Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՆԱՁԵՎԸ ՓՈՓՈԽՎԵԼ Է

Ապրիլ 30,2004 00:00

Եվրախորհրդի
խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի հարցի քննարկումներն ունեցել են բավական
ուշագրավ ընթացք:
ԵԽԽՎ պաշտոնական կայքի համաձայն՝ քննարկմանը ելույթ են ունեցել 10 հոգի: Շավարշ Քոչարյանից, Արմեն Ռուստամյանից եւ Տիգրան Թորոսյանից բացի՝ ելույթ են ունեցել նաեւ ռումին, ֆրանսիացի, հունգար, իտալացի, ռուս եւ Միացյալ Թագավորության 2 պատվիրակներ:

Այդ ելույթներից առանձնացնենք հրատապ քննարկման նախաձեռնողներից մեկի՝ ԵԽԽՎ Ազատական, ժողովրդավարական եւ բարեփոխիչների խմբի ղեկավար, հունգար Մաթիաս Յորշի (լուսանկարում) ելույթը: Անդրադառնալով ֆրանսիացի պատվիրակ Ֆրանսուա Ռոշեբլուանի ելույթին, որն ակտիվորեն համագործակցում է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության իշխանամետ թեւի հետ եւ, ելույթում համոզմունք էր հայտնել, թե ընդդիմությունը պետք է զերծ մնա հանրահավաքներից ու իշխանափոխության կոչերից, քանի որ դա վտանգավոր է Հայաստանի կայունության համար՝ Յորշին զարմանք էր արտահայտել, որ նա Հայաստանում կատարվածն անվանում է «խնդիրներ». «Չեմ կարծում, թե մեզանում ընդունված է «խնդիր» անվանել այն, երբ չարտոնված ցույցը բռնությամբ ցրվում է, եւ քաղաքական գործիչներին՝ ներառյալ պատգամավորներին եւ ԶԼՄ ներկայացուցիչներին, ձերբակալում են…… Սա խնդի՛ր չէ, այլ շատ լուրջ իրավիճակ: Եվ մեր խնդիրն է այս ամենին առավելագույն արագությամբ արձագանքելը»:

Մաթիաս Յորշին զուգահեռ էր տարել Վրաստանի իրադարձությունների հետ. «Պետք է բարձր գնահատենք Շեւարդնաձեին, քանի որ նա որեւէ բռնություն թույլ չտվեց ցուցարարների հանդեպ՝ ի տարբերություն հայկական իշխանությունների»: Նաեւ առարկել էր զեկուցողների այն պնդման դեմ, թե բանաձեւը պիտի լինի հավասարակշռված. «Հետաքրքիր է, ինչո՞ւ: Մի կողմից՝ ունենք ցուցարարներ, որոնք ուզում են հասնել որոշակի քաղաքական նպատակների, իսկ մյուս կողմից՝ կա պետություն, որն ուզում է ճնշել ցուցարարներին: Մենք չպիտի հավասարակշռված լինենք այս հարցում: Իրոք, հավասարակշռելու այս ցանկությունն է բերել 8-րդ կետին, ըստ որի՝ ընդդիմությունը «պետք է զերծ մնա փողոցային հանրահավաքների միջոցով ընտրությունների արդյունքները փոխելու փորձերից»: Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում եւ մեր բոլոր երկրներում մարդիկ փողոց են դուրս գալիս ցույց անելու համար, քանի որ նրանք ուզում են արմատապես փոխել որոշումները: Հարցը կարող է վերաբերել նաեւ ընտրություններին կամ մեկ այլ բանի եւ սա ցույցի նպատակն է՝ առաջին պլան մղել խնդիրը: Ֆրանսիայի իշխանությունները թույլ են տալիս դա»: Անդրադառնալով զեկուցողների այն փաստարկին, որ Հայաստանի իշխանությունները չեն հետեւում իրենց երաշխավորություններին, պրն Յորշին ասել է. «Իմ պատասխանն է, որ նրանք պե՛տք է հետեւեն այժմ: Նրանք պետք է ազատ արձակեն բանտարկյալներին եւ դադարեցնեն ձերբակալել մարդկանց, ովքեր փողոց են դուրս գալիս՝ Սահմանադրության համապատասխան»:

Հենց Մաթիաս Յորշին էր ամենաակտիվ մասնակցությունն ունեցել բանաձեւի փոփոխմանը: Եվ առաջարկել էր վերոհիշյալ 8-րդ կետը հանել, եւ առարկել Տիգրան Թորոսյանի ու մեր այլ իշխանամետների առաջարկի դեմ, որ ձերբակալությունները չբնորոշվեն իբրեւ «զանգվածային»:

Ընդհանուր առմամբ՝ նախագծում կատարված փոփոխությունները հետեւյալն են: Ավելացվել է դրույթ ՍԴ-ի առաջարկած վստահության հանրաքվեի մասին եւ նշվել. «ՍԴ-ն հետագայում պարզաբանեց առաջարկը, իսկ իշխանությունը որակեց ընդդիմության պահանջները եւ բողոքները որպես իշխանությանն ուժով տիրանալու փորձ»:

Ավելացվել է հետեւյալ պահանջը. «Վեհաժողովը Հայաստանի իշխանություններին կոչ է անում երաշխավորել տեղաշարժման ազատությունը Հայաստանի սահմաններում»։

Իշխանություններին նաեւ կոչ է արված. «Հաշվի առնել, որ ԵԽԽՎ անդամների լիազորություններն օրենքի մեջ են ամբողջ տարվա ընթացքում։ Համապատասխանաբար Վեհաժողովը Հայաստանի օրինական իշխանությանը կոչ է անում՝ այսուհետ տեղեկացնել ԵԽԽՎ նախագահին ԵԽ-ում Հայաստանի պատվիրակության անդամների ձերբակալության եւ քրեական հետապնդման մասին»։

Ճշտում է արվել, որ մինչեւ հունիս պետք է գրավոր տեղեկացնել Վեհաժողովին ոչ բոլոր պահանջների, այլ միայն 2 կետերի՝ որ արտոնվում են խաղաղ ցույցերը եւ, որ արդար պայմաններ են ստեղծված ԶԼՄ-ների բնականոն գործունեության համար, հեռուստաընկերություններին, մասնավորապես «Ա1+»-ին հեռարձակման արտոնագիր տրամադրելու հարցում։ Եվ վերջապես ավելացվել է դրույթ, որ Վեհաժողովը մտադիր է հանձնարարել Դիտարկման հանձնախմբին իր զեկուցողներին ուղարկել Հայաստան՝ ներկա դրության վերաբերյալ զեկույց կազմելու եւ վերոհիշյալ 2 պահանջները կատարելու ընթացքի մասին զեկույցը մինչեւ սեպտեմբերին կայանալիք նստաշրջանը ներկայացնելու համար։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել