Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունները հետեւություն կանե՞ն

Ապրիլ 30,2004 00:00

Իշխանությունները հետեւություն կանե՞ն Ստրասբուրգում մեր հարցի քննարկմանը չէին մասնակցում ո՛չ թուրքերը, ո՛չ ադրբեջանցիները ԵԽ Խորհրդարանական վեհաժողովը տասնմեկ կետից պահանջներ եւ դիտողություններ է արել եւ պարտադրել է սխալները շտկել մինչեւ սեպտեմբեր, հակառակ դեպքում, սպառնալով վերանայել ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության լիազորությունների հարցը։ Բանաձեւի մի շարք կետեր բավականին նման են կոալիցիային ներկայացված ընդդիմության պահանջներին, մասնավորապես՝ մարդու իրավունքների եւ սահմանադրական մասով։ Երեկ փորձեցինք բանաձեւի մասին իմանալ «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունների ղեկավարների տեսակետը։ Արդյո՞ք բանաձեւը կարող է մղել որոշակի հետեւությունների։ Պատասխանելով այս հարցին, «Արդարություն» խմբակցության ղեկավար, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն ասաց. «Կյանքը ցույց տվեց, որ այս իշխանությունները ի վիճակի չեն հետեւություններ անելու։ ԵԽ ԽՎ բանաձեւում նշված է, որ վեհաժողովը խորը հիասթափություն է արտահայտել նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից եւ ժամանակին կոչ էր արել պատասխանատվության ենթարկել բոլոր տեսակի կեղծարարներին։ Սակայն շատ լավ գիտեք, որ մինչ օրս որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել»։ Առաջին հայացքից ակնհայտ է, որ բանաձեւի վերջնական տարբերակը բոլորովին համահունչ չէ իշխանության արձագանքին։ Մասնավորապես՝ ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը մամուլում բավականին լավատեսական կարծիք էր հայտնել բանաձեւի մասին։ Ուրեմն ինչո՞վ բացատրել, որ հերթական անգամ եվրոպական կառույցի գնահատականը տարբեր մեկնաբանություն է ստանում. «Իշխանությունները հրճվանքի որեւէ պատճառ չունեն։ Մինչ այժմ իրենց հասցեին արված դիտողություններից իշխանությունները որեւէ հետեւություն չեն արել, գոնե հիմա ճիշտ կանեին՝ որոշակի հետեւություն անել այս փաստաթղթից»,- ասաց Ստեփան Դեմիրճյանը։ Նա նկատեց, որ ԵԽ ԽՎ բանաձեւի մասին խոսելիս ինքը մտադիր չէ ծանրութեթեւ անել, թե ով հաղթեց եւ ով պարտվեց. «Ես չեմ ուզում այդ տեսանկյունից դատել, թե ով հաղթեց եւ ով պարտվեց։ Բայց կարելի է արձանագրել՝ ցավալի է, որ մեր երկիրն այսպիսի վիճակում է։ Եվ մենք ամեն ինչ պետք է անենք, որ մեր երկիրն այս վիճակից դուրս բերենք։ Եթե իշխանությունները իսկապես մտածում են մեր երկրի մասին, պետք է սթափվեն եւ որոշակի հետեւություններ անեն»։ «Ազգային միաբանություն» խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը «Առավոտի» հետ հեռախոսազրույցում գնահատելով ԵԽ ԽՎ բանաձեւը, ասաց. «Այդ բանաձեւը շատ նպաստավոր է մեր ժողովրդի վճռականության դրսեւորման համար, որ թոթափենք այս հակաժողովրդական իշխանությունների բեռը։ Բանաձեւի վերջին կետը հստակ ասում է, որ եթե մինչեւ սեպտեմբեր Հայաստանի իշխանությունները չշտկեն այն բոլոր հակաժողովրդավարական դրսեւորումների արդյունքում թույլ տրված սխալները, ապա ԵԽ ԽՎ լիագումար նիստի ժամանակ կքննարկվի Հայաստանի պատվիրակության լիազորությունների հարցը։ Այսինքն՝ սա իր խստությամբ չափազանց ծանր որոշում է եւ այդ ծանր որոշումը կայացվել է, հաշվի առնելով այն ծայրաստիճան ողբալի վիճակը, որում Հայաստանը հայտնվել է պրն Քոչարյանի իշխանավարության տարիներին»։ Նախորդ օրը վարչապետ Անդրանիկ Մարգարյանը պատասխանելով մեր հարցին, ասել էր, թե ԵԽ ԽՎ-ում Հայաստանի հարցի քննարկման համար պետք է «փառք տանք Հայաստանի ընդդիմությանը, թուրքերին ու ադրբեջանցիներին»։ Իսկ պաշտպանության նախարարը կարծիք հայտնեց, որ թուրքերի եւ ադրբեջանցիների ուժը չի հերիքի այնքան, որ Հայաստանի պատվիրակության լիազորությունները կասեցվեն։ Արտաշես Գեղամյանը մեզ փոխանցեց, որ Հայաստանի հարցի քննարկմանը չեն մասնակցել ո՛չ թուրքերը, ո՛չ էլ ադրբեջանցիները. «Թե՛ պրն Սերժ Սարգսյանի, թե՛ Անդրանիկ Մարգարյանի հոգեվիճակը ինձ համար հասկանալի է։ Բռնցքամարտում դա բնութագրվում է իբրեւ խորը նոկաուտ։ Երբ այդ նոկաուտից դուրս են գալիս, սկսում են անհեթեթություններ ասել։ Ես իրենց հասկանում եմ, ավա՜ղ օգնել չեմ կարող, որովհետեւ որոշումը ընդունված է ոչ թե իմ, այլ՝ ԵԽ ԽՎ-ի կողմից»։ Արտաշես Գեղամյանը Ստրասբուրգից նշեց նաեւ հետեւյալը. «Երբեք ու երբեք չի կարելի միջազգային լրջագույն հարցադրումները փորձել լուծել Յոնջալախի կամ Տեղ գյուղի մակարդակով, որովհետեւ այսօր Եվրոպային հատուկ են արժեքներ, որոնցից չափազանց հեռու են թե՛ Ա. Մարգարյանը, եւ թե՛ Ս. Սարգսյանը»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել