Իսկ ՀՀ իշխանություններն ասում են՝ հրեն, ոչխարը սարով անց կացավ
Ընդդիմության ապրիլի 27-ի հանրահավաքին հաջորդած ժամանակահատվածն էլ, ինչպես պարզվեց, ձերբակալություններից զերծ չէր, թեեւ, հենց երեկ ՀՀ պատվիրակությունը ԵԽ ԽՎ-ում ծանր կացության առջեւ էր կանգնած նաեւ հենց այդ պատճառով: Ու մինչ ԵԽ ԽՎ-ն մտահոգություն էր հայտնում հատկապես վարչական կալանքի պայմանների, ոստիկանության եւ անվտանգության ներկայացուցիչների կողմից մարդու իրավունքների ոտնահարման, հավաքների եւ խոսքի ազատության վերաբերյալ, որ «ընդդիմությունը պետք է ունենա քաղաքական գործողություններ իրականացնելու լիակատար ազատություն, որը ներառում է խաղաղ հանրահավաքներ անցկացնելու իրավունքը»՝ ՀՀ-ում նորից մարդաորս էր:
Ահավասիկ այս ֆոնի վրա ընդդիմադիր կուսակցություններից երեկ ստացված տեղեկությունները մխիթարող չէին ինչպես Հայաստանի հասարակության, այնպես էլ ԵԽ ղեկավարության համար: Այդ տեղեկությունների համաձայն, ՀՀ տարբեր ոստիկանական բաժիններ ապօրինաբար բերման են ենթարկվել 30-35 հոգի, այդ թվում՝ կանայք: Բերման ենթարկվածներից 18-ը Չարենցավանից են եղել: Երեկ առավոտյան հայտնի էր նրանցից միայն երեքի անունը, երեքն էլ «Հանրապետություն» կուսակցությունից՝ Սաշիկ Սայադյան, Արա Խալասյան, Դերենիկ Կակոյան: Ի դեպ, բերման ենթարկվածների հարազատները, որոնք ահազանգել էին ընդդիմադիր կուսակցություններին, երեկ կեսօրից հետո պատրաստվում էին Չարենցավանի ոստիկանության դիմաց ցույց անել: Երեւանից լրագրողներ էին շտապել Չարենցավան: Բայց հենց քաղաքի ոստիկանությունն այդ լուրը ստացել էր, բերման ենթարկվածներին եւ նրանց ցուցարար հարազատներին արագ քշել էին ոստիկանությունից:
Տեղեկություններ կային, թե Հրազդանում էլ բերման ենթարկվածներ կան: Ըստ այդմ, երեկ առավոտյան քաղաքի ոստիկանական բաժին բերման էր ենթարկվել ՀԺԿ-ի անդամ Գրիշա Վարդանյանը, Աշտարակում՝ Սարգիս Թովմասյանը՝ «Հանրապետություն» կուսակցությունից: Իսկ Նահապետ Սմբատյանին՝ ԵԿՄ-ից,եւ ոչ միայն նրան, երեկ բերման էին ենթարկել ուղիղ ՀՀ ոստիկանության «6-րդ վարչություն»: Նույն վարչություն են տարվել նաեւ «Ազգային միաբանություն» կուսակցության Դավիթաշենի կառույցի ղեկավար Հայկանուշ Ղարամանյանը, Մարիա Գուրոյանը: Վերջինիս բերման էին ենթարկել դեռ ապրիլի 27-ի հանրահավաքից հետո՝ հենց իր տան մոտից, հետո ազատ էին արձակել: Նույն կերպ էին վարվել նաեւ Գասպար Գաբրիելյանի հետ: Ապրիլի 27-ին, ժ. 19:30-ի կողմերը հենց փողոցից նրան տարել էին «6-րդ վարչություն» ու միայն գիշերն էին ազատ արձակել:
Ոստիկանության աշխատակիցները երեկ այցելել էին «Ազգային միաբանության» Նոր Նորքի կառույցի ղեկավար Զորի Սողոմոնյանի տուն: Նրան տանը չէին գտել, բայց կնոջը, որն աշխատում է Քանաքեռի անձնագրային բաժնում, աշխատանքի ներկայանալիս թույլ չեն տվել գործի անցնել՝ մինչեւ ամուսինը «6-րդ վարչություն» չներկայանա:
Երեկ ունեցած տվյալներով, դեռ ապրիլի 27-ին Աշտարակի ոստիկանական բաժին բերման էին ենթարկվել նաեւ «ԱՄ» կուսակցության անդամներ Գրիգոր Ղազանչյանը, Թենգիզ Վարդանյանը՝ Կարպի գյուղից: Նրանց պահել էին մինչեւ երեկո, հետո միայն՝ հանրահավաքներին այլեւս չմասնակցելու «հորդորներից» եւ զգուշացումից հետո ազատ էին արձակել:
Երեկ ժ. 14-ի կողմերը չորս հոգի այցելել են «Արդարություն» դաշինքի անդամ Դուստրիկ Մխիթարյանին: Բնակարանի դուռը փակ գտնելով՝ անծանոթները հարցուփորձ են արել հարեւաններին տանտերերի գտնվելու վայրի մասին: Ի դեպ, «Արդարություն» դաշինքում չեն բացառում, որ ձերբակալվածներ շատ կան, ուղղակի առայժմ նրանց մասին տեղեկատվություն չկա:
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ