Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԵԽ ԽՎ ԲԱՆԱՁԵՎԸ ԱՊՏԱԿ Է ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»

Մայիս 01,2004 00:00

Ասում
է Վիկտոր Դալլաքյանը
«Արդարություն» խմբակցության քարտուղար, ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը երեկ ՄԱԱ հյուրն էր եւ խոսելով իշխանափոխության հնարավոր չորս տարբերակների մասին, չբացառեց, որ մյուս երեքի, այն է՝ վստահության հանրաքվե, իմփիչմենթ, հրաժարական, չիրականացման դեպքում կգործի Ռոբերտ Քոչարյանի հեռացման չորրորդ՝ հայկական տարբերակը։ Վիկտոր Դալլաքյանը չմանրամասնեց այդ տարբերակի էությունը, սակայն հավաստիացրեց, որ այն լիովին սահմանադրական եւ օրինական ճանապարհ է։ Հայաստանում առայժմ նախագահի հրաժարականի կամ պաշտոնանկության միայն մեկ տարբերակ է գործել՝ «հայտնի ուժերի պատճառով»։ Հնարավո՞ր է, որ պրն Դալլաքյանի ակնարկած հայկական տարբերակը հենց այդ «հայտնի ուժերի պահանջին» է վերաբերում։ Այս դիտարկմանն ի պատասխան, պրն Դալլաքյանն ասաց. «Կարող է իրականացվել դրսի պարտադրանքով, որը ես մերժում եմ, քանի որ սա ենթադրում է Հայաստանում ունենալ խամաճիկների իշխանություն։ Երկրորդը՝ պալատական հեղաշրջումն է, որն ունեցել ենք 98 թվականին, որը դարձյալ մերժում եմ։ Եվ երրորդ տարբերակը՝ ժողովրդի միջոցով իշխանափոխությունն է, որը միանգամայն ընդունելի է մեզ համար։ Բայց Հայաստանում դեռ չի ձեւավորվել դրա մեխանիզմը»։ «Առավոտը» նկատեց, որ իշխանական թեւի ներկայացուցիչների պնդմամբ, ընդդիմության ետեւից գնում է ընտրազանգվածի երկու տոկոսը միայն, որին չի կարելի ժողովուրդ կոչել։ Ուրեմն ընդդիմությունն ինչպե՞ս է պատրաստվում իրականացնել իշխանափոխություն՝ ժողովրդի միջոցով։ Վիկտոր Դալլաքյանը մեր դիտարկմանն ի պատասխան ասաց. «Իշխանության անորակության ապացույց է այն, որ գործող վարչապետը ահաբեկում է չընտրված նախագահին, որ իր պաշտոնանկության դեպքում կանցնի ընդդիմադիր դաշտ։ ԱԺ նախագահը հայտարարում է, որ խորհրդարանը լուծարելու դեպքում կսկսվի իմփիչմենթի գործընթաց։ Այսինքն՝ իշխանություններն իրենց աթոռներից կառչած մտածում են այդ աթոռները պահպանելու մասին։ Ինչ վերաբերում է այդ թվաբանությանը, ուղղակի այսպես կհակադարձեմ՝ եթե այդպիսի վստահություն կա, ուրեմն իշխանությունները կարող են եւ պարտավոր են անցկացնել վստահության հանրաքվե եւ իրականացնել ՍԴ-ի որոշումը»։

Վիկտոր Դալլաքյանը ընտրել էր լրագրողների հարցերին պատասխանելու բավականին ինքնատիպ ձեւ։ Նա հիմնականում մեջբերումներ էր կատարում ԵԽ ԽՎ-ի օրերս ընդունած բանաձեւից եւ ըստ էության պատասխանում էր «եվրոպական չափանիշներին համարժեք»։ Վիկտոր Դալլաքյանը մեջբերելով ԵԽ ԽՎ բանաձեւի 8-րդ կետը («վեհաժողովը համարում է, որ ընդդիմությունը լիիրավ օգտվելով խաղաղ հավաքների անցկացման սահմանադրական իրավունքից, միաժամանակ պետք է ձգտի իր նպատակներին հասնել Սահմանադրության շրջանակներում»), փորձեց ապացուցել, որ երբ ընդդիմությունը դնում է նախագահի հրաժարականի հարցը, ապա դրան կարող է հասնել Սահմանադրության 26-րդ հոդվածում ամրագրված ժողովներ, հանրահավաքներ, երթեր ու ցույցեր անցկացնելու միջոցով. «Այսինքն, ԵԽ-ի համապատասխան եզրակացության մեջ, որն, ի դեպ, մեզ համար ունի խորհրդատվական նշանակություն, ամրագրված է մեր այն մոտեցումը, որ նախագահի հրաժարականին մենք պետք է հասնենք Սահմանադրության շրջանակներում։ Եվ տեսեք, թե ինչ նուրբ ձեւակերպում է կատարված ԵԽ ԽՎ բանաձեւում. «2004թ. մարտ ամսվա վերջից Հայաստանի ընդդիմադիր ուժերը կազմակերպել էին մի շարք բողոքի ցույցեր, կոչ անելով անցկացնել «վստահության հանրաքվե»։ Եվ սրանից հետո տրված է գնահատականը. «Հետագայում ՍԴ-ն պարզաբանեց իր առաջարկը եւ ընդդիմության պահանջներն ու բողոքի ցույցերը իշխանությունները որակեցին որպես բռնի իշխանափոխության փորձ»։ Այս գնահատականներով ամեն ինչ ասված է»։

Վիկտոր Դալլաքյանը «ցավով» արձանագրեց, որ ԵԽ բանաձեւը «ապտակ է Հայաստանի իշխանություններին եւ ըստ էության դրանում արձանագրված է, որ Հայաստանում տեղի են ունեցել լայնածավալ բռնություններ եւ խախտումներ։ Կարծում եմ՝ իշխանությունները պարտավոր են հետեւություններ անել։ Տրված է ժամկետ՝ մինչեւ սեպտեմբեր ամիսը, երբ կժամանի մոնիտորինգի խումբ, որը այս ամենը կվերլուծի եւ կներկայացնի հանրությանը»։

«Առավոտը» նկատեց, որ օրերս ընդունված «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր ու ցույցեր անցկացնելու մասին» օրենքը, ըստ էության, ընդդիմությանը կզրկի հանրահավաք եւ ցույցեր անելու հնարավորությունից։ Ուրեմն որտե՞ղ եւ ինչպե՞ս է ընդդիմությունը շարունակելու իր «սահմանադրական ճանապարհը»։ Վիկտոր Դալլաքյանը պատասխանեց՝ կրկին հղում անելով ԵԽ ԽՎ բանաձեւին. «Բանաձեւի 5-րդ կետի «բ» ենթակետում նշված է, որ իշխանությունները հրաժարվել են արտոնել ընդդիմության հանրահավաքները, մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով չթույլատրված հիմունքներով։ Ավելին՝ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր ու ցույցեր անցկացնելու կարգի մասին նոր օրինագիծը Վենետիկի հանձնաժողովի փորձագետների կողմից գնահատվել է չափազանց սահմանափակող։ Միաժամանակ ԵԽ բանաձեւի համապատասխան կետում նշված է, որ ընդդիմությանը պետք է տալ ազատ հանրահավաքներ անցկացնելու հնարավորություն»։ Վիկտոր Դալլաքյանը պարզաբանեց, որ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ-ի կողմից վավերացված միջազգային համաձայնագրերը գերակայություն ունեն ՀՀ օրենքների նկատմամբ. «Այլ խնդիր է, որ անգամ ամենաժողովրդական օրենքի պարագայում իշխանությունները կկատարեն այնպիսի քայլեր, որոնք մինչ այժմ կատարել են»։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել