Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽ-Ն ԿՐԿԻՆ ՉՀԱՍԿԱՑԱՎ ՄԵՐ ՄԵՆԹԱԼԻՏԵՏԸ

Ապրիլ 29,2004 00:00

«Փառք ու պատիվ մեր ընդդիմությանը, թուրքերին եւ ադրբեջանցիներին»,- ԵԽ-ի դժգոհությունը մեկնաբանեց ՀՀ վարչապետը:

«Որպեսզի մեր երկրի ճանաչված քաղաքական գործիչները եւ պետական այրերը հասկանան, որ Հայաստանում իրականացվում են քաղաքական հետապնդումներ, փակվում են ճանապարհները եւ իրականացվում են բռնություններ, անհրաժեշտ է, որ իրենք էլ մեզ հետ անցնեն մեր ճանապարհը։ Այդ պատճառով, ձեր թերթի միջոցով մայիսի 4-ին ժամը 12-ին պաշտոնապես հրավիրում եմ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին եւ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին մեր տուն՝ Արարատ։ Հանրահավաքից առաջ մի լավ կզրուցենք, խոստանում եմ՝ լավ կհյուրասիրեմ, որից հետո միասին կգնանք Երեւան եւ մեր ետեւից կգան բազմաթիվ միտինգավորներ։ Եվ եթե ճանապարհները փակ չեն լինի, ես հենց նույն՝ մայիսի 4-ի հանրահավաքի ժամանակ ներողություն կխնդրեմ մինչեւ այժմ արածս որոշ բաների համար։ Իսկ եթե մեզ խանգարեն հասնել Երեւան, այդ դեպքում իրենք են ստիպված լինելու ներողություն խնդրել Ռոբերտ Քոչարյանի հետ՝ իրենց առայսօր դրսեւորած պահվածքի համար։ Իսկ բռնությունների մասով ահա թե ինչ կասեմ։ Ես կարծում եմ, որ այս անգամ բռնություններ տեղի չեն ունենա։ Եվ եթե մտածեմ, որ այս անգամ եւս իշխանությունները կդիմեն բռնությունների, մենք կմտածենք նաեւ, թե ոնց թույլ չտանք, որ ժողովրդի վրա մահակ բարձրացնեն, թույլ չտանք մահակ բարձրացնել այն մարդկանց վրա, ովքեր մտածում են մեր երկրի մասին, եւ ոչ թե ջայլամությամբ են զբաղված»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։ Իսկ մենք պրն Սարգսյանին հարցրել էինք, թե ինչպես է լինում, որ ԵԽ ԽՎ-ում հասկանում են, որ Հայաստանում բռնություններ են իրականացվում եւ այդ կապակցությամբ նույնիսկ հարցը շատ խիստ է դրվում, ընդհուպ՝ նման դեպքերի կրկնման դեպքում վերանայել Հայաստանի պատվիրակության անդամների լիազորությունների հարցը։ Այս դիտարկման շրջանակներում երեկ զրուցեցինք նաեւ այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը մեր հարցին պատասխանեց խիստ լակոնիկ ոճով. «Փառք ու պատիվ մեր ընդդիմությանը, թուրքերին եւ ադրբեջանցիներին»։ Վարչապետին հարցրինք նաեւ՝ պատրա՞ստ է ընդունել ընդդիմության 10 առաջարկները. «մենք շեշտել ենք՝ 10-րդ կետը մեզ համար անընդունելի է (վստահության հանրաքվեի անցկացման մասին է.- Մ. Ե.), մնացածը հետեւանք են։ Եթե պատճառը իրենք վերացնում են, մենք պատրաստ ենք հետեւանքների մասին խոսել։ Ես չեմ ցանկանում մնացած կետերի մասին խոսել, քանի որ եթե մենք այս ընթացքում այդ խնդիրները լուծենք, ապա վստահ չեմ, որ հաջորդ միտինգից հետո նման իրավիճակ չի լինի եւ այդ ամենը չի կրկնվի։ Հետեւաբար՝ ցեխի մեջ կանգնած ցեխից չեն մաքրվում»։

ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին եւս հարցրինք, թե ինչպե՞ս է լինում, որ եվրոպական կառույցներում, մասնավորապես ԵԽ ԽՎ-ում հասկանում են, որ Հայաստանում այս պահին ոտնահարվում են մարդու իրավունքները եւ բռնություններ են իրականացվում, իսկ հայրենի քաղաքական ուժերը միանշանակ մերժում են բռնությունների փաստերը։ Արթուր Բաղդասարյանը ասաց հետեւյալը. «Մի քաղաքական ուժի ներկայացուցիչ էլ ես եմ, ես դա երբեք չեմ հերքել, նաեւ դատապարտել եմ։ Եվ հիմա էլ դատապարտում եմ։ Հենց դրա համար եմ ասում, որ երբ գործընթացը դուրս է գալիս քաղաքական դաշտից, արդեն քաղաքական գործիչները որեւէ բան անել չեն կարող։ Կա Սահմանադրություն, կան օրենքներ եւ յուրաքանչյուրն իր իրավունքների շրջանակում է գործում։ Այդ պատճառով եմ կարեւորում, որ պրոցեսները պետք է քաղաքական դաշտում քննարկել։ Ընդդիմությունը 10 առաջարկություն է ներկայացրել, դրանց մեջ կան ե՛ւ ընդունելի, ե՛ւ մերժելի կետեր։ Բայց կան նաեւ շատ առանցքային կետեր, որոնք պետք է ընդունել, նստել-քննարկել եւ քաղաքական երկխոսության ճանապարհով գտնել հանգուցալուծումը։ Սա տեղի չի՞ ունենա, ուրեմն նորից կլինեն բացասական զարգացումներ, որը ոչ մի լավ բանի չի բերի»։ Պրն Բաղդասարյանին հարցրինք, թե ընդդիմության հատկապես ո՞ր առաջարկներն են ընդունելի կոալիցիայի կողմից, արդյո՞ք սահմանադրական պահանջների մասին է խոսքը։ ԱԺ նախագահը նկատեց, որ սահմանադրական պահանջները քննարկման առարկա չեն. «յուրաքանչյուր ոք ունի երկրում ազատ տեղաշարժի իրավունք եւ այդ տեղաշարժը պետք է կատարի»։ Այդ դեպքում ինչո՞ւ է ոստիկանությունը փակում ճանապարհները, ինչո՞ւ են ոստիկանությունում տեղի ունենում «բացատրական զրույցներ»։ Սրանք հարցեր են, որ այսօր շարունակ հնչում են, սակայն իշխանության ներկայացուցիչները միաձայն պնդում են, թե ոչ ճանապարհ է փակվել, ոչ մարդ են ծեծել։

Իսկ եթե ԵԽ ԽՎ-ում հայաստանյան իրավիճակի քննարկման արդյունքում որոշվի եվրոպական այդ կառույցում կասեցնել Հայաստանի պատվիրակության լիազորությունները, պաշտպանության նախարարը դարձյա՞լ կպնդի, թե Հայաստանում բռնություններ չեն իրականացվում եւ չի սահմանափակվում մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը. «Ես վստահ եմ, որ այդպիսի բան չի լինելու (ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության լիազորությունների կասեցման մասին է խոսքը.- Մ. Ե.), որովհետեւ ադրբեջանցիների եւ թուրքերի ուժն այդքանի չի հերիքի»։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել