Լրահոս
Օրվա լրահոսը

«ՑԱՆԿԱՑԱԾ ԿԵՏ ԶՐՈ՞ Է»

Ապրիլ 30,2004 00:00

«ՑԱՆԿԱՑԱԾ ԿԵՏ ԶՐՈ՞ Է»

Երեկ ԵԽԽՎ լիագումար նիստից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը
հանդես է եկել մամլո ասուլիսով, որի ընթացքում նրան հարցեր են տվել նաեւ
հայ լրագրողները: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, դեռեւս նիստի ժամանակ, երբ խոսք
եղավ ադրբեջանցի 1 մլն փախստականների մասին, անմիջապես դրսեւորվեց ԵԽ-ում
ավանդաբար գոյություն ունեցող ռուս-ադրբեջանական համագործակցությունը:
Առաջինը հենց ՌԴ Պետդումայի ներկայացուցիչն է հնչեցրել այդ թիվն ու հարցրել, թե ինչ է արվում ադրբեջանցի փախստականների վիճակը թեթեւացնելու համար: «Ազատության» թղթակցի դիտարկմամբ, ակնհայտ էր, որ դա նախապատրաստված հարց էր, ինչին Ալիեւը, մասնավորաբար, հետեւյալ պատասխանը տվեց. «նրանք փախստական են դարձել հայկական օկուպացիայի արդյունքում, բայց այդ վիճակը չի կարող երկար շարունակվել»: «Ազատություն» ռ/կ-ի թղթակցի հարցին՝ ի՞նչ նկատի ունեք, երբ խոսում եք բանակցությունները զրոյական կետից սկսելու մասին, Ալիեւը պատասխանել է, թե՝ քանի որ ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների միջեւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, ապա որ կետից էլ կողմերը սկսեն բանակցությունները, դա կնշանակի, որ նրանք սկսել են զրոյից: Նրա խոսքով, հայկական կողմն աղավաղում է փաստերը՝ հայտարարելով, որ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի միջեւ պայմանավորվածություններ են ձեռքբերվել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: «Ա1+»-ի թղթակիցը հարցրել է, թե ինչու՞ են Բուդապեշտում հայ սպային քնած վիճակում գազանաբար սպանած ադրբեջանցի սպային ազգային հերոս դարձրել, իսկ մարդասպանի ընտանիքի համար երկրի նախագահի կողմից անգամ թոշակ է նշանակվել: Ի պատասխան, Ի.Ալիեւը հայտարարել է, որ ափսոսում է կատարվածի համար: Միաժամանակ նա ընդգծել է, որ անցած տարվա ընթացքում հայ դիպուկահարների կողմից ադրբեջանա-հայկական սահմանում իբր գնդակահարվել է քսան ադրբեջանցի զինվոր: «Ապագայում նման միջադեպերից խուսափելու համար անհրաժեշտ է վերջնականապես կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը՝ միջազգային իրավունքի նորմերի հիման վրա, որոնք, անկասկած, համապատասխանում են Ադրբեջանի շահերին»,- ասել է Ալիեւը:

Ըստ «Ազատություն» ռ/կ-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել