Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բարեգործական ճանապարհներ

Ապրիլ 30,2004 00:00

Բարեգործական ճանապարհներ Հանրապետության ճանապարհային ցանցի վերականգնման եւ պահպանման համար 1995-ից ծախսվել է 87,6 մլրդ դրամ։ Այս տեղեկությունը երեկ հաղորդեց տրանսպորտի եւ կապի փոխնախարար Հրանտ Բեգլարյանը՝ կառավարության ճեպազրույցի ժամանակ։ Նորոգումներից հետո նկատելի կրճատվել է միջպետական ճանապարհներից օգտվողների կրած վնասը. գումարային տեսքով այն կազմում է տարեկան 80 մլն դրամ՝ նախկին 155-ի փոխարեն։ Փոխնախարարի տեղեկացմամբ, մինչեւ սեպտեմբեր մայրուղիների վրա կտեղադրվեն 14500 ճանապարհային նշաններ, լուսային կողմնորոշիչներ, արգելափակոցներ։ Նախարարությունը նույնիսկ միջոցներ է հատկացրել արագաչափեր ձեռք բերելու համար. դրանք հատկացվել են Պետավտոտեսչությանը։ Ճանապարհների որակի մասին փոխնախարարը պարզաբանեց. «Դրանք կառուցվում են հին մեթոդներով։ Թեպետ աշխարհում նոր մեթոդներ շատ կան, բայց նորամուծությունը թանկ հաճույք է, չենք կարող օգտվել»։ Սակայն չզլացավ «լուսավորել» լրագրողներին. «Շվեյցարիայի ասֆալտներին ձյունը չի նստում՝ հալչում է։ Դա ասֆալտի ծածկույթի բաղադրությունից է։ Տեղ էլ կա՝ մաշված ավտոդողեր են օգտագործում ասֆալտի հումքի մեջ՝ ամրության համար»։ Համենայնդեպս, մինչ այժմ հիմնանորոգված 1217 կմ միջպետական նշանակության ճանապարհները պարոն Բեգլարյանը գնահատեց «Կովկասում ամենալավը»։ Ճիշտ հակառակ գնահատականը ստացան հանրապետական, տեղական եւ համայնքային նշանակության ճանապարհները։ «Կիլոմետրաժով» դրանք միասին կազմում են 6100 կմ, սակայն նորոգման կարժանանան միայն եկող տարվանից սկսած՝ Համաշխարհային բանկի վարկային ծրագրերով։ Ճեպազրույցի հաջորդ խոսնակը Բարեգործական ծրագրերը համակարգող կառավարությանն առընթեր հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանն էր։ Նրա ներկայացմամբ, անցյալ տարի հանրապետությունում մարդասիրական ծրագրեր են իրականացրել միջազգային 135 կազմակերպություններ, ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 44 մլրդ դրամ։ Հիմնական բարեգործները ԱՄՆ Միացյալ հայկական հիմնադրամն է, Հայ օգնության ֆոնդը, Հայ ավետարանչական ընկերակցությունը։ Ըստ հանձնաժողովի նախագահի, ծրագրերի կատարման ընթացքի հետ կապված՝ խոշոր խախտումներ չեն եղել։ «ԶԼՄ-ներում նման դեպքերի մասին գրվում է, բայց օգնություն ստացողներից բողոքներ չունենք, որ ընթացք տանք»,- ամփոփեց Վ. Մովսիսյանը։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել