Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՆԱԿ ՉԷ

Մայիս 01,2004 00:00

«Նրա
իրավունքների պաշտպանությունը ստանձնել է նաեւ եվրոպական մեծ ընտանիքը»,-
ասում է Ազատական-առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը:

– Պարոն Հովհաննիսյան, իբրեւ ԵԽ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության երբեմնի ղեկավար, ինչպե՞ս եք գնահատում այս կառույցում ՀՀ-ում տիրող իրավիճակի վերաբերյալ ընդունված բանաձեւը:

– Հայաստանում ստեղծված վիճակը ԵԽ ԽՎ-ում արտահերթ եւ հրատապ կարգով քննարկման ներկայացնելու մասին ԵԽ նախարարների կոմիտեի՝ երկուշաբթի առավոտյան կայացված համապատասխան որոշումը հենց ԵԽ գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերի անձնական նախաձեռնության եւ նախարարների խորհրդի անհանգստության արդյունք է: Սովորաբար ԵԽ ԽՎ-ում մեկ կամ երկու արտահերթ հարցեր լինում են, որոնք ավելի շատ վերաբերում են գլոբալ խնդիրների: ՀՀ-ի հարցը հրատապ կարգով օրակարգ մտցնելով՝ ԵԽ-ն փաստորեն արձանագրեց, որ ՀՀ-ում իրավիճակը շատ անհանգստացնող է՝ ժողովրդավարական ինստիտուտների կայացման, մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության եւ հիմնարար այլ ազատությունների տեսանկյունից:

Այս օրերին եւ իշխանությունը, եւ ընդդիմությունը հայտարարում են, որ այդ բանաձեւը հատկապես իրե՛նց հաղթանակն է: Իմ կարծիքով, իրականում երկուսն էլ պարտվել են, իսկ ամենամեծ պարտությունը կրել է Հայաստանը՝ որպես պետություն: ԵԽ-ն 1374 համարի տակ հրապարակած բանաձեւով փաստեց, որ անհանգստացած է ՀՀ-ում արձանագրված լուրջ ետընթացով: Բանաձեւը հիմնված է ՀՀ գործող Սահմանադրության, Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների Եվրոպական Կոնվենցիայի վրա, որը ՀՀ-ն վավերացրել է: Այնտեղ հստակ ասված է՝ այո, մարդիկ ազատորեն հանրահավաք, ժողովներ, երթեր անելու, խոսքի ազատություն եւ տեղեկատվություն ստանալու իրավունք ունեն, որոնք ՀՀ-ում սահմանափակված են: ԵԽ-ի համար անհասկանալի է, Հայաստանում գործող է մի նորմ, որը կոչվում է «վարչական կալանք», «վարչական տուգանք»: Սա խորհրդային պետության մնացուկ է, ինչը հարիր չէ ԵԽ անդամ երկրին: ԵԽ-ն չի կարողանում հասկանալ, թե ինչու մարդիկ այսօր բանտում են գտնվում, երբ նրանք իրենց կարծիքն ու գաղափարները հայտնելու համար այնտեղ չպետք է լինեին: ԵԽ-ն նոր բան չի ասում, այլ՝ իշխանություններից պահանջում է հարգել ստանձնած պարտավորությունները: Ինչ վերաբերում է բանաձեւի՝ ընդդիմությանը ձեռնտու լինելուն, ապա՝ դա այդպես չէ: Բանաձեւն ընդամենը ընդդիմությանն ու ժողովրդին ուղղված եւ վերջիններիս իրավունքների բացատրությունն է: Եվ ընդդիմությունն ու ժողովուրդը նորից պետք է հասկանան, որ մենք իսկապես եվրոպական մեծ ընտանիքի անդամ ենք եւ այնպես չէ, որ այստեղ իշխանությունները հեշտորեն կարող են փորձել ճնշել ժողովրդին, սահմանափակել նրա իրավունքները: Ոչ: Կան միջազգային կառույցներ, կա այն մեծ ընտանիքը, որը միշտ կպաշտպանի պետության եւ ժողովրդի շահերը, երբ դրանք ոտնահարվում են իշխանությունների կողմից: Բայց ԵԽ-ն լինելով նաեւ իրապես ժողովրդավարական կառույց, ուղղորդում է նաեւ մեր ընդդիմությանը՝ բոլոր քայլերը պետք է լինեն մեր երկրի Սահմանադրության եւ ՀՀ վավերացրած միջազգային օրենսդրության շրջանակներում:

Իսկ ԵԽԽՎ-ում Հայաստանի վերաբերյալ ընդունված բանաձեւը շատ տխուր է այն իմաստով, որ մենք Եվրոպայի առաջ կրկին հանդես եկանք որպես մի պետություն, որի՝ ԵԽ-ին անդամակցության հարցը կարող է կասկածահարույց լինել այդ մեծ ընտանիքի շատ երկրների համար եւ կարող է լուրջ հարցադրումներ առաջացնել: Դատելով բանաձեւից, պետք է արձանագրել, որ ԵԽ-ն այնքան է կորցրել վստահությունը ՀՀ-ի հանդեպ, որ՝ այլեւս ոչ թե առաջարկում, այլ՝ պարտադրում է ստանձնած պարտավորությունները կատարել կոնկրետ ժամկետում, սպառնալով՝ հակառակ դեպքում, սեպտեմբերին ԵԽ ԽՎ-ի լիագումար նիստում քննարկման առարկա դարձնել մեր պատվիրակության անդամության հարցը: Իսկ դա կլինի նաեւ ընդդիմության կորուստը, որն այդ ժամանակահատվածում կզրկվի ԵԽ-ում որեւէ խնդիր բարձրացնելու իրավունքից, Հայաստանն էլ լուրջ պրոբլեմների առաջ կկանգնի, եթե իշխանությունները բանաձեւի պահանջները չկատարեն: Նրանք շատ են խոսում ներդրումների, տնտեսական աճի մասին: ԵԽ-ի կողմից պատժամիջոցների կիրառման պարագայում, դրանք բոլորը հօդս կցնդեն: Ես կարծում եմ, բանաձեւում արձանագրված բոլոր կետերը մեկ առ մեկ պետք է կատարվեն:

– Բայց տպավորություն կա, թե ՀՀ իշխանությունները ԵԽ-ին, ԵԽԽՎ բանաձեւն այնքան էլ լուրջ չեն ընդունում: Հիշենք թեկուզ, որ ճիշտ այն ժամանակ, երբ Վեհաժողովն արտահերթ կարգով քննարկում էր մեր երկրում ստեղծված իրավիճակը, այստեղ շարունակվում էր ոչ միայն մարդաորսը, այլեւ՝ ԱԺ-ն ընդունեց «Հանրահավաքներ, ժողովներ եւ երթեր» անցկացնելու մասին օրենքը, որն անընդունելի էր համարել ոչ միայն ՀՀ-ում ԵԱՀԿ դեսպանը, կամ՝ ԵԽ գլխավոր քարտուղարի հայաստանյան ներկայացուցիչը, այլեւ՝ դրա վերաբերյալ հստակ եւ որոշակի դրույթ կար ԵԽ ԽՎ բանաձեւի նախագծում, այսօր արդեն՝ ընդունված տարբերակում:

– Սա նշանակում է, որ իշխանություններն ավելի են կոշտացնում իրենց դիրքորոշումը եւ դրա պարզ օրինակներից մեկը հենց այդ օրենքի ընդունումն է, որի մասին եւ տիկին Վուտովան, եւ ԵԱՀԿ դեսպան պարոն Պրյախինը բազմիցս հայտարարել էին, թե հակասում է Եվրոպական Կոնվենցիային, նաեւ՝ ՀՀ Սահմանադրությանը: Սա նշանակում է, որ իշխանություններն այդ քայլերով Հայաստանն է՛լ ավելի հեռացրին ԵԽ-ից եւ եվրոպական ժողովրդավարական արժեքներից: Սա կոպիտ սխալ էր եւ լուրջ ետընթաց, որն անարձագանք չի կարող մնալ: Ցավոք, այսօր մենք համաշխարհային հանրության ողջ ուշադրությունը կրկին հրավիրել ենք Հայաստանի վրա՝ ասելով, որ անցած 10 տարիներին մենք ժողովրդավարության մասին միայն խոսել ենք եւ ոչինչ չենք արել գործնականում: Սրա հիմնական բեռն ու պատասխանատվությունը կրում են ՀՀ իշխանությունները, թեեւ պարտությունը եւ նրանցն է, եւ ընդդիմությանը, եւ մեր հասարակությանը:

Զրուցեց՝ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել