Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմավարություն՝ առանց շուկան ուսումնասիրելու

Ապրիլ 28,2004 00:00

Ռազմավարություն՝ առանց շուկան ուսումնասիրելու Երեկ «Մետրոպոլ» հյուրանոցում ԵՄ ՏԱՍԻՍԻ՝ «Աջակցություն՝ Հայաստանում մասնագիտական կրթության, ուսուցման եւ վերապատրաստման միասնական համակարգի զարգացմանը» մեկնարկած ծրագրի շուրջ քննարկումների հերթական փուլն էր: Ծրագրի առաջին բաղադրիչը՝ քաղաքականության եւ ռազմավարության մշակումը, արդեն ավարտված եւ հանձնված է կառավարության դատին: Երկրորդ բաղադրիչը, որի նպատակն է զարգացնել միջին մասնագիտական կրթություն տրամադրող հաստատությունների որակը եւ մշակել ուսուցիչների պատրաստման եւ վերապատրաստման ծրագիր, կմեկնարկի այս օրերին: «2-րդը կոչված է իրականացնելու այն ռեֆորմները, որոնք նախատեսված են ռազմավարության եւ օրենքի նախագծում: Այդ իմաստով սա հիմնված է առաջինի վրա, բայց չմոռանանք, որ թե՛ ռազմավարությունը, թե՛ օրենքի նախագիծը դեռեւս ընդունված չեն: Եվ այս 2-րդը նաեւ կնպաստի, որ իրականացումն իր հերթին բերի որոշ փոփոխությունների, լրամշակումների, շտկումների»,- այս մասին մեզ հայտնեց ԿԳՆ միջին մասնագիտական կրթության բաժնի պետ Արամ Ավագյանը: ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի նախագահի խորհրդական Արայիկ Վարդանյանը բացթողում համարեց այն, որ ծրագրի առաջին հատվածին՝ ռազմավարության մշակմանը չեն մասնակցել գործարարները, որոնք եւ հետագայում «օգտագործելու» են համապատասխան մասնագետներին: Սակայն ծրագրի իրագործման գալիք հատվածի աշխատանքներին նրանք հավանաբար ակտիվություն կցուցաբերեն՝ դատելով պալատին հղված դիմումներից ու առաջարկներից: Կոնկրետ անուններ դեռեւս չեն նշվում: ԿԳ նախարար Սերգո Երիցյանն այս փուլում կարեւոր է համարում արդիականացնել համակարգը՝ հիմքում ունենալով գործընկերության սկզբունքը: «Իսկ գործընկերությունը պետք է՝ ի դեմս, առաջին հերթին, կրթություն տվողների, երկրորդ պարագայում՝ գործատուների, որոնց համար պատրաստվում են գործառուները եւ, իհարկե, զբաղվածության կենտրոնների: Եռամիասնությունը պետք է հստակ գործի»: Ամենակարեւորն այս գործընթացում, ըստ նախարարի, աշխատաշուկայի ուսումնասիրությունն է, որ Հայաստանում մինչեւ հիմա արված չէ: «Իսկ դա պետք է՝ նախեւառաջ կրթության գործոնը հաշվի առնելով. պատրաստեցինք մասնագետ, վաղը նրանք աշխատատեղ կունենա՞ն, թե՞ ոչ»: Ս. Երիցյանի նշած մյուս կարեւոր գործընթացը ճշգրտումն է, թե որ տարածքում ինչ մասնագետի պակաս կա: Քաջարանում եւ Ալավերդիում, օրինակ, կբացվեն այնպիսի ուսումնական հաստատություններ, որոնք կպատրաստեն լեռնահանքաարդյունաբերության մասնագետներ, Գավառում՝ գյուղատնտեսության գծով: «Յուրաքանչյուր տարածաշրջանում զբաղվածության հարց պետք է լուծվի՝ նաեւ աճող շուկայական հարաբերություններին համապատասխան: Հին մոտեցումներով չենք կարող, ժամանակակից տնտեսության պահանջները պետք է հաշվի առնենք»,- կարծում է նախարարը: Ինչ վերաբերում է տրամադրվող տարածքներին, ապա նախկին ՊՏՈՒ-ների շենքերը հիմնականում պահպանված են: Օպտիմալացված դպրոցների շենքերն այս նպատակով չեն օգտագործվի: Ըստ նախարարի, միայն Մարտունիում, որտեղ նախկին ՊՏՈՒ-ն միացվել էր մի դպրոցի, հիմա նորից կանջատվի: Իսկ Քաջարանում նոր տարածք կտրամադրվի: Ի դեպ, ՏԱՍԻՍՆ այս ծրագրով շենքերի հետ կապված որեւէ նյութական աջակցություն չի ցուցաբերի: Վերջինիս աջակցությունը միայն վերաբերելու է նյութատեխնիկական բազային, ծրագրային մշակումներին եւ աշխատաշուկայի հնարավորությունները ձեւավորելուն: Իսկ տարածքային եւ շենքային խնդիրներով կզբաղվի կառավարությունը: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել