Տուժեց աղանդի պատճառով Չնայած դատարանը որոշեց Հասմիկ Գրիգորյանի խնամակալությունը հանձնել հորը, սակայն երեխայի ճակատագիրն անհայտ է: Անցյալ տարի, դեկտեմբերի 16-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Գայանե Կարախանյան), պատասխանող կողմի բացակայության պայմաններում, քննության առնելով Նշան Գրիգորյանի հայցը եւ նրա ներկայացրած ապացույցները համարելով բավարար, վճռել էր հայցը բավարարել մասնակի՝ իննամյա Հասմիկ Գրիգորյանին զրկել կրոնական աղանդի մեջ ներգրավված մոր՝ Գայանե Սարգսյանի խնամակալությունից եւ հանձնել հորը՝ Նշան Գրիգորյանին։ Իր հայցում Ն. Գրիգորյանը, հիմնավորելով, որ աղանդավորների ազդեցության տակ ընկնելու պատճառով տուժել են թե Գայանե Սարգսյանը, թե երեխան, դատարանից խնդրել էր ՀՀ քաղդատօրի 170-րդ հոդվածի համաձայն, հարկադիր կարգով դատահոգեբուժական փորձաքննություն նշանակել եւ Գ. Սարգսյանին ճանաչել անգործունակ։ Նշենք, որ Կենտրոնի թաղապետարանի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի միջնորդությամբ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը Գայանե Սարգսյանի նկատմամբ նշանակել էր դատահոգեբուժական փորձաքննություն, սակայն նա չէր ներկայացել եւ հայտարարել էր, որ երբեւիցե չի էլ ներկայանա։ Սկսած անցյալ տարվա սեպտեմբեր ամսից, դատական քաշքշուկների այս ողջ ընթացքում Երեւանի Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 դպրոցի աշակերտուհի Հասմիկ Գրիգորյանը դպրոց չի հաճախել։ Հասմիկի ուսուցչուհիները ցանկացել են հանդիպել եւ զրուցել նրա հետ, սակայն այն մարդիկ, ովքեր դատարանի կողմից ճանաչվել են աղանդավորական խմբի անդամներ, մեկուսացրել են երեխային եւ խափանել հանդիպումը։ Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 դպրոցի տնօրեն Անահիտ Սարգսյանը մեր զրույցի ժամանակ տեղեկացրեց, որ Հասմիկի փաստաթղթերը մինչ այժմ դպրոցում են, սակայն նա դատարանի կայացրած վճռից հետո էլ դպրոց չի հաճախել։ Դպրոցի տնօրինությունը Հասմիկ Գրիգորյանի անհարգելի բացակայությունների մասին քանիցս տեղեկացրել է Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչությանը, Կենտրոնի թաղապետարանի որդեգրման, խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովին, Կենտրոնի ոստիկանության անչափահասների բաժնին, ինչպես նաեւ՝ հայցվոր կողմի շահերի պաշտպան, ՀՀ վճռաբեկ դատարանում հատուկ արտոնագիր ունեցող փաստաբան Հովհաննես Գալյանին։ Սակայն՝ ապարդյուն։ Երեխայի գտնվելու վայրի մասին ստույգ տեղեկություն չուներ նաեւ Կենտրոն թաղապետարանի որդեգրման, խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի անդամ Գայանե Հախվերդյանը, ով ամիսներ շարունակ զբաղվել է վերոնշյալ գործով։ Նա միայն հայտնեց, որ երեխայի մայրը՝ Գայանե Սարգսյանը, դատի է տվել իրեն՝ դատարանից պահանջելով անհիմն ճանաչել դատահոգեբուժական փորձաքննության նշանակումը։ ԹԱԳՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ