Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՆՔ ՄԵՐ ԱԶԳԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ»

Ապրիլ 28,2004 00:00

«ՄԵՆՔ ՄԵՐ ԱԶԳԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ» Երեկ ՀՀ նախագահի խորհրդական Բագրատ Եսայանը դատավորների, դատախազության աշխատակիցների, ոստիկանության, արդարադատության մարմինների ներկայացուցիչների հետ կազմակերպել էր քննարկում՝ կապված գրավի՝ իբրեւ ալտերնատիվ պատժամիջոց կիրառելու խնդրի հետ։ Բ. Եսայանը նկատեց, որ ՀՀ քրեական օրենսգրքի 293 հոդվածներից 260 հոդվածների դեպքում է կիրառելի գրավը եւ 33-ի դեպքում այն միանշանակ կիրառելի չէ։ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական գործերով պալատի նախագահ Մհեր Խաչատրյանը տեղեկացրեց, որ 2003-ի ընթացքում խափանման միջոց կալանքի վերաբերյալ նախաքննության մարմինները հանդես են եկել 5100 միջնորդություններով եւ մերժվել է 193-ը։ Հետաքրքիր է, որ գրավը՝ իբրեւ հավասար պատժամիջոց (իհարկե, այն չի կիրառվում առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում) չէր կիրառվել, օրինակ, Արմավիրի, Տավուշի, Վայոց ձորի մարզերում, Արաբկիրի, Շենգավիթի համայնքներում, իսկ, օրինակ, Կոտայքի մարզում 2003-ին մեկ անձի նկատմամբ է կիրառվել։ Միայն անցյալ տարի, ըստ Բ. Եսայանի, ազատազրկվել է 1935 քաղաքացի եւ, հավանաբար, դառը փորձից ելնելով, նա նկատեց, թե «բոլորս այս երկրում ենք ապրում եւ գիտենք, թե ինչ է նշանակում ծանրոց ուղարկել, այցելել կալանավորին»։ Քննարկմանը մասնակցում էր նաեւ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Սամվել Հովհաննիսյանը, որը տեղեկացրեց, որ մեկ կալանավորի վրա օրական ծախսվում է 1400 դրամ։ Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Ժորա Հարությունյանը, անդրադառնալով գրավի ինստիտուտին, ասաց, որ նախկինում տարածված միջոց էր անձնական երաշխավորությունը: Գործող օրենսդրությամբ՝ երկու անձ պետք է երաշխավորեն խափանման միջոցը փոխելու մասին, տրամադրելով նաեւ նվազագույն աշխատավարձի 500-ապատիկ գումարը։ Նա գտնում էր, որ այդ գումարի չափը պետք է պակասեցվի։ Փաստաբան Տիգրան Ջանոյանի հարցին, թե որքա՞ն միջնորդություն է ներկայացվել պաշտպանության կողմից՝ դրանք կիրառելու վերաբերյալ, պատասխանեց, որ այդպիսի վիճակագրություն, ցավոք, չկա։ Փաստաբան Ռուբեն Սահակյանը, ասես, շարունակելով Ջանոյանի միտքը, հաստատեց, որ գրավի հետ կապված բազմաթիվ միջնորդություններ մերժվել են։ Վերջում ավելացրեց, որ այս դահլիճում ավելորդ է նմանօրինակ քննարկումը եւ որ «սա միջոցառում է «ծիտիկ» դնելու համար»։ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանի իրավախորհրդատու, փաստաբան Ժորա Խաչատրյանը նկատեց, որ կարող է գրավի արհեստական ընդլայնման խնդիր առաջանա։ Նա ասաց, որ օրենսդիրը չի հասնում եղած իրողությունների հետեւից եւ շատ հաճախ քաղաքացին հայտնվում է ապօրինի վիճակում։ Փաստաբան Լուսինե Սահակյանի կարծիքով, իրականությունն այլ է եւ ներկա դատավորներն էլ գիտեն, որ պետք է քայլ անեն օրենքը կիրառելու ուղղությամբ եւ ոչ թե ուժի մեջ մտած օրենքը նորից փոփոխեն։ Փաստաբան Ռ. Սահակյանը խոստացավ դատավորների անունները տալ այն դեպքում, եթե վստահ լինի, որ նրանք կպատժվեն։ Իրավապաշտպաններից մեկի կարծիքով, ոստիկանությունն իրավունք չունի նախաքննություն անելու եւ կիրառվում է խափանման միջոց, որը «Ոստիկանության մասին» օրենքով նախատեսված չէ։ «Մենք մեր ազգին կալանավորում ենք»,- հոգոց հանելով նկատեց նա։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930