Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՍ ԿՆՈՋ ԻՇԽՈՂ ՏԵՍԱԿՆ ԵՄ»

Ապրիլ 30,2004 00:00

Ասում է Նադեժդա Բաբկինան

Ապրիլի 26-30-ը անցկացվող Ռուսաստանի մշակույթի օրերի շրջանակներում, ի թիվս այլ արվեստագետների, Հայաստանում է հանրահայտ երգչուհի Նադեժդա Բաբկինան՝ իր «Ռուսկայա պեսնյա» անսամբլի հետ։

Մեր հանդիպման սկզբում Ն. Բաբկինան տեղեկացրեց, որ երգչուհու իր մասնագիտության շնորհիվ շատ է շրջագայել, եւ այն ամենը, ինչ տեսել է պատկերասրահներում, լսել համերգային դահլիճներում, ապրել ձեռակերտ տաճարներում, իր մեջ սնել են անսասան համոզմունք՝ արվեստը ողջ մարդկության հոգեւոր հայրենիքն է, «եւ, որ ամենակարեւորն է, արվեստի ցանկացած տեսակի հիմքը ժողովրդականն է»։

Ըստ երգչուհու, յուրաքանչյուր ժողովրդի երգ արտացոլում է նրա ապրած ժամանակը, «պետք է հնչի անլռելի»։ Այսօր եւ ընդհանրապես, կարիք չկա փորձարկելու այդ երգերը։ Դրանք սրբագրել է կյանքը։ «Արվեստի ոչ մի տեսակ այնպիսի իշխանություն չունի մարդկային հոգու վրա, որքան երգը»,- համոզված է Ն. Բաբկինան։ «Ժողովրդական արվեստում կարող ենք հանդիպել արտաքուստ զարմանալի թվացող երեւույթների. մի ժողովրդի մեղեդին կարող է սիրել ու որդեգրել մի ուրիշ ժողովուրդ եւ այնպես հիմնավոր յուրացնել, որ այլեւս մոռացվի նրա նախնական ծագումը։ Առանց ներթափանցման պրոցեսի չի կարող զարգանալ ոչ մի ժողովրդի երգարվեստ։ Օրինակ, ռուսական մշակույթը, որքան էլ ինքնուրույն եւ ինքնատիպ, միշտ ունկնդիր է եղել աշխարհի ձայներին, այդ թվում՝ հայ երգի հնչյուններին»,- նշեց Ն. Բաբկինան։ Նա տեղեկացրեց, որ իր՝ 1975թ. հիմնադրած «Ռուսկայա պեսնյա» անսամբլում ժամանակ առ ժամանակ աշխատել են հայ երգիչներ. «Հայկական ժողովրդական երգին ինձ ու իմ անսամբլի արտիստներին մշտապես ունկնդիր է դարձնում «Ռուսկայա պեսնյայի» արտիստ, երգիչ Կարեն Հարությունյանը, պահպանելով տվյալ երգի նախնական կերպը եւ կատարման այն միամիտ շեշտը, երբ մեղեդին ծնվում է որպես հոգու պահանջ եւ ոչ որպես գեղագիտական պատվեր։ Ցանկացած ազգի ժողովրդական երգ տվյալ ժողովրդի բնութագիրն է»։

«Առավոտի» խնդրանքին՝ «Ծանոթ լինելով հայկական ժողովրդական երգերին ու առաջին անգամ այցելելով Հայաստան, բնութագրեք, խնդրեմ, մեզ՝ հայերիս», Ն. Բաբկինան ասաց. «Հայերիդ մասին պարզապես լեգենդներ եմ լսել։ Իմ այս այցով Հայաստան՝ ոգեւորված ու հուզված էր մայրս։ 1988-ի երկրաշարժից հետո Գյումրիի ռուսական զորքերի գումարտակում էր ծառայում վաղամեռիկ եղբայրս՝ ռուսական բանակի հրամանատար Վալերի Գեորգովիչը։ Հայաստանյան իմ առաջին մենահամերգը եղավ Գյումրիում։ Այցելեցի եղբորս ծառայած զորամաս։ Ուշադիր լսում էի հայ եւ ռուս հրամանատարների պատմածները նրա մասին։ Հուզվեցինք բոլորս ու այստեղ էլ օգնության եկավ հայկական ժողովրդական երգը։ Կներեք, չմանրամասնեմ։ Ինձ համար դժվար է։ Միայն ասեմ, որ լսածս ու տեսածս համահունչ էին»։

Ն. Բաբկինան շատ է ափսոսում, որ Հայաստան այցելության առաջին օրը՝ ապրիլի 25-ին չի երեւացել Արարատը։ «Բայց հաջորդ օրը պետք էր տեսնել արտիստների իրարանցումը, երբ վաղ առավոտյան մեկը մյուսին ձայն էին տալիս՝ վայրկյան առաջ տեսնելու բիբլիական Արարատը։ Խոսք չկա՝ հիացած ենք, միայն չենք կարող մոտ գնալ։ Դե, դա ուրիշ հարց է։ Ի դեպ, ձեր Արարատն էլ՝ իր ողջ վսեմությամբ, կարելի է եւ երգ, եւ արվեստի գործ համարել։ Ես կասեի՝ ժողովրդական երգ է, այն էլ ի՜նչ խոր բովանդակությամբ»,- նշեց երգչուհին։

Մեր՝ «Ձեր կատարմամբ լսելով անգամ քնարական երգեր, չգիտես ինչու, տպավորություն է ստեղծվում, որ դուք կնոջ իշխող տեսակ եք» դիտարկմանը Բաբկինան պատասխանեց. «Այո։ Ես արդեն ասացի, որ արվեստի ոչ մի տեսակ այնպիսի իշխանություն չունի մարդկային հոգու վրա, որքան երգը։ Կատարելով դրանք, բնականաբար, իշխանություն պետք է ունենաս ու ազդես այդ հոգիների վրա»։

Մեր հանդիպման վերջում, մի կողմից չցանկանալով ներխուժել երգչուհու անձնական կյանք, այնուամենայնիվ, հարցրինք. «Սիրո՞ւմ եք լուսանկարվել, ո՞ւմ լուսանկարն եք պահում ձեզ մոտ։ Կա՞ այնպիսի մեկը, որ լուսանկարներում միշտ ուղեկցում է ձեզ»։ Ն. Բաբկինան պատասխանեց. «Հասկացա հարցի նուրբ ենթատեքստը։ Կպատասխանեմ ուղիղ՝ ամուսին բառը չեմ նախընտրում, իսկ կյանքիս այս հատվածի եւ լուսանկարներում իմ ուղեկիցն է երիտասարդ երգիչ Ժենյա Գոռը»։

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել