Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ՝ ԽՈՐԹ ԶԱՎԱԿԻ ԴԵՐՈՒՄ

Ապրիլ 29,2004 00:00

Բողոքում
է ՄՀՕՋ-ի հիմնադիրը
Մայիս ամսին լրանում է արցախյան պատերազմի հրադադարի 10 տարին։ 10 տարի անց, ազատամարտի մասնակիցների գերակշիռ մասը՝ 70%-ը սոցիալ-իրավական խնդիրներ ունի։ Այս մտահոգությունը մեզ հետ զրույցում արտահայտեց ազատամարտի կամավոր մասնակիցների եւ պրոֆեսիոնալ զինվորականների «Զարթոնք» հասարակական կառույցի համակարգող Արթուր Գեւորգյանը։ Ըստ նրա, 91-ին, երբ հռչակվեց Հայաստանի անկախությունը, միաժամանակ հայտարարվեց, որ ՀՀ-ն Խորհրդային Հայաստանի իրավահաջորդն է հանդիսանում։ Ըստ այդմ, ինչպես ԱՊՀ մյուս երկրներում, Հայաստանում եւս պետք է գործեր «Պատերազմի մասնակիցների եւ նրանց հավասարեցված կարգավիճակով անձանց մասին» ԽՍՀՄ օրենքը, համենայնդեպս, մինչեւ համապատասխան այլ իրավական ակտի ընդունումը։ Մինչդեռ մեր երկրում «պատերազմի մասնակիցների, հատկապես արցախյան ազատամարտի հետ կապված իրավական դաշտը բավականին դատարկ է»,- ասում է Ա. Գեւորգյանը։ Դրանից, ի դեպ, բխում են զանազան սոցիալական հարցեր, որոնք չեն շրջանցում նույնիսկ պատերազմների մասնակիցներին։ «Քանի անգամ դիմել ենք ԱԺ նախագահին, տեղակալներին, հանձնաժողովների նախագահներին՝ Մհեր Շահգելդյան, Ռաֆիկ Պետրոսյան, Վահան Հովհաննիսյան, բայց այդ շենքից որեւէ արձագանք չենք լսել»,- վրդովմունքը փոխանցեց Ա. Գեւորգյանը։ Միայն մեկ անգամ հաջողվել է Արտաշես Թումանյանին իրենց մտահոգություններն ու առաջարկները ներկայացնել. «Տեւական դադարից հետո, որոշ տղաների կանչեցին, ինչ-որ աշխատանքներ առաջարկեցին։ Բայց առաջարկներն այնպիսիք էին, որ մեր խնդիրները ոչ թե լուծում էին իրավական դաշտում, այլ կոծկելու, մի բան արած լինելու տպավորություն էին թողնում»։ Այս կոնտեքստում մեր զրուցակցին վրդովեցնում է փաստը, որ «կապված ներքաղաքական լարվածության հետ, տարբեր տիպի կուսակցություններ փորձեր են անում օգտագործել ազատամարտիկներին»։ Մինչդեռ՝ «պետությունը նրանց գոնե շնորհակալություն պիտի հայտներ»,- ասաց Ա. Գեւորգյանը։ Դիտարկմանը՝ «շքանշաններ, կոչումներ են շնորհվում» արձագանքը եղավ. «Ցավոք, դրանք ուղղված են հիմնականում անձանց, ովքեր մեկ անգամ են սահմաններում եղել, ովքեր չգիտեն վառոդի հոտն ինչ է։ Այսօր բոլորը խոսում են «Կալցո» օպերացիայի մասին։ Յուրաքանչյուրն իրեն է ներկայացնում, իբրեւ մասնակից»։ Մինչդեռ, այդ ձեռքբերումը, Ա. Գեւորգյանի ներկայացմամբ, ՄՀՕՋ-ինն է (միլիցիայի հատուկ օժանդակության ջոկատ), որը կազմակերպել էր 11 սահմանային ուղեկալներ, եւ միլիցիայի ստորաբաժանումներինը։

«90թ. մայիսի 4-ին ՀՀ-ի նկատմամբ ագրեսիան սկսվեց։ ԽՍՀՄ զինված ուժերի կողմից ուժեղացված ադրբեջանական ՕՄՕՆ-ի ներխուժումներից ՀՀ հյուսիս-արեւելյան եւ արեւմտյան սահմանները ՄՀՕՋ-ը, միլիցիան էր պաշտպանում՝ նորաստեղծ պաշտպանության կոմիտեի հրամանով։ Եղան Ոսկեպարի զոհերը՝ 14 հոգի։ Այստեղ հատուկ եմ ուզում Սարգիս Քոլոզյանի անունը նշել։ Առանց հրաման ունենալու, 120 փամփուշտով նա մեն-մենակ 45 րոպե պահեց իր պոստը՝ տանկերով ու զրահատեխնիկայով զինված 120 հոգանոց վաշտի դիմաց։ Վերջում արդեն սվինամարտի էր բռնվել։ Երբ մենք հասանք, նրա մարմնի վրա սվինի 17 հարվածներ կային։ Նա ազգի հերոսի կոչման է արժանի, բայց ոչ ոք նրա մասին չի հիշում։ Կոռնիձորի, Խնձորեսկի 27 տղաները, որոնք ինքնակամ գնացին գերության, երեք օր ամեն դաժանություն տարան, որպեսզի ԽՍՀՄ զրահամեքենաները սահմանը չանցնեն։ Բայց նրանց չեն հիշում, նրանք զուրկ են պետական պարգեւներից։ Ավելին, շատերը 90-91-ին ինչ կոչումներ ունեին՝ մինչ օրս դրանցով են մաքառում համակարգում։ Որովհետեւ ՄՀՕՋ-ն էր… Մինչդեռ 92-94-ին ընդունված լեյտենանտներն այսօր գնդապետներ ու գեներալներ են»,- ասում է մեր զրուցակիցը։

Իսկ ՄՀՕՋ-ի նկատմամբ նման վերաբերմունքը նա այսպես է բացատրում. «94-95-ին ՆԳ նախարարի կամայական որոշմամբ կառավարության որոշումը չեղյալ հայտարարվեց եւ որպես քավության նոխազ, վերացվեց ՄՀՕՋ-ը։ Հետագայում սկսեցին վարկաբեկել այդ կառույցը՝ 98-99-ի քրեական պրոցեսներով, կապված Վ. Սիրադեղյանի եւ իբր ՄՀՕՋ-ի որոշ աշխատակիցների հետ։ Որպեսզի ողջ կեղտը լցնեն մեզ վրա եւ փակեն, սկսեցին մեզ մոռացության մատնել»։

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել