Լրահոս
Օրվա լրահոսը

Պատվոգրեր՝ գրադարանավարներին

Ապրիլ 30,2004 00:00

Պատվոգրեր՝ գրադարանավարներին Մշակվում է օրենք գրադարանների մասին Երեկ մշակույթի փոխնախարար Կարինե Խոդիկյանը «ՀՀ ազգային գրադարանային շաբաթ» (ԱԳՇ) ծրագրի միջոցառումները պատշաճ կերպով անցկացնելու եւ գրադարանային գործում ունեցած ծառայությունների համար Մշակույթի նախարարության պատվոգրեր հանձնեց ոլորտի մի խումբ՝ նաեւ մարզային գրադարանների աշխատակիցների: Պարգեւատրվածների թվում էին «Հայկական գրադարանային միություն» ՀԿ-ի նախագահ Ներսես Հայրապետյանը, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը, Ավ. Իսահակյանի անվան գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը, Խնկո-Ապոր անվան մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը, Սյունիքի մարզային գրադարանի տնօրեն Սուսաննա Մինասյանը եւ ուրիշներ: Տիկին Խոդիկյանը ԱԳՇ-ն կայացած համարելով՝ ասաց. «Առաջին անգամ է, որ նախարարությունը մասնակցում է գրադարանային շաբաթին ու այս ծրագրի շրջանակներում պատվոգրեր հանձնում»: «Իմ ամենասիրած թեման կանանցից հետո գրքերն են»,- կատակեց Ն. Հայրապետյանը, փաստելով, որ վերջին օրերի բազմաբնույթ միջոցառումները կարողացան նպաստել գրադարանները մոռացության վիճակից հանելուն: Գրադարանների աշխատողները հասան նրան, որ հոկտեմբերի 7-ը կառավարության որոշմամբ հռչակվեց գրադարանավարի օր, իրենց խնդիրները ներկայացրին ԱԺ մշակույթի, կրթության, երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանին ու հանրապետության առաջին տիկին Բելլա Քոչարյանին: «Գրադարանները կարիք ունեն պետական հոգածության, ոլորտը՝ օրենսդրական կարգավորման: Առանց գրադարանների՝ մեր երկիրը կրթական-տեղեկատվական որեւէ աջակցություն չի կարող ստանալ»,- ասաց պրն Հայրապետյանը: Դ. Սարգսյանը եւս կնոջ ու գրքի միջեւ զուգահեռ տարավ. «Կանայք էլ գիրք են, որ պիտի ընթերցես: Նրանք եզակի հրատարակություն են, բայց ոչ անձեռնմխելի: Որովհետեւ, ի տարբերություն կանանց, հազվագյուտ հրատարակությունները անձեռնմխելի ֆոնդում են պահվում»: Պրն Սարգսյանը ցավով նշեց, որ կտրվել է գրադարան-ընթերցող կապը: Նրա կարծիքով, պատճառը միայն այն չէ, որ գրադարանները տարիներով նոր գրքերով չեն համալրվում, «հաճախ մեղավոր են իրենք՝ գրադարանները, որ այցելուներին չեն կապում գրքի հետ, հետո էլ զարմանում ենք, թե ինչու է բնակչության 20 %-ը ընթերցում հանրային գրադարաններում»: Լուծված չէ նաեւ նոր հրատարակությունների պարտադիր օրինակները գոնե մի քանի գրադարաններ ուղարկելու հարցը: Ռ. Տոնոյանն էլ խոսեց թվերով: Նա տեղեկացրեց, որ գրադարանային շաբաթվա ընթացքում Խնկո-Ապոր անվան մանկական գրադարանում գրանցվել է 6000 այցելություն, 550 նոր ընթերցող, իսկ 50 առավել ակտիվ ընթերցողների մասնակցությամբ անցկացվել են միջոցառումներ: Փոխնախարար Կ. Խոդիկյանը լրագրողներին տեղեկացրեց նաեւ, որ այսօր նախարարությունում կհավաքվի համապատասխան աշխատանքային խումբը՝ քննարկելու «Գրադարանների մասին» օրենքի նախագիծը: «Կարծում եմ՝ մեր համագործակցությունը կունենա իր արդյունավետ ավարտը, եւ կստեղծվի ոլորտը կարգավորող օրենք»,- հույս հայտնեց տիկին Խոդիկյանը: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել