Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՔԸ

Ապրիլ 30,2004 00:00

ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՔԸ Իշխանամետ քաղաքական ուժերը գերադասում են չանդրադառնալ այն հեռանկարին, որ Հայաստանի պատվիրակությունը կարող է զրկվել Եվրախորհրդում մանդատներից: Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ ընդունած բանաձեւում արտահայտված մտահոգությունների մի զգալի մասը ժառանգություն է նախորդ բանաձեւերից՝ խոսքը ե՛ւ վարչական կալանքներին վերջ տալու, ե՛ւ «Վարչական օրենսգիրքը» փոփոխելու, ե՛ւ ընտրակեղծիքների համակողմանի հետաքննություն անցկացնելու, ե՛ւ դրանց համար պատասխանատու անձանց անպատժելիությանը վերջ տալու, ե՛ւ «Ա1+»-ին հեռարձակման արտոնագիր տրամադրելու մասին է: Սակայն Հայաստանի իշխանությունները հետեւողականորեն անտեսեցին այս պահանջները՝ մինչ հասցրին նրան, որ Եվրախորհուրդն ուղղակի մինչեւ սեպտեմբեր ժամկետ սահմանեց, որի ընթացքում եթե այս քայլերը չկատարվեն՝ կվերանայվեն Հայաստանի պատվիրակության լիազորությունները: Այժմ է՞լ է շարունակվելու նույն գործելակերպը՝ տեղիք տալով, որ վտանգվի ԵԽ-ին անդամակցությունը՝ այս հարցն էր «Առավոտը» երեկ ճեպազրույցներում ուղղում ԱԺ իշխանությունը ներկայացնող խմբակցություններին: ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանն ի պատասխան ասաց. «Համաձայն չեմ այն գնահատականին, թե Հայաստանի իշխանությունները հետեւողականորեն անտեսում են այս մոտեցումները: Եթե ուսումնասիրեք վերջին շրջանի օրենսդրական գործունեությունը՝ պարզ կլինի, որ այս ուղղությամբ աշխատանք կա»: Հայտնեց, թե փոփոխություններ են նախապատրաստել «Վարչական օրենսգրքում»: ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը նշեց, որ Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունների մեծ մասը Հայաստանը կատարել է. «Հասել ենք այն հարցերին, որոնց կատարումը պահանջում է քաղաքական հստակ կամքի դրսեւորում գործադիր իշխանության կողմից: Ձեր շարադրած բոլոր կետերը վկայում են գործադիր իշխանության կողմից առայժմ դրսեւորվող քաղաքական կամքի բացակայության մասին»: Սակայն նաեւ հույս հայտնեց, որ մինչեւ ԵԽԽՎ սեպտեմբերյան նստաշրջանը՝ առաջադրված հարցերի մի մասը լուծում կստանա. «Նաեւ համոզված եմ, որ լուծում կստանան ոչ բոլոր հարցերը»: Ի դեպ, քանի որ Գուրգեն Արսենյանը ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ է՝ «ՆՏ»-ն հետաքրքրվեց, թե ինչու նա այժմ Ստրասբուրգում չէ: Պարզվեց, որ նա մտավախություն ուներ, թե գլխավոր դատախազը միջնորդելու է ԱԺ-ին անձեռնմխելիությունից զրկել ընդդիմադիր որոշ պատգամավորների, եւ այդ պատճառով է մնացել Հայաստանում՝ այդ գործընթացին խոչընդոտելու համար: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը մեր հարցին ի պատասխան, սկսեց խոսել այն մասին, թե անթույլատրելի է, որ «օտար աշխարհներում» քննարկվեն մեր երկրի խնդիրները եւ, որ ընդդիմությունն «ուրիշի ջրաղացին ջուր լցրեց»: Հավաստիացրեց, թե ԵԽԽՎ մատնանշած խնդիրների ուղղությամբ աշխատելու են. «Ընդ որում՝ պիտի մասնակցի նաեւ ընդդիմությունը»: Սակայն ի՞նչ դերակատարություն կարող է ունենալ ընդդիմությունը բանաձեւից մեր մեջբերած պահանջների առնչությամբ, երբ ո՛չ ձերբակալություններ է իրականացնում, ո՛չ կարող է պատժել ընտրակեղծարարներին, ո՛չ էլ բացել «Ա1+»-ը: Սրանք բացառապես իշխանությունների լուծելիք խնդիրներ են, եւ եթե նրանք չեն ցանկանում դա անել՝ չի՞ ստացվում, որ հենց իրենք են ջուր լցնում այդ «ուրիշների» ջրաղացին: Մեր այս հարցադրումներին ի պատասխան՝ պրն Սահակյանն ասաց. «Այն կարծիքին չեմ, որ իշխանությունը չի ուզում դա անել: Լրի՛վ հակառակ կարծիքի եմ. ամեն ինչ արվում է, որ Եվրոպայի ունեցած չափորոշիչները կարողանանք կիրառել մեր երկրում»: ՀՅԴ խմբակցության քարտուղար Հրայր Կարապետյանը մեր հարցին ի պատասխան ասաց. «Այդ կետերի մեջ տեսնում ենք նաեւ մեր մոտեցումները»: Խնդրեցինք հստակեցնել, թե ո՞ր դրույթների մասին է խոսքը, քանի որ ո՛չ վարչական կալանքները դադարեցնելու, ո՛չ ապօրինությունների հեղինակներին պատասխանատվության ենթարկելու պատրաստակամությունը չի արտահայտվել ՀՅԴ-ի եւ կոալիցիայի վերջին հայտարարությունների մեջ: «Բոլոր այդ խնդիրներն օրենսդրական աշխատանքի կարիք ունեն,- պատասխանեց Հրայր Կարապետյանը:- Եվ մենք՝ ընդդիմության հետ համատեղ աշխատանք ասելով նկատի ունենք նաեւ այն, որ «Վարչական օրենսգրքի» վրա միասին աշխատենք. նույնը պատրաստ ենք անել նաեւ ձերբակալությունների կամ «Ընտրական օրենսգրքի» մշակման առնչությամբ»: Համաձայնեք, որ «Ընտրական օրենսգիրքը» եւ ընտրակեղծարարներին պատժելը տարբեր բաներ են: «Ժողպատգամավոր» խմբի քարտուղար Վահրամ Բաղդասարյանը համոզմունք հայտնեց, թե ԵԽԽՎ առաջադրած բոլոր խնդիրները լուծելի են, եւ հայտարարեց, թե իրենք կողմնակից են, որ պատժվեն ընտրակեղծարարները: Իսկ այն հեռանկարը, որ ԵԽԽՎ պահանջների հերթական չկատարումը հանգեցնելու է Հայաստանի հանդեպ պատժամիջոցների կիրառմանը՝ գրեթե բոլոր խորհրդարանական ուժերը նախընտրեցին շրջանցել, եւ բառ անգամ չասացին այդ մասին: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել