Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԵՆՔ ՄԱՐԻՈՆԵՏ ՆԱԽԱԳԱՀ»

Ապրիլ 30,2004 00:00

«ՄԵՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԵՆՔ ՄԱՐԻՈՆԵՏ ՆԱԽԱԳԱՀ» Տարեսկզբին իշխանափոխության հնարավորությունների վերաբերյալ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը թերահավատություն էր արտահայտում։ Իսկ առաջնորդի դերը նա խոստանում էր ստանձնել վերջում. «Նոր ժամանակների» մուտքով ներկայացումը կավարտվի»։ Երեկ «Առավոտը» հետաքրքրվեց պարոն Կարապետյանից, թե ե՞րբ է գալու այդ սպասված վերջը։ – Հարցն այն չէ, որ մենք օր առաջ չենք ուզում իրավիճակի փոփոխություն։ Պարզապես չենք ուզում ժողովրդին խաբել։ Մենք ցանկանում ենք գործել՝ պրագմատիկ ինֆորմացիա ունենալով։ Որպես կուսակցություն, փորձում ենք ցույց տալ բարոյական երեք հիմնասյուներ՝ չենք ծախվում, քաղաքական գործընթացներում փորձում ենք մնալ կամային։ Նույնիսկ այն պարագայում, երբ տարբեր սեւ PR-ներով պիտակներ են կպցնում՝ ես, որպես դպրոց անցած քաղաքական գործիչ գիտեմ, որ քաղաքական գործիչը ոչ թե ժողովրդի եւ հույզերի ետեւից պիտի գնա, այլ՝ ժողովրդին առաջնորդի։ Եվ երրորդ՝ պետք է կարողանալ վերլուծել եւ գտնել այն ռեալ իրավիճակը, որով կարելի է հասնել նպատակին։ – Իսկ ծախվելու առաջարկություններ եղե՞լ են։ – Այո։ Բայց՝ անուղղակի, մոսկովյան քաղաքական դեմքերի միջոցով։ Այս համակարգում մենք ընդդիմություն ենք եւ որեւէ պաշտոն չենք ընդունի։ Ենթադրենք, Ռ. Քոչարյանը հրաժարական տվեց։ Շատ դեպքերում ընդդիմությունը պատրաստ է իշխանություն ստանձնել, չեմ կարծում, որ ավելի վատ կառավարման համակարգ կունենա։ Բայց ներկայիս Ընտրական օրենսգրքով, հանձնաժողովներով, 40 օրում նախագահի պաշտոնակատարը կունենա՞ այդքան կամային հատկություններ եւ հնարավորություններ՝ փոխելու։ Սրան ավելացնենք գեոքաղաքական շատ լուրջ իրավիճակը։ Այդ ուժերից ո՞րն է հաղթելու։ Նա՝ ով ավելի շատ փող կծախսի։ Իսկ ո՞վ կծախսի՝ նա, ով կկարողանա դրսից այդ փողը բերել կամ՝ մաֆիական փողերը կհաղթեն։ Սա է լինելու իրողությունը։ Ես ձեզ հստակ ասում եմ՝ հաղթելու են ո՛չ նրանք, ովքեր հարթակում են, ո՛չ էլ՝ ես։ Այլ այն մարդիկ, ովքեր ահավոր մեծ փողեր կբերեն։ Մենք ունենալու ենք մարիոնետ նախագահ։ Լավագույն դեպքում՝ գեոքաղաքական ուժերի ազդեցության ոլորտում, իսկ վատագույն դեպքում՝ մաֆիայի։ Դրա համար, կարծում եմ, պիտի փուլ առ փուլ շարժվենք։ Այդ ծրագիրը մենք կներկայացնենք մոտ օրերս։ Եվ «Նոր ժամանակների» ժամանակը գալու է այն ժամանակ, երբ իշխանությունը, հասկանալով, որ իր խնդիրը ոչ թե ընդդիմության, այլ ժողովրդի ու երկրի հետ է, քննարկի եւ փորձի հասկանալ մեր առաջարկները։ Հաջորդ ալիքը, որը շատ ավելի հեղափոխական կլինի, գլխավորողներից մեկը լինելու է «Նոր ժամանակները»։ Վստահեցնում եմ ձեզ, մենք դրսից պապա չենք կանչելու։ Ամեն ինչ լինելու է ներսում եւ շատ սրընթաց։ Բայց դա չի նշանակում, որ մենք դրա ցանկությունն ունենք։ Ասեմ նաեւ, որ կոալիցիայի շատ ուժեր հաջորդ հանգրվանում լինելու են ժողովրդի կողքին։ – Որո՞նք։ – Ազգային գաղափարախոսության կողմնակիցները, որոնք հասկանում են, որ եթե երկրի ներսում բարեփոխումներ չեն կատարվում, ապա գիլյոտինի նման մարիոնետ նախագահը կախված է լինելու մեր գլխին։ Նրանք դա շատ լավ գիտակցում են եւ անհատական զրույցներում նույնիսկ ավելի ընդդիմադիր են, քան ես։ Ես չեմ ուզում մարդկանց դառնացնել՝ անուններ տալ։ «Նոր ժամանակների» ծրագրերի տպագրվելուց հետո ոչ ոք չի կարող ասել, թե ծրագիր գոյություն չունի։ Առավել եւս, որ դրանք ճշգրտված են տարբեր գեոքաղաքական կենտրոնների հետ եւ կատարման մեջ են հիմա։ Սեպտեմբեր-հոկտեմբերին Եվրախորհրդի եւ գեոքաղաքական ուժերի մուտքը չի լինելու այնպիսին, ինչպիսին այսօր՝ կողմ քաշվեցին եւ չփորձեցին որեւէ միջամտություն ունենալ։ – Որքանո՞վ է կոռեկտ, եթե ձեր ծրագիրը Հայաստանում դեռ չի ներկայացվել, բայց դրսում գործողության մեջ է։ Արդյո՞ք ուղղակի միջամտություն չէ։ – Բոլորն ասում են, որ Հայաստանում գեոքաղաքական ազդեցությունները մեծ են, բայց առանց բացատրություններ տալու։ Կարո՞ղ է այդ ազդեցությունը չլինել, եթե տնտեսության 78%-ը այլ պետության սեփականությունն է։ Բանակը կարո՞ղ է զերծ լինել նման ազդեցություններից, եթե սպայական կազմի պատրաստումը այլ երկրում է լինում, ռազմատեխնիկայի մեծ մասը գնում ենք։ Կա՞ մեկը, որը օբյեկտիվ կապացուցի՝ բոլորի հերն էլ անիծած, մենք՝ մենք ենք, վաղը «Ջերմուկը» կծախենք՝ ամեն ինչ կանենք։ Մի անգամ այդ հիմարությունն արեցինք։ Որպեսզի հիմարության այլ աստիճանի մեջ չընկնենք, պետք է ուղղակի հասկանանք՝ գեոքաղաքական ազդեցությունները եղել են, կան, կլինեն։ Պետք չէ ստրկամիտ դառնալ։ Ուստի մեր խնդիրը ոչ թե ծրագրերն իշխանություններին ներկայացնելով առաջ գալն է, այլ դրանց իրողությունների եւ հնարավորությունների ստուգումը տնտեսական դաշտում։ Միայն այդ կերպ են դառնում իշխանության ալտերնատիվ։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել