարիներ առաջ հանցանք կատարած մարդիկ են խոստովանել, ասել, որ տանջվում են, խեղդվում են մեղքի ծանրության տակ։ Խոստովանահոր թելադրանքով այդ մարդիկ ներկայացել են իրավապահներին, որովհետեւ՝ եթե ակնկալում ես մեղքերից մաքրում եւ ազատում՝ պետք է կատարես այն, ինչ խոստովանահայրն է ասում»։ Սա, սակայն, չի նշանակում, թե կարելի է անվերջ խախտել օրենք ու կարգ եւ անվերջ խոստովանել ու թողություն խնդրել։ Մոլորյալների ու սայթաքածների բոլոր մեղքերն էլ ներվում են. «Չներվող մեղքեր չկան։ Միակը, որ աններելի է համարում Քրիստոսը, դա հայհոյանքն է սուրբ հոգու դեմ»։
Ի տարբերություն եկեղեցում կատարվող այլ արարողությունների (հարսանիք, կնունք), խոստովանության համար խոստովանվողը որեւէ գումար չի ընծայում եկեղեցուն։
ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ